HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու ԵԿՄ-ի անդամը մեղադրվում է կեղծարարությամբ խոշոր չափի գումար հափշտակելու մեջ

Գյումրու Երկրապահ կամավորների միության անդամ Ժոռա Աթոյանը խոստովանեց, թե չէր սպասում, որ ինքն էլ կեղծարարի պիտակավորմամբ հայտնվելու է ամբաստանյալի աթոռին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325 հոդվածի 1-ին մասով` խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակում:

Այս գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստն այսօր հետաձգվեց: Ժոռա Աթոյանի փաստաբան Աննա Դավթյանը միջնորդեց դատարանին 10 օր ժամանակ տրամադրել իրեն 4 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու համար, որը դատարանը բավարարեց` հաջորդ նիստը նշանակելով սեպտեմբերի 14-ին:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ամբաստանյալը հույս հայտնեց, որ դատարանում ամեն ինչ «ջրի երես դուրս կգա»: Ինքը նախաքննական մարմիններին հրաժարվել է ցուցմունք տալ, դա պատրաստվում է անել դատարանում: Ժոռա Աթոյանը չի ընդունում իրեն մեղսագրված հանցանքը` համարելով այն կազմակերպված հաշվեհարդար իր անձի նկատմամբ:

Ժոռա Աթոյանը հայտնեց, որ իրեն մեղադրում են զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու նպատակով կատարած կեղծարարության մեջ: Վերջինս, ըստ քրեական գործում տեղ գտած նյութերի, շահադիտական նպատակներով 2005 թ.-ին ձեռք է բերել եւ մինչեւ 2010 թ.-ի դեկտեմբերի 1-ն օգտագործել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին ակնհայտ կեղծ փաստաթղթեր, դրանք ներկայացնելով պաշտպանության նախարարություն սոցիալական ապահովության վարչություն, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, ՀՀ բժշկական փորձագիտական սոցիալական գործակալություն, ՀՀ զինվորական կոմիսարիատ եւ հաշվառվելով որպես զինվորական կենսաթոշակառու այդ հիմքով 2005 թ.-ից 2010թթ. ստանալով կենսաթոշակ խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի 3 մլն 347 հազար 879 դրամ:

Բացի այդ, 09.06. 2005 թ.-ի ՀՀ կառավարության թիվ 947/ն որոշմամբ, որպես անհատույց պետական ֆինանսական աջակցություն  5 մլն 386 հազար դրամ է ստացել 2006թ-ին` խաբեությամբ եւ վստահություն չարաշահելու եղանալով հափշտակելով ընդհանուր առմամբ 8 մլն 733 հազար 879 դրամ:

Ժոռա Աթոյանն ասաց, որ ինքն ունի վկաներ, որոնք կհաստատեն, թե իր ռազմի դաշտում կռված լինելու, թե վիրավորվելու եւ համապատասխան բուժում ստանալու փաստերը:

Ժոռա Աթոյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, կոնտուզիա է ստացել արկի պայթյունից եւ վստահ է, որ դատական նիստերի ընթացքում կապացուցվի իր անմեղությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter