HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Այս ամանորի ծրագիրը նախորդներից կտարբերվի տոնածառի ձևավորմամբ և լույսերի առատությամբ

23-22-TonacarԵրևանի տոնական ձևավորումների ծախսերը հոգացել են բարերարները Երևան քաղաքի տոնական ձևավորումների ավարտման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ին է, բայց արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ է: Ինչպես «Հետքին» տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մնում են մի քանի ատրիբուտներ: Տոնական ծրագրի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 25-ին` ժամը 18.00, երբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կվառի գլխավոր տոնածառի լույսերը: Այնուհետև ամբողջ քաղաքը կլուսավորվի տոնական գույներով և ձևավորմամբ: Դեկտեմբերի 31-ին` 21:00-ից մինչև 01:00-ն, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի դիսկոտեկ Ձյունանուշ, Ձմեռ պապ-դիջեյների մասնակցությամբ, իսկ ժամը 00:00-ին քաղաքի 15 տարբեր վայրից հրավառությամբ կլուսավորվի Երևանը: Հունվարի 1-ից 12-ը Հանրապետության հրապարակում կազմակերպվելու են մանկական միջոցառումներ, շոուներ, տեղադրվելու են հեքիաթային տնակներ, որոնց հյուրերն են լինելու Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Հունվարի 13-ին` ժամը 22:00-ից մինչև 1:00-ն, նախատեսված է տոնական համերգ` հայտնի երգիչների ու համույթների մասնակցությամբ, իսկ հաջորդ օրվա սկզբին` 00:00-ին, կկազմակերպվի հրավառություն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ պետբյուջեից տոնական ծրագրի իրականացման համար ծախսեր չեն նախատեսված. ծրագրի բյուջեն գոյացել է միայն բարեգործների նվիրատվության և նրանց հետ համագործակցության շնորհիվ: Մեզ չասացին, թե ովքեր են ձեռներեցները, և որքան գումար են հատկացրել նրանք: Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքային ժամերը կերկարացվեն մինչև հունվարի 1-ը` ժամը 1:00-ը: Նախատեսված են նաև տոնական նվերներ մանկապարտեզների բոլոր երեխաների համար: Քաղաքապետարանից հավաստիացրին, որ այս ամանորի ծրագիրը նախորդներից կտարբերվի տոնածառի ձևավորմամբ ու լույսերի առատությամբ: Գլխավոր տոնածառը ձևավորելու համար հրավիրվել են ռուս մասնագետներ: Եթե նախորդ տարի գլխավոր տոնածառն ունեցել է մոտ 300 խաղալիք, ապա այս տարի տոնածառը կզարդարի 4128 խաղալիք և 31200 լուսադիոտային լամպ: Լուսավորության համար առաջին անգամ կիրառվելու է վիդեոանիմացիա: «Սա նորություն է ոչ միայն Հայաստանում. ԱՊՀ-ում այդպիսի տոնածառ տեղադրված է միայն Մոսկվայում` կառավարության շենքի դիմաց: Փողոցային լուսավորությունը ևս կլինի անակնկալ` իր ծավալով և ձևավորման նորությամբ»,- ասացին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այս ծախսերը ևս հոգացել են բարերարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter