Մարզերում հանրային պաշտպանի ինստիտուտը կայացման խնդիր ունի
Հարցազրույց Ամերիկյան իրավաբանների ընկերակցության քրեական ծրագրի իրավաբան Կիթ Փիթերսոնի հետ
-Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզերում մեծ թիվ են կազմում հանրային պաշտպաններից հրաժարումները, ի՞նչ հնարավոր լուծումներ եք տեսնում իրավիճակը շտկելու ուղղությամբ:
-Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը նախկինում փաստաբաններից հրաժարումների վերաբերյալ ուսումնասիրություն կատարել է Երեւանում, եւ դա որպես խնդիր ճանաչել էին բոլորը, այդ թվում նաեւ Փաստաբանների պալատը: Նույնիսկ գլխավոր քննչական վարչության հետ հանդիպեցինք, որպեսզի համագործակցենք, որովհետեւ բոլորն էլ նշեցին, որ կա նման խնդիր, անկախ նրանից, թե ով է մեղավոր այդ հարցում: Դրանից հետո Երեւանում վիճակը փոխվեց: Մենք, իհարկե, մարզերում նման ուսումնասիրություն իրականացնելու հնարավորություն չենք ունեցել, բայց հիմա մտածում ենք, որ կարելի է նման ծրագիր նախատեսել մեր հաջորդ տարվա աշխատանքային պլանում: Պետք է վեր հանել մարզերում հանրային պաշտպանների գործունեությանը վերաբերող խնդիրները եւ փորձել համատեղ լուծումներ գտնել:
-Չե՞ք կարծում, որ այնպիսի մեխանիզմ պետք է մշակել, որպեսզի հանրային պաշտպանների ներգրավման հարցը քննչական մարմնից կախված չլինի:
-Մենք կարող ենք այդ խնդրը լուծել` «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելով: Նաեւ կարող ենք հ/պ-ի (հանրային պաշտպան) հեռախոսահամարի տարածման արդյունավետ միջոցներ գտնել, քանի որ շատ վայրերում մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ինչպես կապ հաստատեն հ/պ-ի հետ: Կարող ենք նաեւ բուկլետներ պատրաստել եւ տարածել:
- ԱՄՆ-ում, օրինակ, օրենսդրական ի՞նչ մեխանիզմով է կարգավորվում այդ հարցը, որ մարդիկ կարողանան ուղղակիորեն դիմել հանրային պաշտպանի գրասենյակին:
-Ամերիկայում ոստիկանության դիմումի հիման վրա չեն ներգրավում հանրային պաշտպանին, դա ուղղակի ծիծաղելի կլիներ: Մարդիկ հնարավորություն ունեն ուղղակիորեն դիմել հ/պ-ին: Բայց նույն խնդիրը այնտեղ էլ կա, ոստիկանները կարող են այնպես անել, որ մարդիկ պաշտպան չունենան: Քննիչի կողմից հ/պ-ի նշանակելն իմաստ չունի, մարդը նույնիսկ նախքան ձերբակալվելը պետք է հնարավորություն ունենա պաշտպանին դիմելու եւ ասելու, որ իրեն պատրաստվում են ձերբակալել, եւ ինքը պաշտպանության կարիք ունի: Մենք համարում ենք, որ «Փաստաբանության մասին» այս նոր օրենքով այդ խնդիրը ինչ-որ չափով կլուծվի: Այն տարբերակը, որ հիմա ԱԺ-ում է, նման դրույթ ունի, սակայն այդ տարբերակն էլ հստակ չէ ձեւակերպված. այն հնարավորություն է տալիս ե'ւ քննիչի որոշումով հ/պ ներգրավել, ե'ւ ուղղակի դիմումների հիման վրա: Իսկ մարզերում իրավիճակն ավելի բարդ է, այս խնդրի հետ միաժամանակ կան նաեւ այլ խնդիրներ, մարդիկ նաեւ համապատասխան իրավական գիտելիքներ չունեն:
- Ձեր կարծիքով, օրենսդրական փոփոխության առումով ո՞րը կլիներ լավագույն տարբերակը:
- Մարդիկ պետք է ազատ կարողանան դիմել հ/պ-ին եւ մինչեւ մեղադրանք ներկայացնելը եւ մեղադրանք ներկայացնելուց հետո: Սակայն կա մի խնդիր, որին մենք այդպես էլ լուծում չենք կարողանում գտնել. դա անվճարունակության չափորոշիչների հարցն է, թե ովքեր իրավունք ունեն դիմելու հ/պ-ին: Պատճառը մասամբ այն է, որ Հայաստանում դժվար է գնահատել մարդկանց եկամուտները, իսկ մյուսն էլ, թե ինչ բնույթի գործերով պետք է հ/պ-ներ ներգրավվեն: Գործերի տարբեր տեսակներ կան, բայց չգիտենք, թե հ/պ-ները ինչպես պետք է ներգրավվեն: ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի հ/պ գրասենյակի ղեկավարը, որի հետ հիմա մենք համագործակցում ենք, շատ մեծ աշխատանքային փորձ ունի, նա աշխատել է Իսրայելում, Գազայում: Հուսանք, որ նա մեզ կօգնի, որպեսզի այստեղ էլ վարչական խնդիրներին լուծում տանք:
Մյուս խնդիրը, որից ավելի շատ այլ խնդիրներ են առաջանում, դա փաստաբանների էթիկայի հարցն է: Կարող ենք դասընթաց անցկացնել, տեղյակ ենք նաեւ, որ կան շատ համայնքներ, որտեղ առհասարակ հ/պ-ներ չկան: Մեր կազմակերպությունն ունի մի ծրագիր, որով իրավաբանական կլինիկաներ է ուղարկում տարբեր մարզեր, եւ իրավաբանական օգնություն է ցուցաբերվում քաղաքացիներին: Ցավոք, ոչ բոլոր վայրերում շրջիկ կլինիկաներ ուղարկելու հնարավորություն ունենք: Ինչ վերաբերվում է հանրության իրազեկությանը, կարող ենք արդյունավետ ռազմավարություն մշակել, որպեսզի հանրությունը տեղեկացվի հ/պ-ի գործունեության մասին:
Միջազգային փորձը տարբեր երկրներում տարբեր է, իսկ Ամերիկայում անվճարունակության հարցի հստակեցումը հ/պ-ի գրասենյակն է իրականացնում: Բայց պետք է նկատել, որ ԱՄՆ-ում, ի տարբերություն Հայաստանի, ավելի հեշտ է մարդկանց եկամուտները հաշվելը եւ վճարունակության հարցը որոշելը: Բայց Ամերիկան այդ առումով այնքան էլ լավ օրինակ չէ, օրինակ, Տեխաս նահանգում մահապատժի գործով դատավարության ժամանակ պաշտպանը քնել էր: Պետությունն այնքան քիչ էր վճարել, որ նա շահագրգռված չէր եղել իր մասնագիտական պարտքը կատարելու մեջ, իսկ օրինակ, Վիսկոնսինի նահանգում պետք է շատ աղքատ լինես , որ հ/պ ունենաս:
-Մարզերում քննիչները հանրային պաշտպան չհրավիրելու համար նաեւ տեխնիկական պատճառներ են ներկայացնում. ասում են, թե իրենք պետք է օպերատիվ քննություն իրականացնեն, սակայն հարկադրված են գրություն ուղարկելու Երեւան` հ/պ գրասենյակին եւ սպասել, որ նրանք որոշում կայացնեն: Այս առումով ի՞նչ մեթոդ կարելի է կիրառել, որպեսզի օպերատիվության խնդիր այլեւս չառաջանա:
- Սա վարչարարության հարց է, որը կարելի է կազմակերպել: Այդ մեխանիզմը որդեգրվեց, որ կարողանան հսկել հ/պ-ների գործունեությունը` հանրային պաշտպանը որ գործով ուր գնաց ու այդ կերպ կանխել չարաշահումները: Բայց եթե կոռուպցիայի դեպքեր են լինում` պետք է պատժել, չեն կարող համակարգը այնպես կազմակերպել, որ նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը: Կոռուպցիան նվազեցնելու հետեւից ընկած մենք մոռանում ենք այլ ռիսկերը, որ մարդիկ մնում են առանց պաշտպանի:
- Չե՞ք կարծում, որ եթե ոչ մասնագիտական, ապա գոնե էթիկայի առումով մարզերի հանրային պաշտպանների համար դասընթացներ անցկացնելու անհրաժեշտություն կա, միաժամանակ պետք է փաստաբանների նկատմամբ խստացվեն կարգապահական տույժերը: Այս ծրագրի ընթացքում բազմիցս հանդիպեցինք դեպքերի, երբ փաստաբանները 5000 դրամով օրդեր են վաճառում քննիչներին ու դատավորներին:
-Չենք էլ կարող ասել, որ այդ էթիկայի դասընթացը օգուտ կտա, որովհետեւ մարդը կարող է գալ դասընթացին եւ ոչինչ չսերտել: Այդ տեսանկյունից` ԱՄՆ-ի եւ Հայաստանի տարբերությունն այն է, որ մեզ մոտ նույնիսկ ամենափոքր կարգապահական տույժը շատ լուրջ են ընդունում, իսկ այստեղ լուրջ չեն ընդունում, իրենց թվում է, թե ոչինչ էլ չի պատահել: Ամերիկայում, երբ փաստաբանը կարգապահական խախտում է կատարած լինում, հասարակությունը նրան շատ վատ է վերաբերվում: Ամոթ է դա, եւ իր համար էլ լուրջ մասնագիտական հետեւանքներ է ունենում: Այստեղ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ անտարբեր են այդ հարցի նկատմամբ:
Հարցազրույցը` Բելլա Հովհաննիսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել