HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դաշնակցությունն իր բոլոր քայլերը համաձայնեցնում է իշխանության հետ»

04_12-L-Zurabyan«Ինձ ուրախացնում է, որ հեռուստատեսություններից էլի համարյա մարդ չի եկել, սա նշանակում է, որ նրանք վախենում են: Իսկ Հ1-ի վերահսկողությունն այնքան լավ է, որ նրանք եկել են»,- այսպես սկսեց իր ասուլիսը  ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Վերջինը ներկայացրեց ԵԽԽՎ-ի հանձնաժողովի զեկույցից որոշ հատվածներ. «Քաղաքական ճգնաժամի պատճառների նման միակողմանի տեսակետը, իշխանությունների նկատմամբ քննադատության ապշեցուցիչ բացակայությունը, ինչպես նաեւ բեւեռված քաղաքական մթնոլորտի համար մեղավորությունը բացառապես ընդդիմությանը, մասնավորապես` Լեւոն Տեր-Պետրոսյանին վերագրելը, ցավալի է, քանի որ դա խարխլում է  հանձնժողովի զեկույցի  արժանահավատությունը: Միեւնույն ժամանակ զեկույցի առաջարկություններից պարզ է , որ իրականում հանձնաժողովը կատարել է ճգնաժամն առաջացրած պատճառների շատ ավելի հավասարակշռված վերլուծություն, քան այն, ինչ հարկ է համարել հրապարակել իր զեկույցում»: Այս զեկույցի վերաբերյալ վերաբերյալ ՀԱԿ-ն ունի նաեւ իր հայտարարությունը, որից մի հատված ներկայացրեց Լ. Զուրաբյանը. «Զեկույցն, ըստ էության, արձանագրում է, որ Նիկոյանի հանձնաժողովը ցուցաբերել է միակողմանի մոտեցում` մեկնաբանելով գործողությունները իշխանության տեսանկյունից: Ըստ նշված հայտարարության` պարտակվել են Մարտի 1-ի իրական դեպքերը: Դիտավորյալ աղավաղվել են իրական փաստերը, եւ Նիկոյանի հանձնաժողովն արժանի է ՀԱԿ-ի կողմից տրված «պարտակման հանձնաժողովի» որակմանը: Իշխանությունների այն պնդումը, թե Մարտի 1-ի էջը փակված է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ըստ ԵԽԽՎ-ի` այդ գործը փակելը հավասարազոր է սպանությունների գործը պարտակելուն»: Լ. Զուրաբյանի խոսքերով` ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանին կներկայացվեն սպանվածների իրավահաջորդների բողոքները, կտեղեկացվեն իրավապահ մարմինների անգործության մասին, մոնիտորինգային մարմիններին կներկայացվի   նաեւ փաստահավաք խմբի  նոր տվյալները: Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի դատավարության գործով մեղադրող կողմից նրան 8 տարով ազատազրկելու մասին պահանջը, Լ. Զուրաբյանն ասաց. «Բոլորն էլ գիտեն` ով է Փիլոյանը: Նա պրոֆեսիոնալ դատախազ չէ, նա մսագործ է: Ասեմ, որ նրանք, ովքեր մասնակցում են այս գործին, բոլորը դահիճներ են: Հնարավոր է` նրանք նաեւ կախաղան պահանջեն, ուղղակի քրեական օրենսգրքով նման բան նախատեսված չէ` ի ցավ Փիլոյանի»: Սա, ըստ նրա,  նախ հոգեբանական ազդեցության փորձ է: «Անգամ եթե կայացնեն այդ որոշումը, դեռ ոչ մի բան չի փոխում: Մինչեւ վճիռը օրենքի ուժ չստանա, դեռ ոչ մի բան փոխել չեն կարող: Նիլոլ Փաշինյանը  մասնակցելու է  ընտրություններին»: Դաշնակցություն կուսակցության մասին Լ. Զուրաբյանն ասաց. «Մենք տեղեկություններ ունենք, որ 3 դաշնակցականներ երեկ հանդիպել են ՍԴ-ում Գագիկ Հարությունյանին` Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը: Պետք է ասեմ, որ Դաշնակցություն կուսակցությունը համաձայնեցնում է իր բոլոր քայլերը իշխանության հետ»: Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ հանրահավաքներին. «Հանրահավաքները նորից կսկսվեն, բայց կոնկրետ օր չեմ կարող ասել: Իշխանությունների երազանքն էր, որ Մարտի 1-ի էջը փակված լինի, եւ կարծում էին, որ Նիկոյանի ելույթից հետո այդ էջն իրոք կփակվի, բայց այսպիսի հրեշավոր հանցագործությունը չի կարող փակվել այնքան ժամանակ, քանի դեռ իրական մեղավորները բացահայտված չեն»: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter