Ամանորյա թանկացումներ. նորից իշխանությունների անզորության մասին
Եվս տասը օր, եւ մենք` հայաստանցիներս, պատեհություն կունենանք վերստին ցուցադրելու ամանորյա առատ սեղաններով հարեւան-բարեկամներին զարմացնելու (ձեռի հետ էլ ոմանց նախանձը շարժելու) մեր ազգային առանձնահատկություններից մեկը: Փույթ չէ, թե ինչ միջոցների, նյարդերի ու զոհողությունների գնով կհաջողվի ծանրաբեռնել տոնական սեղանը, ինչ ջանքեր կպահանջվեն հետո պարտքերը մարելու կամ մի քանի օրվա մեջ մսխած դրամը վերականգնելու համար: Կարեւորը, որ հանկարծ բան չպակասի ուտեստների ու խմիչքների անպարագիծ ցանկից:
Եվ այսպես` Նոր տարուց դեռ շատ առաջ սկսվում է օրեցօր ահագնացող գրոհը խանութների ու շուկաների վրա, որոնք էլ` օգտվելով մարդկանց այդ օրերի բարձր գնողունակությունից եւ, հատկապես, ուրիշից «ետ չմնալու» նրանց վճռականությունից, աստղաբաշխական թվերի են հասցնում անխտիր բոլոր մթերքների, ապրանքների, նույնիսկ սպասարկման ծառայությունների գները: Կարծում եմ` մանրամասնորեն դրանց անդրադառնալն իմաստ չունի, քանի որ բոլորի համար ամեն ինչ հիմնականում պարզ է:
Կբերեմ միայն մեկ օրինակ, որի մասին թերեւս քչերը կարող են իմանալ: Դե, ում մտքով կանցնի, որ թանկացումների վիճակագրությունը չի շրջանցել անգամ Ամանորի հետ բնավ աղերս չունեցող կամ շատ հեռավոր առնչություն ունեցող մի շարք ապրանքատեսակներ, ասենք` արբանյակային ալեհավաքը:
Դժվար է հավատալ, բայց փաստ է, որ 31 հազար դրամ արժողության ալեհավաքն այսօր վաճառվում է արդեն 37 հազար դրամով: Եվ, գիտե՞ք, գնողների պակաս չկա. մարդիկ ուզում են տոնական հեռուստահաղորդումները դիտել եւ իրենց հյուրերին դրանք հրամցնել գունապատկերային ողջ հմայքով:
Այո, գներն անսանձ ու չհիմնավորված կերպով աճում են, իսկ ոլորտի պատասխանատուները փորձում են հանրությանը համոզել, թե ոչինչ առանձնապես տեղի չի ունենում, ամեն ինչ ազատ տնտեսական շուկայի տրամաբանության շրջանակներում է: Լավ, ազատ շուկան հասկացանք, շուկայական հարաբերությունները` նույնպես, բայց չհասկացանք, թե որ տրամաբանության մեջ է տեղավորվում տոներից առաջ մեզանում մշտապես արձանագրվող գնաճը, երբ շուկայական տնտեսության շատ ավելի մեծ փորձ ունեցող երկրներում կատարվում է ճիշտ հակառակը: Ի դեպ, այդպես էր նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի նախասկզբնական փուլում, երբ բենզինի գները ամբողջ աշխարհում նվազում էին, իսկ Հայաստանում բարձրանում էր: Ի՞նչ է այս ամենը նշանակում:
Բանն այն է, որ ի տարբերություն զարգացած երկրներում կիրառվող ուսանելի փորձի, համաձայն որի` շահույթն ապահովվում է բացառապես մեծ շրջանառության հաշվին, ՀՀ-ում առեւտրի գլուխ կանգնած հայրենի «բիրդան աղաները» բարձր պահանջարկի երեւան գալուն պես վազում են միանգամից «երկու նապաստակի» ետեւից` համընթացորեն զարկ տալով թե´ ապրանքաշրջանառությանը, թե´ գնաճին:
Իսկ իշխանությունները որոշակի վերահսկողություն սահմանելու եւ ոչնչով` նույնիսկ ազատ շուկայով չարդարացվող ամենամյա նախատոնական գնաճը զսպելու փոխարեն, ինչպես միշտ, մասնավորապես` սոցիալական ոլորտին վերաբերող շատուշատ հարցերում, անզորություն կամ, որ ավելի վատ է, ինչ-որ մեկի բիզնեսի բարգավաճմանը չվնասելու համար չկամություն են ցուցաբերում` դրանով իսկ տոն տալով Նորին մեծություն ամենաթողությանը:
Նկատենք, որ նույնպիսի ամենաթողություն է տիրում նաեւ հասարակական տրանսպորտում, այդտեղ իշխանական պատկան կառույցները համառորեն չեն ուզում կարգավորել երթուղայինների աշխատանքը` գոնե այնքանով, որ դրանցում կանգնած ուղեւոր չթույլատրվի: Իշխանության` այդօրինակ իրավիճակը հանդուրժելու դրդապատճառը միանգամայն հասկանալի է. հավելյալ ամեն մեկ ուղեւոր հավելյալ եկամուտ է գծատիրոջ գրպանում, հետեւաբար` վերջինիս մշտապես ծառայամտության եւ հաճկատարության ուղեծրում պահելու հավելյալ լծակ:
Հիմա դատեք ինքներդ. այն իշխանությունը, որն ի զորու չէ իր երկրի ներսում կարգավորել սոցիալական բնույթի այնպիսի փոքր հարցեր, ինչպիսիք են չարդարացված գնաճի կանխումն ու միկրոավտոբուսներում, դեղորայքի շուկայում եւ այլուր տարրական կարգուկանոնի հաստատումը, արդյոք կարո՞ղ է հայանպաստ լուծում տալ Արցախի` միջազգային հնչեղության հիմնախնդրին կամ տեսանելի ու անտեսանելի ծուղակներ ունեցող հայ-թուրքական թնջուկին:
Գևորգ Լալայան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել