Ստեփանակերտում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 3 հանցագործություն, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում` 14-ական
«Առաջին հայացքից թվում է, թե Ղարաբաղում կոռուպցիա չկա, սակայն այդ բացասական երեւույթի առկայության մասին վկայում է անցած ժամանակաշրջանում մեր կողմից համատեղ բացահայտած եւ դատարաններ ուղարկած նման բնույթի հանցագործություններով քրեական գործերի շարժը»,- ասել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը` վերջերս դատախազությունում տեղի ունեցած` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված խորհրդաժողովի ժամանակ:
Խորհրդաժողովի ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման տվյալներ: Գլխավոր դատախազի վկայությամբ` վերջին երկու տարիների ընթացքում Ղարաբաղում դրական տեղաշարժեր են արձանագրվել նման հանցագործությունների կանխարգելման եւ դրա դեմ պայքար տանելու ուղղությամբ, սակայն, ըստ նրա, կատարվածը դեռեւս բավարար չէ:
Կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարում հանրապետության իրավապահ մարմինների բոլոր կառույցների համագործակցության և համատեղ աշխատանքի դերը` Արշավիր Ղարամյանը հայտարարեց, որ դատախազությունում իսպառ վերացել է կոռուպցիան: Նույն միտումը ընդգծված նկատվում է նաեւ ոստիկանությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում:
ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն‚ կազմակերպված‚ սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ Վասիլի Վանյանի տեղեկացմամբ` այս տարվա 9 ամսվա ընթացքում ԼՂՀ տարածքում գրանցվել է նման բնույթի 49 հանցագործություն‚ որը կազմում է այդ ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների 11 տոկոսը: Նշված փաստերով հարուցվել է 33 քրեական գործ 29 պաշտոնատար անձի նկատմամբ:
Չնայած նշված բնույթի հանցագործությունների բացահայտմանն ուղղված քայլերին, պարզվում է, որ հանրապետության ոչ բոլոր շրջաններում են հետեւողական աշխատանքներ տարվել, ինչ մասին խոսում են Վասիլի Վանյանի հրապարակած տվյալները. նշված բնույթի գործերով որոշակի դրական առաջընթաց է նկատվում Մարտունու եւ Մարտակերտի շրջանների դատախազությունների աշխատանքում:
Այս շրջաններում գրանցվել է 14-ական կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք‚ որոնց կապակցությամբ Մարտունու շրջանում հարուցվել է 9 քրեական գործ` 8 պաշտոնատար անձի նկատմամբ‚ իսկ Մարտակերտի շրջանում` 3 քրեական գործ` 4 պաշտոնատար անձի նկատմամբ:
Քաշաթաղի շրջանում գրանցվել է 7 կոռուպցիոն բնույթի հանցագործություն‚ հարուցվել է 7 քրեական գործ 7 պաշտոնատար անձի նկատմամբ‚ Հադրութի շրջանում գրանցվել է 5 դեպք‚ 5-ով հարուցվել են քրեական գործեր` նույնքան պաշտոնատար անձի նկատմամբ:
«Մտահոգիչ է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման վիճակը Ստեփանակերտ քաղաքում‚ Ասկերանի‚ Շուշիի եւ Շահումյանի շրջաններում‚ որտեղ գրեթե այդ ուղղությամբ ինքնուրույն ոչինչ չեն ձեռնարկում»,- իր ելույթում շեշտել է դատախազության կոռուպցիոն‚ կազմակերպված‚ սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետը:
Պարզվում է, որ Շահումյանի շրջանում նման բնույթի հանցագործություններ ընդհանրապես չեն գրանցվել‚ իսկ Ստեփանակերտ քաղաքում գրանցվել է 3 հանցագործություն: Ասկերանի եւ Շուշիի շրջաններում գրանցվել ու հարուցվել է երեքական քրեական գործ, համապատասխանաբար, 3 եւ 2 պաշտոնատար անձանց նկատմամբ:
Վերոնշյալ շրջաններում կոռուպցիոն բնույթի հանցագործություների բացահայտման նման ցածր մակարդակը, ինչպես խորհրդաժողովի ընթացքում խոստովանեցին դատախազության պատասխանատուները, խոսում է այդ ուղղությամբ կատարված ոչ բավարար աշխատանքների մասին: Այնինչ, ինչպես իր ելույթի ժամանակ նշեց ԼՂՀ Մարտունու շրջանի դատախազ Մհեր Օհանյանը, չնայած բացահայտված հանցագործությունները շրջանի համար աննախադեպ են, այնուամենայնիվ, դրա համար չեն պահանջվել ինչ-որ առանձնակի ջանքեր, ունակություններ եւ այլն:
«Այն ամենը, ինչ դրա համար անհրաժեշտ է եղել, դա օրենքով դատախազությանը վերապահված պարտականությունների հստակ կատարումն է, ԼՂՀ գլխավոր դատախազի հրամաններին, հանձնարարականներին ու անձնական օրինակին անշեղորեն հետեւելը, պետական մարմինների, հասարակության, քաղաքացիների հետ փոխհարաբերությունները փոխադարձ վստահության ու հարգանքի վրա կառուցելը»,- շեշտել է նա:
Կոռուպցիան, դատախազության կոռուպցիոն‚ կազմակերպված‚ սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ Վասիլի Վանյանի գնահատմամբ` դրսեւորվում է հետեւյալ մակարդակներում` քաղաքական կամ պետական իշխանության չարաշահում‚ որոնց սուբյեկտները բարձրաստիճան պաշտոնատար անձիք են, եւ վարչական կոռուպցիա‚ որը բնորոշ է միջին եւ ստորին օղակի պաշտոնատար անձանց‚ եւ ովքեր ամենօրյա շփումների մեջ են քաղաքացիների հետ: Ընթացիկ տարում հարուցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գերակշռող մասը վերաբերում է 2-րդ մակարդակում դրսեւորվող կոռուպցիոն երեւույթներին:
Դատախազության տվյալներով` 2008թ. գրանցված 74 հանցագործություններից 13-ը վերաբերել է ԼՂՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 309-րդ հոդվածներով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու հանցագործություններին, 3-ը` ԼՂՀ քրեական օրենսգրքի 311-313-րդ հոդվածներով նախատեսված` կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության վերաբերյալ հանցագործություններին: Նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ, 2009թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում նվազել է պետական իշխանության ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը‚ որը կազմել է 60 (2008թ-ին` 62) հանցագործություն‚ որից 7-ը (2008թ-ին` 11) վերաբերել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու հանցագործություններին, 1-ը (2008թ-ին` 1)` կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության վերաբերյալ հանցագործություններին:
Անցած տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2004, 2005. 2006 եւ 2007թթ. համեմատությամբ, 2008թ. եւ 2009թ. զգալիորեն աճել են պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու, անցնելու, կաշառք ստանալու, տալու վերաբերյալ հանցագործությունները:
Այս ամենով հանդերձ, գլխավոր դատախազությունում հույս ունեն, որ իրենց գործունեության արդյունքում պետք է վերանա տարիների ընթացքում մարդկանց մոտ ձեւավորված անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ եւ որոշ մարդկանց շուրջ ստեղծված անպատժելիության պատրանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել