Սպանության հանգամանքները պարզվել են
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կնոջ սպանության հանգամանքները: Ինչպես ԱՊԱ-ին հաղորդել է ՊՆ մամուլի ծառայության պետ, գնդապետ-լեյտենանտ էլդար Սաբիրօղլուն, սպանվածը` Սադագաթ Փաշա Մամեդովան, դեկտեմբերի 20-ի առավոտյան դեռևս անհայտ պատճառներով մուտք է գործել պաշտպանության գոտի և սպանվել ադրբեջանցի զինծառայողի կողմից:

Նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ կրակ բացած զինծառայողը ձերբակալվել է, փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացվում:
ԼՂՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին
ԼՂՀ արտգործնախարարությունը նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուին դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հաղորդել են, որ նամակում, մասնավորապես, նշվում է, որ դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ, ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցներից սպանվել է մի կին, որը շարժվում էր ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական պահակակետի ուղղությամբ:
«Սա առաջին դեպքը չէ, երբ տեղի բնակիչները, որոնք բռնի բնակեցվում են սահմանամերձ գոտում և շահագործվում ռազմական նպատակներով, անտանելի պայմանների հետևանքով փորձում են անցնել ղարաբաղյան կողմ»,- ասվում է նամակում:
ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ նշված միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մինչդեռ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները փորձել են հնարավոր ամեն ինչ ձեռնարկել տարեց կնոջ ողբերգական մահը կանխելու համար:
Նամակի պատճենն ուղարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին և Ռոբերտ Բրադկեին:
Հայկական ծագումով թուրքերի ծպտյալ կյանքը
«Նրանց ընդհանրությունը դեռևս վախի և տագնապի զգացումով գոյատևելն է»
Այդ մասին «Սաբահի» դեկտեմբերի 16-ի համարում գրել է թերթի հեղինակներից Էմրե Աքոզը: Հոդվածը մեկնաբանության կարիք է զգում: Պարզապես ասենք, որ հեղինակը, անդրադառնալով մահմեդականացված հայերի կյանքին, ակամա լրացնում է Ցեղասպանության մասին մեր գիտելիքները, որովհետև այդ հայերը նույնպես Մեծ եղեռնի զոհերն են:
Թեև մահից փրկվել են, բայց այս անգամ էլ հարազատների և ազգային միջավայրի հետ կորցրել են ինքնությունը: Ավելին, որքան էլ թուրքացած լինեն, թուրքական իրականության մեջ նրանց ստվերի պես հետապնդում է վախի և տագնապի զգացումը:
Հոդվածագիր Աքոզը ցեղասպանություն բառը չի օգտագործում, որքան էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը սպառի թուրքական ժխտողականության դիրքերը:
Սակայն նա, գրելով, թե թուրքացած հայերից շատ քչերն են կարողանում առերեսվել ճշմարտության հետ, ակամա մեզ տալիս է հետևյալ հարցադրումն անելու հնարավորություն. «Եթե թուրքական իրականության մեջ նույնիսկ թուրքական հայը չի կարողանում առերեսվել հայկական անցյալի հետ, ապա Թուրքիան ինչպե՞ս է առերեսվելու, երբ խնդրո առարկան նրա սեփական պատմությունն է»:
Փորձում են չբարձրացնել սակագինը
Ըստ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` «ռուսական կողմն արդեն հայտարարել է գազի գինը, և այս պահին ընթանում են հաշվարկներ, թե դա ինչ ազդեցություն կունենա ամբողջ էներգահամակարգի, այդ թվում և էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Իհարկե, ամեն ինչ անելու ենք, որ հնարավորության սահմաններում պահպանենք գործող սակագինը: Այսինքն` թույլ չտանք, որ տեղի ունենա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում:
Ինչքանով դա կհաջողվի, դեռևս շուտ է ասել: Կարծում եմ` մենք կգտնենք ճանապարհները: Ամեն դեպքում, հանրապետության նախագահի կողմից խնդիրն այդպես է ձևակերպված, և մենք փորձում ենք այն իրականացնել»:
Ո՞ւմ կենսամակարդակի մասին է խոսքը
«Բնականաբար, պետք է հատկապես նշենք, որ կենսամակարդակը կարողացանք պահպանել»,- ամփոփելով 2009 թվականը` հայտարարել է Գալուստ Սահակյանը:
«ՉԻ» - Հետաքրքիր է` ո՞ւմ կենսամակարդակի մասին է խոսում Գալուստ Սահակյանը: Եթե խոսում է իշխանությունների կենսամակարդակի մասին, նա, իհարկե, իրավացի է: Ավելին` 2009-ին նրանց կենսամակարդակը նույնիսկ աճել է: Բայց հայտարարել, թե ժողովրդի կենսամակարդակը պահպանվել է, կներեք, մի քիչ շատ է նույնիսկ Գալուստ Սահակյանի համար: Ժողովուրդը, համենայնդեպս, բոլորովին այլ կարծիքի է, և պարոն Սահակյանը ինքը շատ լավ գիտի դա:
Բայց մի ուրիշ խնդիր էլ կա: Ինչպե՞ս կարող է երկրի տնտեսությունը 16 % անկում արձանագրել և միաժամանակ պահպանել կենսամակարդակը: Տեսականորեն դա, իհարկե, հնարավոր է, բայց այդ դեպքում ստացվում է, որ 2008-ին, երբ տնտեսությունը 16 %-ով ավելի հզոր էր, ժողովրդի կենսամակարդակը ճիշտ այնպիսինն էր, ինչպիսին հիմա է:
Հարց է ծագում` այդ դեպքում բա ո՞ւմ գրպանն էր լցվում այդ հավելյալ 16 տոկոսը: Այնպես որ, նման հայտարարություններ անելուց առաջ պետք է մտածել:
Մարիամի մեղարդանքը կկարճվի

Թերթի տեղեկություններով` քննիչները մտադիր են կարճել Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը` «Զրպարտությունը»: Վերջերս Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցի գործի քննությունը Էրեբունու քննչական վարչությունից տեղափոխվել է Երևանի գլխավոր քննչական վարչություն, որտեղ այն բոլորովին այլ ուղղությամբ է ընթանում:
Հնարավոր է, որ իրավապահներն այս անգամ սկզբունքային մոտեցում ցուցաբերեն և մեղադրանք առաջադրենք ուսուցիչ Լևոն Ավագյանին, որին հատուկ դպրոցի սաներից շատերը մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ:
«Հրապարակի» տեղեկություններով` քննիչներն ամեն ինչ անում են Մարիամին առաջադրված խայտառակ մեղադրանքը մինչև տարեվերջ վերացնելու համար: Թե որն է այս շտապողականության պատճառը, պարզ չէ: Հավանաբար հրահանգը ամենաբարձր օղակներից է:
Թալան
Այս տարվա ավարտը Հայաստանում գործող տոնավաճառներում առևտուր իրականացնող մարդկանց համար նշանակալից է դառնում: Երևանի «ոսկու շակայում» հարկայինը շաբաթ-կիրակի օրերին «ռեյդ» էր իրականացրել:
Պարզվում է` մոտավորապես նման իրավիճակ է եղել նաև «Տաշիրում»: Հարկայինը, սպառնալիքների օգնությամբ, սկսել է 100 հազարական դրամով տուգանել առևտրականներին` առանց որևէ խախտում գտնելու: Երեկ տեղեկություններ ստացվեցին Մալաթիայի գյուղմթերքի շուկայից` «բիրիքնոցից»:
Բեռնատարներից արևադարձային մրգեր, կարտոֆիլ, կաղամբ վաճառողներից շուկայի ղեկավարությունը լրացուցիչ գումար է պահանջել: Բացի արդեն գործող օրական 5000-ական դրամից`առևտրականները ստիպված են լինելու ևս 100 հազար դրամ վճարել: Առևտրականներին հայտել են, որ այդ լրացուցիչ գումարը 1 ամսվա համար է:
Գնահատական
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի` դեկտեմբերի 17-ին գաղտնազերծված զեկույցի վերաբերյալ երեկ պաշտոնական հաղորդագրություն է տարածել ԵԽԽՎ մամուլի ծառայությունը:
Երեկ արդեն պաշտոնապես է հայտարարվել, որ Նիկոյանի հանձնաժողովի` Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում գնահատում են որպես միակողմանի և կողմնակալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել