«Անկարան անկեղծ չէ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ իր հայտարարություններում»
Հայաստանի Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հայ-թուրքական միջպետական արձանագրությունների ստորագրումից (հոկտեմբերի 10-ից) անցել է 2 ամիս, սակայն արձանագրությունների վավերացման ուղղությամբ դեռեւս էական տեղաշարժեր չեն նկատվում: Թուրքական կողմը ձգձգում է արձանագրությունների վավերացումը` շարունակաբար փորձելով այս գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Նման քաղաքականությունից օգտվում է Ադրբեջանը` կոշտացնելով իր դիրքորոշումը եւ ռազմաշունչ հայտարարություններով փորձում շարունակել սպառնալիքների իր քաղաքականությունը:
Ժամանակին Հայաստանի իշխանությունները ջանքեր չխնայեցին համայն հայությանը բացատրելու Արձանագրությունների վավերացման գործընթացի կարեւորությունը` այլընտրանքային, տարանցիկ ճանապարհ ունենալու, երկրի տնտեսական զարգացման, տարածաշրջանում քաղաքական դիրքերի ամրապնդման առնչությամբ: Պակաս ծանրակշիռ չէր նաեւ այն պատճառաբանությունը, որ վերջիվերջո Հայաստանը պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի իր հարեւանի` Թուրքիայի հետ եւ երկխոսություն վարի հավասարի դիրքերից:
Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության կարծիքով, ստեղծված պայմաններում, երբ Թուրքիան տարբեր մակարդակներով շարունակաբար հնչեցնում է նախապայմաններ, պաշտոնական Երեւանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը եւ առաջադրի իր պայմանները:
Արձանագրությունների ստորագրումից հետո տարածաշրջանում ստեղծված միջազգային քաղաքական ներկա իրավիճակը բավականին նպաստավոր է Հայաստանի համար եւ, կարծում ենք, որ այս պայմաններում պետք է գնալ քաղաքական տոնի եւ դիրքի կոշտացման ճանապարհով: Թուրքական կողմի փորձերը Արձանագրությունների հարցը կապել ղարաբաղյան խնդրի հետ, միանշանակ կերպով ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարան անկեղծ չէ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ իր հայտարարություններում եւ փորձում է խափանել Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման գործընթացը:
Հայաստանը պարտավոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջեւ բնականոն հարաբերությունների հաստատումը միայն կնպաստի տարածաշրջանում քաղաքական կլիմայի բարելավմանը եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծմանը: Ցեղասպանության ճանաչման խնդրում Հայաստանը պետք է ակտիվացնի իր քաղաքականությունը եւ միջազգային ատյաններում շարունակաբար բարձրացնի Ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ դատապարտի Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
Նախաձեռնողական քաղաքականություն վարելու համար Հայաստանի իշխանությունները պետք է անդամակցեն մի շարք կոնվենցիաների, մասնավորապես ՄԱԿ- ի հայտնի` «Ծով ելք չունեցող տարանցիկ առեւտրի կոնվենցիային», որի անդամ է նաեւ Թուրքիան: Միջազգային այս փաստաթղթին անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է պահանջել, որ իր հարեւան երկրները հնարավորինս լավագույն պայմանները ստեղծեն տարանցիկ փոխադրումների համար: ՄԱԿ-ի կողմից ճանաչված այս Կոնվեցիային միանալով` Հայաստանը լրացուցիչ լծակներ ձեռք կբերի:
Արմենական-ՌԱԿ-ը կոչ է անում իշխանություններին նախաձեռնողական եւ ակտիվ քաղաքականություն վարել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման հարցում: Եկել է պահը, երբ նախկին պաշտպանվողական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխարինի նախաձեռնողական դիրքորոշումներով եւ կոշտացնի իր մոտեցումները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել