HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևածագցին չի կարողանում վճարել վարկերը

23_12-ArevacagԼոռու մարզի Արևածագ գյուղի գյուղամիջում հավաքված և թղթախաղով զբաղված տղամարդիկ վարկի մասին մեր հարցումներն ընդունեցին կատակով. «Խի խո անխելք չենք, որ վարկ վերունենք»,- ասաց նրանցից մեկն ու բոլորը  ծիծաղեցին: Տղամարդիկ զրույցի բռնվեցին դժվարությամբ. «Հլա էս տղամարդկանց մտիկ արա, չիմ պարապ նստած են, ամենքը մի կես հա հող ունեն, դրանով կարա՞ն իրենց ընտանիքը պահեն: Էս ռայոնի ամենալավ գեղը մերն ա, բայց դե ի՞նչ անենք` չիմ պարապ նստած են»,- ասաց հավաքվածներից Սամվելը: Ուսուցչուհի Ալվարդն էլ, որ անցնում էր գյուղամիջով և հետաքրքրությունից դրդված կանգնել ու հետևում էր մեր զրույցին, գովեց իր գյուղի տղամարդկանց. «Մեր գեղի տղաները շատ աշխատասեր տղաներ են, կարտ էլ են խաղում, աշխատասեր էլ են: Բայց էսօրվա վիճակով ահավոր վարկերի ու պարտքերի տակ են ընկել»: Արևածագցիներն ասացին, որ վարկեր ստացել են տարբեր` «Ֆինկա», «Կամուրջ» բանկերից և «Հայգյուղփոխբանկից»: Սամվել Սարգսյանն ասաց, որ իր վերցրած վարկը փակել, վերջացրել է, «բայց մարդ կա, որ վարկ ա վեկալել, ու կամաց փակում ա»: Հետո արևածագցիները պատմեցին, որ այս տարի Արևածագում հիմնականում կարտոֆիլ են ցանել, հա-ից էլ ստացել են 20-25 տ կարտոֆիլ: «Բոլորի վրա էլ  դատարանի բանն եկել ա, էլի: Տարբեր բանկերով ենք վերցրել»,- կեսկատակ ասաց  Ապո անունով ներկայացած երիտասարդ մի տղամարդ, ու հավելեց, որ ինքն էլ է «լիքը վարկ վերցրել»: «Թենց մարդ չկա գեղըմ` վարկի պարտք չունենա»,- ավելացրեց նա և անդրադարձավ իր վերցրած վարկի չափին. «Ի՜, հա ո՞վ գիտի: Էնա սաղ բանկերում էլ կա, էլի: Կոնկրետ մի 25 հազար դոլար կլինի: Հա, բա վեր եմ կալել, չեմ տվել էլի: Մի 5 տարի կլի, որ վարկ վերունելու գործը սկսել ա: Էն ա տնքանդ բանկիցն սկսվեց: Որն ա, տղեք, էդ բանկի անունը»,- հարցրեց նա իր համագյուղացիների: ««Ակբա», «Ակբա» բանկն ա»,- պատասխանեցին հավաքվածները: Ապոն ասաց, որ 25 հազար դոլար «վարկը հողի վրա դրել ու վեր չի կալել», վերցրած վարկից դեռ պարտք է 10 հազար դոլար: Թե ի՞նչ է մտածում և ինչպե՞ս է փակելու մնացած գումարը, Ապոն չգիտի. «Ոչ մի բան է չեմ մտածում, կեղնի կտամ, չեղնի, չենք տա: 7 տոննա կարտոֆիլ եմ ստացել, էդքանը, որ ծախեմ, կարող ա մի 300 հազար դրամ փող հանի: Վարկը վերցնելիս մտածել եմ, որ լավ կլինի, էն էլ լավ չեղավ: Ընտանիքում 6 անձ ենք: Ինձ մնացել ա հողս ու քուլփաթս»: «Միանիտ լոռեցի, որ ասում են, մենք ենք: Ո՞նց կարելի է մեկը մյուսի համար վարկ վերցնի: Գյուղում այդպիսիներն էլ կան: Էս միամտությունը զարմանալի է: Գալ գյուղացուն էդքա՞ն շատ վարկեր տալ: Էդքան բերք մենք չենք ունենում, տվողը շատ մեղավոր ա: Գյուղի 175 ընտանիքներից 150-ը վարկի տակ ա: Բերքի վրա են հույս դրել, ախր բերքի վրա ո՞նց կարելի է հույս դնել: Մեր գեղացի Սուքիասյան Վիտալիի կոմբայնը դաշտում, որ պետք ա իրա արտը հնձեր, լրիվ դաշտի ցորենը կարկուտը տարավ: Էն մարդը ինչո՞վ կարող էր վարկը փակել, վնասի փոխհատուցում չտվեցին»,- ավելացրեց ուսուցչուհի Ալվարդ Մոսինյանը: 13_12-A-AbrahamyanԶրույցին խառնվեց գյուղի տարեց բնակիչներից Աշոտ Աբրահամյանը. «Աշխատում ենք, աշխատում ենք, կարկուտը գալիս ա, մի 5 րոպեում սրբում, գնում: Դե, ապրիր, գյուղացի: Էլ ոչ արտ ա թողում, ոչ դաշտ ա թողում: Ասում եք` էդ վիճակում ինչի՞ եք վարկ վերունում: Բա ի՞նչ անի, տեղը նեղ ա, վարկը վեր ա ունում, բալքիմ մի կերպ մի հնար անի` կարենա ապրի: Հակակարկտային կայանից եք խոսում, ո՞ւր ա, դրի՞ն»: «Այ տա, ուրիշ տեղ ճամփեն ասֆալտ էլ են անում, մեր ճանփեն ա՞նըմ են: Շատ ենք կտրված,- հակադարձեց Սամվելը: - Մեր գեղը մի հատ թափով մարդ պտի գար, դու որ եկել ես ի՞նչ տես անիլ, թափով մարդ պտի գար, որ ես նրան ամեն ինչ ասեմ ու ճամփու դնեմ: Էն մենձերից, որ գրիգները տելեվիզրով մեզ խաբըմ են: Վարչապետ կա, բան կա, դրանցից մինը գա ըստի, ես նրանց պատասխանը կտամ ու կղրգեմ»: Իսկ Աշոտ Աբրահամյանը հիշեց պատգամավորներին. «Դեպուտատին, ե՞րբ կլինենք տեհած ստեղ: Մեր դեպուտատը Սուրիկ Պողոսյանն ա: Կալինինոյիցն ա: Դեսն եկած չի: Բայց էսա ընտրությունների վախտն ա գալի, գալ տի էլի»: «Երեխեքին մե-մեն պադարկեք ա ղրգում»,- տեղեկացրեց ուսուցչուհի Ալվարդը: «Այ տա, պադարկեն ի՞նչ ենք անում, է՜: Թող մեզ տերություն անի: Պադարկեն ինչների՞ս ա պետք: Մեզ գյուղնախարարությունն էլ չի պետքը: Ի՞նչ ա անում, ոչ մի բան»- հակադարձեց Ա. Աբրահամյանը: 23_12-A-HovhannisyanԱրևածագում ստեղծված վիճակի մասին զրուցեցինք նաև գյուղապետ Արթուր Հովհաննիսյանի հետ. «Վարկերի մասով շատ վատ է վիճակը: Էս պատմությունն արդեն մի քանի տարի է: Հին վարկը ժամանակը լրանալուն պես գյուղացիները փող են ճարում վարկը մարում, հետո էլի վարկ վերցնում: Այս տարի Արևածագում 1000 տ կարտոֆիլ է արտադրվել, այդքանն էլ չի իրացվել: Իմ տեղեկություններով` 70 վարկատուների բանկերը պատասխանատվության են կանչել: Այս տարի բանկերը հրաժարվել են վարկերը վերավճարելուց: «Հայգյուղփոխբանկն» ավելի շատ գյուղացիներին սնանկացրել է, քան օգնել: Բանկի նշանաբանը «Միասին գնանք բարեկեցության» հակառակ ազդեցությունն է թողել Արևածագում: Օրենքով նրանք 18 տոկոսով են վարկ տալու, բայց իրականում բանկի սահմանած ավանդներով կազմում է 30 տոկոս: Բանկը 1000 դոլարի դիմաց ստիպողաբար գյուղացիներից 245 ԱՄՆ դոլար ավանդ է վերցնում: Աշխարհի ոչ մի բանկում այսպիսի բան չկա: Դրա համար էլ գյուղատնտեսական բիզնեսը մեր երկրում ամենաթույլ բիզնեսն է: Սա կարծես հատուկ քաղաքականություն է գյուղացիներին սնանկացնելու համար»: Գյուղապետը գտնում է, որ Կառավարությունը ստեղծված վիճակում միջոցառումներ պետ է իրականացնի արևածագցիներին աջակցելու համար. «Պետությունը պետք է գյուղացիներից գնի կարտոֆիլը գոնե մի 80 դրամով: Թե չէ հիմա դրսից գալիս են 30 դրամով գյուղացիներից կարտոֆիլ են ուզում: Էս վիճակում ողջ գյուղը պարտքերով է ապրում: Գոնե հնարավորություն տան այդ պարտքերը երկարաձգելու: Եթե դատի արդյունքով մարդկանց վերջին ունեցվածքը տարան, գյուղացին կընկնի ծայրահեղ աղքատության մեջ»: Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ գյուղում շատ մեծ վարկեր են վերցրել 5-6 հոգի. «Մարդիկ այդ գումարները չեն վատնել, դրել են գործի մեջ և վնասով են դուրս եկել, կարկուտն էլ իր գործն է արել»: 23_12-V-SuqiasyanԱրևածագում հանդիպեցինք ամենաշատ վարկ վրցրած ֆերմեր Վիտալի Սուքիասյանին, ով այս տարի 50 հա հող է մշակել. «Վարկս 2007 թ.-ին եմ վերցրել` 30 հազար դոլար: Վերցրել եմ «Ակբա» բանկից: Իմ վերցրածը դա է, բայց ժողովուրդ կա, որ մոտս աշխատում են, նրանք էլ քարտեր են վերցրել, աշխատավարձն էլ նրանց չեմ կարողանում վճարեմ, կուտակվել է տենց: Այսինքն` նրանց պատասխանատվությունն էլ է իմ վրա: Շուրջ 20 հազար դոլար ես նրանց չեմ կարողանում աշխատավարձի վճարումներ կատարել, որպեսզի այդ մարդիկ էլ վճարեն իրենց վարկերը: Պարտքերս կազմում է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար»: Վիտալին նաև ասաց, որ 11 տարի շարունակ ինքը վարկ է վերցնում, սկզբից քիչ է վերցրել ու ժամանակին մարել. «Էս պահին իրանք էլ չեն մեղավոր: Դե, նա տվել ա, որ գործ անեմ, բայց, դե, կարտոֆիլը չի իրացվում: Չեմ կարողանում վաճառել: Ունեմ 350 տոննա կարտոֆիլ: Սերմացուն առել եմ թանկ, հիմա կարտոֆիլը 50 դրամով են ուզում»: Հետագա անելիքների մասին Վիտալին ասաց. «Ոչ մի բան չեմ մտածում, ի՞նչ կարող եմ մտածել: Առայժմ բանկը ինձ դատի չի տվել: Ամեն ինչի համաձայն եմ, ինչ բանկն առաջարկի: Կարտոֆիլը վերցնեն, տունս վերցնեն, ինչ ուզում է վերցնեն: Ընտանիքիս մասին մի բան կմտածենք, ես իմ պարտքին գերազանցող միջոցներ ունեմ, դատարանը ինչ կվճռի, էն էլ կանենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter