HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը դժգոհել է շինաշխատանքների որակից

23_12-president Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում` 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով: Հանրապետության ղեկավարի այցելության առաջին կանգառը եղել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքը. այստեղ նա շրջայց է կատարել «նոր քաղաքի» տարածքում, այցելել կառուցվող բնակելի տներ: Այնուհետեւ Ս. Սարգսյանը եղել է Շիրակամուտ համայնքում, շրջել նորակառույց համայնքային կենտրոնում, զրուցել շիրակամուտցիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները: 23_12-president1Ինչպես հայտնում են նախահագի մամլո ծառայությունից, Շիրակամուտ համայնքում Ս. Սարգսյանն այցելել է նաեւ Վարդեւանյանների բազմանդամ ընտանիքի նորակառույց տուն: Այս ընտանիքին Հանրապետության նախագահը հյուրընկալվել էր նաեւ 2009 թ. հուլիսի 15-ին, երբ նրանք դեռեւս բնակվում էին վագոն-տնակում եւ խոստացել էր հաջորդ անգամ այցելել արդեն բնակարանամուտի առիթով: Թեյի սեղանի շուրջ ծավալված զրույցի ընթացքում Վարդեւանյաններն իրենց երախտագիտության խոսքն են ուղղել երկրի նախագահին` ամանորին ընդառաջ սեփական տունն ունենալու այդքան երկար սպասված երազանքն իրականություն դարձնելու համար: Նախագահ Սարգսյանի այցելության հաջորդ կանգառը եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասը: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել նորակառույց շենքերի բնակարանային պայմաններին, կատարված ներքին հարդարման աշխատանքներին: Սերժ Սարգսյանը դժգոհություն է հայտնել կատարված ներքին շինարարական աշխատանքների որակի վերաբերյալ: 23_12-president2Այնուհետև երկրի ղեկավարը չնախատեսված խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, որին մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը, կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ շենքերի ներքին հարդարման աշխատանքներում նկատելի են զգալի թերություններ, ինչն ուղղակի անթույլատրելի է: Շեշտելով, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու հետ մեկտեղ չպետք է տուժի որակը, Սերժ Սարգսյանն ասել է, որ եղած թերություններն ամբողջովին պետք է վերացվեն: Նախագահը նաեւ նշել է, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման եւ սալօջախների տեղադրման հարցերը: «Մարդկանց նվազագույն բոլոր պայմանները պետք է ապահովվեն, եւ բնակարանները պետք է հարմարավետ լինեն ապրելու համար: Իսկ եղած բաղթողումների հետ կապված կառուցապատող ընկերությունը և համապատասխան պետական գերատեսչությունները պետք է հետևություններ անեն»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Նա հանձնարարել է նաեւ լուծել տարածքի բարեկարգման, կանաչապատման, ենթակառուցվածքների ապահովման հետ կապված խնդիրները: Քաղաքաշինության նախարարության եւ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները խոստացել են, որ նշված աշխատանքները լիովին կավարտվեն, եւ շենքերը բնակության համար պատրաստ կլինեն հաջորդ տարվա մայիսի կեսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter