
Հայաստան Ծառատունկ Ծրագիրը («Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ), համագործակցելով ՀՀ կառավարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ (ԲՀՀ), իրականացնում է աննախադեպ լայնամասշտաբ անտառտնկման ծրագիր Լոռվա մարզի Ջրաշեն և Ծաղկաբեր համայնքներում:
Ծրագրի մամլո ծառայության փոխանցմամբ` «Հարավային Կովկասում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացում անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ երմանիայի, Կովկասի և Հայաստանի մասնաճյուղեր), Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների («Հայանտառ» ՊՈԱԿ), «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի, Ջրաշեն և Ծաղկաբեր համայնքների վարչական տարածքների համագործակցության արդյունքում:
Ծրագիրը ֆինանսավորվում է գերմանական KfW բանկի կողմից` կլիմայի փոփոխության միջազգային նախաձեռնության շրջանակներում:
Ծրագիրը սկիզբ է առել 2008 թվականի վերջին, և մինչ օրս վերոհիշյալ ծրագրի շրջանակներում, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամը տնկել է մեկ միլիոն տնկի: Սա տնկիների մի աննախադեպ թիվ է, որը կազմակերպությունը տնկել է մեկ տարվա ընթացքում: Անտառտնկման գոտին զբաղեցնում է Լոռվա մարզի 400 հա անտառազուրկ տարածքը, որը հեռու չէ Սպիտակ քաղաքից:
«Կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում ամբողջ աշխարհում, և Հայաստանը բացառություն չէ: Մենք ակնկալում ենք, որ կկարողանանք պայքարել ընդդեմ կլիմայի փոփոխության անցանկալի հետևանքների Հայաստանի այն տարածաշրջաններում, որոնք առավել խոցելի են: Անտառատունկը, թերևս, այս նպատակին հասնելու լավագույն լուծումներից մեկն է»- նշեց «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մհեր Սադոյանը:
Ծրագրի իրականացման համար նախատեսված տնկիները բերվել են Հայաստան Ծառատունկ Ծրագրի Մարգահովիտ համայնքի Միրաք տնկարանից, ինչպես նաև Գետիկի ավազանի գյուղերի տնամերձ տնկարաններից: Այս նորաստեղծ անտառը կազմված է կաղնու, սոճու, հացենու, թխկենու տնկիներից, որոնք բնորոշ են այս տարածաշրջանի համար:
Հայաստան Ծառատունկ Ծրագիրը պատիվ ունի համագործակցելու գերմանական KfW բանկի և ԲՀՀ-ի հետ: Համատեղ ուժերով մենք պայքարում ենք կլիմայի փոփոխության դեմ և ստեղծում կանաչ ապագա գալիք սերնդի համար»,- շեշտեց Մհեր Սադոյանը:
Սկսած 1994 թվականից` Հայաստան Ծառատունկ Ծրագիրը տնկել է ավելի քան 3,500,000 ծառ Հայաստանի 800-ից ավելի վայրերում, և հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվել կարիքավոր համայնքների համար: Կազմակերպության երեք կարևորագույն նպատակներն են` ծառատունկը, համայնքի զարգացումը և աղքատության կրճատումը, բնապահպանական կրթությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել