HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի իշխանությունները քննադատության են ենթարկվում հայրենադարձության դիմումների կապակցությամբ

23_12-GeorgiaՏասնյակ հազարավոր թուրք-մեսխեթներ են դիմում վրացական իշխանություններին` հայրենիք վերադառնալու խնդրանքով, սակայն վերջիններս մեղադրվում են նրանց բավարար չափով աջակցություն չտրամադրելու մեջ Վրաստանի կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվում 1944 թվականին Ստալինի հրամանով տեղահանված թուրք-մեսխեթների հայրենադարձության դիմումները քննության առնելու կապակցությամբ: Թուրքալեզու մեսխեթները եղել են այն ժողովորուրդների թվում, որոնք վտարվել են Կովկասից 1943-44 թվականներին` դավաճանության մեղադրանքով, սակայն ի տարբերություն չեչենների, կարաչայների եւ մյուս ազգերի` նրանց այդպես էլ թույլ չեն տվել վերադառնալ հայրենիք: Թուրք-մեսխեթները հիմնականում բնակվել են Ուզբեկստանում մինչեւ 1989թ., երբ տեղացիների հետ տեղի ունեցած էթնիկական բախումների հետեւանքով ստիպված են եղել հեռանալ այստեղից: Նրանցից շատերը հաստատվել են Ադրբեջանում եւ Ռուսաստանի հարավում, որտեղ եւ բնակվում են առ այսօր` չնայած տասը տարի առաջ Վրաստանը խոստացել էր նրանց ետ վերադառնալու թույլտվություն տալ: Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում հաստատված մոտ 10.000 թուրք-մեսխեթները տեղական բնակչության հետ սկսված բախումներից հետո տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սակայն տեղահանված ազգի մեծամասնության դրությունը շարունակում է անորոշ մնալ: Վրաստանի կառավարությունը թուրք-մեսխեթներից հայրենադարձության ավելի քան 70 հազար դիմում է ստացել առ այսօր: Վրաստանում վերաբնակեցվելու համար թուրք-մեսխեթները պետք է գրանցվեն մինչեւ այս տարվա ավարտը, այնուհետեւ նրանց պահանջները կուսումնասիրվեն պետական հատուկ հանձնաժողովի կողմից, որն էլ 4 ամսվա ընթացքում կորոշի` արդյոք նրանք իրավունք ունեն տեղափոխվել Վրաստան: Վրաց ակտիվիստների խոսքերով, սակայն, կառավարությունը շատ քիչ ջանք է գործադրում թուրք-մեսխեթների վերաբնակեցումն ապահովելու համար: Նախկինում վերադարձածների մի մասը, պատմական հայրենիքում այդպես էլ աշխատանք չգտնելով, ստիպված է եղել կրկին լքել այն: «Թուրք-մեսխեթներն աշխատանք չունեն Վրաստանում: Նրանք հող են վարձակալում, սոխ, լոլիկ եւ այլ բանջարեղեն աճեցնում: Սա է մեր ընտանիքի եկամտի միակ աղբյուրը», - պատմում է 7 տարի առաջ Վրաստան տեղափոխված թուրք-մեսխեթ Հեյդար Լատիֆովը: Լատիֆովն ասում է, որ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ իր ընտանիքը սերում է Ադիգենի շրջանի Չեչլա գյուղից, սակայն նրա ընտանիքի 9 անդամները դեռեւս չեն կարողանոււմ Վրաստանի քաղաքացիություն ստանալ: «Դուստրս` Մարիամը, ծնվել է 7 ամիս առաջ Գորիում: Ես ուզում եմ, որ նա մեր իրական վրացական ազգանունը ստանա` Փիփինաձե: Բազմիցս դիմել եմ այս խնդրանքով իշխանություններին, բայց ինձ անընդհատ մերժում են», - դժգոհում է նա: Փորձագետների եւ ակտիվիստների խոսքերով`կառավարության գործադրած ջանքերն ամենեւին էլ բավարար չեն վերադարձող թուրք-մեսխեթների բնակության եւ աշխատանքի վայրի հետ կապված խնդիրները լուծելու համար. բացի այդ, նրանց վերադարձի օրինական հիմքերը նույնպես անորոշ բնույթ են կրում: «Նախեւառաջ, անհրաժեշտ է, որպեսզի նրանց հայրենադարձման ուղղությամբ աշխատողների թիվն ավելանա: Պետք է քիչ թե շատ անկախ կառույց ստեղծել, որը կզբաղվի գործընթացի վերահսկողությամբ: Անհրաժեշտ է նաեւ լուծել բնակեցման, լեզվական եւ մի շարք այլ խնդիրները», - ասում է «Թուրք-մեսխեթների հայրենադարձության աջակցման» միջազգային հիմնադրամի նախագահի օգնական Թեմուր Լոմսաձեն: Վրաստանի Սփյուռքի հարցերով նախարար Յուլոն Գագոշիձեն նշում է, որ պետական հանձնաժողովին բոլոր ճշգրիտ փաստաթղթերը տրամադրելու դեպքում, թուրք-մեսխեթները կարող են վրացական ազգանուններ ստանալ եւ արագացված կարգով քաղաքացիություն ձեռք բերել: Սակայն թուրք-մեսխեթ ակտիվիստները, հաշվի առնելով իրենց տեղահանումից ի վեր պարբերաբար ծագող բարդությունները,  պնդում են, որ շատ դժվար է ներկայացնել այդ փաստաթղթերը: Անհրաժեշտ է ներկայացնել վրացերեն կամ անգլերեն լեզուներով տպված 13 տարբեր փաստաթղթեր, ինչը, սակայն, բարդ է, քանի որ թուրք-մեսխեթների մեծ մասը ռուսերեն է խոսում: Թուրք-մեսխեթական «Վաթան» կազմակերպությունը նշում է, որ փաստաթղթերը հավաքելու վրա ծախսվում է 100-120 դոլար, ինչը չափազանց մեծ գումար է հնարավոր հայրենադարձներից շատերի համար, եւ մի խնդիր, որի ուղղությամբ իշխանությունների խոսքերով` իրենք աշխատում են: «Ես հանդիպել եմ Ադրբեջանում բնակվող թուրք-մեսխեթների: Նրանք շատ աղքատ կյանքով են ապրում, եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի` ծննդյան, ամուսնության, առողջական դրության, բնակության վայրի մասին վկայականների համար պետք է վճարել, իսկ դա քիչ գումար չէ: Սակայն ամենաբարդը 1940-ականներին նրանց տեղահանման փաստը հաստատող արխիվային փաստաթղթեր գտնելն է», - ասում է Գագոշիձեն: Թուրք-մեսխեթների խնդիրները չեն վերջանում նույնսիկ այն դեպքում, երբ նրանք կարողանում են հավաքել բոլոր փաստաթղթերը. պետությունը նրանց կամ նվազագույն ֆինանսական օգնություն կհատկացնի կամ ընդհանրապես կհրաժարվի նման օգնություն տրամադրել: Փաստաբան Պաատա Բելթաձեի խոսքերով` նոր եկածները պետք է ինքնուրույն լուծեն բնակարանի եւ աշխատանքի հետ կապված խնդիրները: «Օրենքի համաձայն` պետությունը պետք է արագացված կարգով նրանց քաղաքացիություն տրամադրի, սակայն ֆինանսական պարտավորություններ այն չի նախատեսում», - ասում է իրավաբանը: Գագոշիձեն նշում է, որ տեղյակ է նոր հայրենադարձների խնդիրներից, սակայն Վրաստանում այնքան խնդիրներ կան Աբխազիայից եւ Հարավային Օսիայից գաղթած փախստականների կապակցությամբ, որ երկիրը պարզապես չի կարող աջակցել թուրք-մեսխեթներին: «Վեց թուրք-մեսխեթական ընտանիք արդեն իսկ ընմիշտ լքել է Վրաստանը` անհրաժեշտ կենսապայմանների բացակայության պատճառով», - ասում է նախարարը: Ակտիվիստներն ասում են, որ մյուսները կարող են նույն ճակատագրին արժանանալ, եթե կառավարությունն ավելի լուրջ չվերաբերվի նրանց նկատմամբ իր ունեցած պարտավորություններին: «Եթե Վրաստանի կառավարությունը ցանկանում է, որպեսզի այս մարդիկ կարողանան ինտեգրվել վրաց հասարակությանը, անհրաժեշտ է վրացերենի դասընթացներ անցկացնել, երկրի տարածքով ճանապարհորդություններ կազմակերպել եւ այլն: Իսկ ամենակարեւորը նրանց ֆինանսական աջակցություն տրամադրելն է` կամ պետության կամ դոնոր կազմակերպությունների հաշվին», - ասում է թուրք-մեսխեթների հարցերով փորձագետ Էկա Մետրեվելին: Այսուհանդերձ, Լատիֆովը չի կորցնում հույսը, որ իր հայրենակիցները կվերադառնան տուն: «Ադրբեջանում հող եւ տուն ունենք, եւ մենք կվաճառենք այդ ամենը, եթե մեզ քաղաքացիություն շնորհեն, վերադարձնեն մեր հին ազգանունները եւ օգնեն բարելավել մեր կենսապայմանները», - ասում է նա: Սակայն դժվար թե թուրք-մեսխեթները կարողանան վերադառնալ Սամցխե-Ջավախքում գտնվող իրենց նախկին տները: Ներկայում Ջավախքում հիմնականում հայեր եւ վրացիներ են ապրում, եւ կառավարությունը կփորձի խուսափել վերադարձողների եւ տեղական բնակչության միջեւ հնարավոր բախումներից: «Չեմ կարծում, որ ճիշտ կլինի բոլոր հայրենադարձներին Ջավախքում բնակեցնելը: Դա կբերի նոր կոմպակտ մեծաքանակ բնակչության ստեղծմանը, տեղական բնակչության հետ բախումներին եւ չի նպաստի թուրք-մեսխեթների`վրաց հասարակությանն ինտեգրվելուն», - ասում է «Տոլերանտ» հ/կ-ի նախագահ Ցիրա Մեսխիշվիլին: «Մեր կազմակերպությունը 5 տարի շարունակ աշխատել է հայրենադարձության խնդրի վրա: Այն աշխատանք է տարել տեղական բնակչության հետ` պատրաստելով նրան թուրք-մեսխեթների վերադարձին: Տեղացիները, սակայն, խիստ բացասական վերաբերմունք ունեն խնդրի նկատմամբ եւ ագրեսիվ են տրամադրված նրանց դեմ: Անհրաժեշտ է խիստ զգույշ լինել թուրք-մեսխեթների վերաբնակեցման հարցում»: Ֆաթի Մամիաշվիլին, Թբիլիսի Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter