Ճգնաժամի ազդեցության մեղմացման բյուջե
Այսօր տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի հերթական նիստը, որի օրակարգային հարցերից մեկն էլ ԼՂՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն էր: ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի ներկայացմամբ` 2010-ի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի 56 280,1 մլն դրամ` ներառյալ Հայաստանից ստացվող միջպետական վարկի գումարը` 33 185,8 մլն դրամը, իսկ ծախսերի գծով` 59 920,5 մլն դրամ:
Տնտեսության առաջնային ճյուղին` գյուղատնտեսությանը 2010-ին կուղղվի 2 մլրդ 346 մլն դրամ, ինչն այս տարվա ցուցանիշը գերազանցում է 8 տոկոսով: Նախատեսվող գումարների շրջանակներում, ըստ փոխվարչապետի, առավել մեծ ուշադրություն է դարձվելու բուսաբուծության զարգացմանը եւ մեքենատրակտորային պարկի թարմացմանը, ինչը, ըստ պատասխանատուների, կտրուկ փոփոխություն կմտցնի ոլորտի զարգացման գործում:
Նոր ծրագրեր կլինեն սոցիալական ապահովության ոլորտում, որի համար նախատեսվում է շուրջ 15.6 մլրդ դրամ. ծնելիության խթանման ծրագրով նախատեսված 2-րդ երեխայի ծնունդի կապակցությամբ տրամադրվող 100 հազար դրամ միանվագ գումարի փոխարեն 2010-ից կտրամադրվի 200 հազար դրամ: Այդ նպատակով նախատեսվել է 67 մլն դրամ:
Մեկ այլ նոր ծրագրով արցախյան պատերազմում երկու եւ ավելի զավակ կորցրած ծնողներին մեկ զոհվածի հաշվով ամսական կտրամադրվի 15 հազար դրամ:
Սպարտակ Թեւոսյանը տեղեկացրեց, որ շուրջ 3 մլրդ դրամ ուղղվելու է առողջապահական 30 ծրագրերին, 1 369.9 մլն դրամ` մշակույթի բնագավառին: 90-ից ավելի տոկոսով աճելու է սպորտի ոլորտին ուղղվող գումարը. 100 մլն դրամ կհատկացվի ֆուտբոլի զարգացմանը, ինչպես հանրապետական առաջնությունների անցկացմանը, այնպես էլ Ղարաբաղի թիմի` Հայաստանի առաջնությունում մասնակցությունն ապահովելու համար:
«Եկող տարի կառավարությունը փորձելու է հնարավորինս մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Այդ ամենից ելնելով` կառավարությունը պետք է պետբյուջեի միջոցները ծախսի ճիշտ եւ խնայողաբար»,- եզրափակիչ խոսքում շեշտեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Բյուջեի նախագծի քննարկումն այսօր ընդմիջվեց առնվազն 4 օրով: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունումը նախատեսվում է այս ամսվա վերջին կայանալիք նիստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել