HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Այսօր գյումրեցի անօթեւաններն այդպես էլ իրենց բնակարանները չտեսան

«10 օր է ստեղ ասֆալտ ենք անում, չնայած սկզբում չէինք համաձայնվել,դե ցեխին ու ձյանն ինչ ասֆալտ, բայց ասին, ոչ վերեւից հրահանգ կա, պիտի անեք,- պարզաբանում է «Ախուրյան ճանշին» կազմակերպության աշխատակիցը,-25 հազար քմ ասֆալտ ենք արել, բայց էս հեչ, գարունը նորից պիտի ասֆալտենք:

23_12-gyumri-2

Էս ուղակի ստիպեցին անենք, որովհետեւ նախագահն էր գալիս: Էս էլ որ քանդել կարկատան են անում,գիշերը ժամը 3-ին արած ասֆալտն է: Դե պարզ է, որ չպիտի պահեր»: Քանի որ այսօր նախատեսված էր երկրի ղեկավարի այցը Գյումրիի Մուշ-2 թաղամասում «Գլենդել հիլզի» կողմից կառուցվող նորակառույց թաղամաս, ապա վաղ առավոտից քաղաքապետարանի ջրցան մեքենաները լծվել էին ասֆալտը ցեխից լվանալու գործին:

23_12-gyumri-3

Հետո պարզվեց, որ թաղամաս տանող փողոցի հենց մեջտեղում բավական մեծ մակերեսով մի հատված ուռել է ու առաջացած թումբը քանդել հավասարեցնելու որոշում կայացվեց: Մինչ այդ, իրենց բնակարանները տեսնելու եւ բանալիները ստանալու նպատակով երեք միկրոավտոբուսով Մուշ-2 հասած բնակիչներին հետ ուղարկեցին, ասելով, որ գնան,ժամը 17-ին գան թատրոնի շենք, բանալիներն այնտեղ են հանձնելու, թեպետ դեկտեմբերի 19-ի բնակարանների վիճակահանության ժամանակ հայտարարվեց, որ բանալիները հանդիսավորապես պիտի հանձնվեն թաղամասում, մարդիկ էլ կկարողանան իրենց բնակարանները տեսնել: Ժամը 11-ից, ժամ ու կես նորակառույց թաղամասի հարեւանությամբ սպասելուց հետո,ի վերջո, ստուգելով յուրաքանչյուր լրագրողի ու օպերատորի ինքնությունը, թույլատրվեց մուտք ունենալ բուն թաղամաս: Իսկ շենք եւ բնակարաններ մտնել արգելված էր, համոզվեցի,երբ ընդհանուր խմբից առանձնանալով մտա ամենամոտ շենքի առաջին իսկ մուտքի, առաջին իսկ պատահած բնակարանը: Ընդամենը մեկ-երկու լուսանկար անել հասցրեցի: Երկու ոստիկան հայտնվելով, խնդրեցին լքել տարածքը: Միայն դուրս գալով ու ավելի առաջանալով նկատեցի,որ ամեն մի շենքի կողքին 2 ոստիկան է կանգնած, իսկ հեռվում երեւացող դուռ ու լուսամուտ չունեցող շենքերի մոտ ոստիկանական մի ամբողջ ջոկատ է հերթապահում, որպեսզի որեւէ մեկը հանկարծ սխալմամբ չհայտնվի այնտեղ:

23_12-gyumri-4

Լրագրողներին հարցազրույց տվեց «Գլենդել հիլզի» գլխավոր տնօրեն Վահե Ամլոյանը: Կրկին նույն հավաստիացումները կապված բնակարանների թվի եւ հանձման ժամկետների հետ: «Հետքի» այն հարցին, թե մարդիկ հրաժարվում են նորակառույցներում բնակարան ստանալուց, որովհետեւ դրանք շատ փոքր են, պ. Ամլոյանն ասաց,որ հարցը պետք է ուղղել քաղաքաշինության նախարարին, քանի որ շենքերի նախագծերը, հետեւաբար նաեւ բնակմակերեսները հաստատվել են նախարարությունում, իսկ իրենք կառուցում են ըստ հաստատված նախագծերի: Երկրի նախագահի, Սերժ Սարգսյանի այցը թաղամաս ընդամենը 15 րոպե տեւեց: Նախագահը եղավ ընտրված շենքերի առաջին հարկերի բնակարաններում: Տպավորություններով լրագրողների հետ Սերժ Սարգսյանը չկիսվեց:

23_12-gyumri-5

Ամենայն հավանականությամբ երկրի նախագահն էլ էր զգացել, որ ոտքի տակ լամինատե հատակը ճկվում է, պատի վրա ոչ թե միագույն ներկ է, այլ մի քանի երանգներ, որը թաց կամ սառած գաջի վրա արած ներկի արդյունք է: Իսկ խոհանոցն ու սանհանգույցն էլ հավանաբար նախորդ գիշեր էին ավարտել, սենյակներում ներկի սուր հոտ էր: Շատ բան հնարավոր չեղավ արձանագրել բնակարաններում, որովհետեւ ոստիկաններն աչալուրջ հսկում էին, սակայն ոչ մի ոստիկան չէր կարող արգելել, որպեսզի լուսանկարվեին ասենք նորակառույց շենքի սյուների պոկված քարերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter