Ոստիկանների համար անցկացվելու են հասարակական կարգի պահպանման դասընթացներ
«Ձեր գնահատմամբ` մարտի 1-ի ժամանակ որքանո՞վ էին արդարացված կոնկրետ իրավապահների վարքագիծը և այն իրավիճակը, որի հետևանքով 10 զոհ եղավ: Հնարավո՞ր էր խուսափել զոհերից»,- այս հարցը այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին տրվեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Մահերին:
«Միացյալ Նահանգների կառավարության գնահատականը այդ դեպքերի վերաբերյալ կարող եք գտնել Պետքարտուղարության մարդու իրավունքների ամենամյա զեկույցում: Այն փաստը, որ 10 զոհ եղավ, սոսկալի ողբերգություն է: Այստեղ հմտությունների կատարելագործումը, ամբոխի կառավարման նոր մեթոդներին ծանոթացումը, համապատասխան ուսուցումը շատ կարևոր են, և բարելավում այս ոլորտում թերևս ամեն տեղ էլ անհրաժշտ է, այդ թվում և Միացյալ Նահանգներում: Պիտսբուրգի դեպքերը կարող եմ նշել Միացյալ Նահանգներից»,- պատասխանեց Ջոն Մահերը:
Միաժամանակ նա ասաց, որ Պիտսբուրգում զոհեր չեն եղել, այլ եղել են վիրավորներ ու ձերբակալվածներ:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ իրավապահ մարմինները օգնության կարգով դիմե՞լ են ԱՄՆ դեսպանատուն, և փորձագիտական որևէ օգնության ցուցաբերվե՞լ է` Ջոն Մահերը նշեց, որ Հայաստանի կառավարության հետ այս հարցերի վերաբերյալ եղել են աշխատանքներ, օրինակ` ընդհանուր խորհրդակցություններ, բայց դեսպանատունը կոնկրետ փորձաքննություններ չի իրականացրել:
Ջոն Մահերի տեղեկացմամբ` ՀՀ կառավարության խնդրանքով ԱՄՆ դեսպանատունը հովանավորելու է հասարակական կարգի պահպանման դասընթացներ` ոստիկանների համար: Դասընթացներին ներկայացվելու են այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրավապահներին` ցույցերի, հանրահավաքների ժամանակ ցուցարարների կառավարման համար, ինչպես նաև նվազագույն ուժի կիրառման և մարդու իրավունքների առավելագույն ապահովման սկզբունքները, ցույցերի և հանրահավաքների ժամանակ եվրոպական ստանդարտների երաշխավորումը:
«Սա ոստիկանության աշխատանքի դժվարին հատվածներից մեկն է, և ընկերությունը, որը ոստիկանության համար իրականացնելու է այս դասընթացները, շատ փորձառու մասնագետներ ունի, մարդիկ, ովքեր նաև Հյուսիսային Իռլանդիայում են եղել, և կարող են ուսուցանել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են թե խաղաղ հանրահավաքների ժամանակ ամբոխի կառավարման համար, թե նաև այն ժամանակ, երբ ամբոխը անկառավարելի է»,- ասաց Ջոն Մահերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել