«Բալեքի» շքերթ
ՀՀ արդարադատության խորհրդի վերջին նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, որոշվել է 10 անունով լրացնել դատավորների թեկնածուների ցուցակը: Ցանկում ընդգրկված դատավոր-թեկնածուների անուններն ինքնին խոսուն են:

Մասնավորապես, պարզվում է` մի շարք հայտնի «զավականեր» դատավոր դառնալու ցանկություն են հայտնել: Այդ ցանկում են ընդգրկված ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` Արտակ Հարությունյանը, ով այժմ դատախազության աշխատակից է, ԱԱԾ տնօրենի տեղակալ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին` Դավիթ Հարությունյանը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի որդին` Արշակ Վարդանյանը:
Վերջին երկուսը ՔԿԾ քննիչներ են եւ ընդգրկված են եղել «Մարտի 1-ի» գործը քննող դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը` Լիլիթ Թադեւոսյանը, «Մարտի 1-ի» գործը քննող քննչական խմբի անդամ Վաղինակ Մկրտչյանը: Իսկ ցուցակի ծաղիկը դատախազ Կորյուն Փիլոյանն է, ով հանրության շրջանում, ոչ լավ իմաստով հայտնի դարձավ «Մարտի 1-ի» քրեկանան գործերի դատերում կեղծ մեղադրանքներ պաշտպանելով:
Քոչարյանը պահվում է պատժախցում
Երկրորդ փախուստը, ըստ էության, հուսահատության նշան էր
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դեկտեմբերի 18-27-ը փախուստի դիմած ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի հետ հանդիպել էր ազատազրկման վայրերի դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Սողոմոնը գտնվում էր մեկուսարանի պատժախցում: Մի ձեռքը ձեռնաշղթա էր հագցված` նրա անվտանգությունից ելնելով: Մոտն անընդհատ հսկողություն է: Ես խնդրեցի, որ հսկիչը դուրս գա, ու զրուցել եմ առանձին: Սողոմոնը հանձնվելիս դիմադրություն է ցույց տվել եւ նրա մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կային: Ի դեպ` այդ բոլոր վնասվածքները գրանցված էին: Գլխին, ձեռքին տեսանելի էին վնասվածքները: Տպավորությունը բավականին ծանր էր: Այդ մարդը լրիվ հուսահատության մեջ է կյանքի նկատմամբ, ապրելու նկատմամբ որեւէ ձգտում, հույս չունի, համարելով, որ շատ դաժան են իրեն դատել: Նա չի հավատում, որ կվերանայեն իր քրեական գործը, պատժաչափը: Ըստ էության, երկրորդ փախուստը հուսահատության նշան էր»,-պատմեց Ա. Իշխանյանը:
«Առավոտի» հարցին` ճի՞շտ էր փախչողներին բերել նույն այն մեկուսարանը, որտեղ իրենց պատճառով ազատել են պետին, անվտանգության պետին, եւս 5 անձանց ու հարուցվել է քրեական գործ նրանց նկատմամբ, իրավապաշտպանն ասաց. «Գուցե սխալ էր այնտեղ տեղափոխելը, բայց Հայաստանում ցմահ դատապարտվածները միայն այդ հիմնարկում են պահվում»:
Ա. Ւշխանյանը մտադիր է անդրադառնալ ցմահ ազատազրկվածների խնդրին, նրանց պատժաչափի համաչափությանը, նշելով անուններ եւ որոշակի քրեական գործեր. «Շատ կարեւոր է, որ Հայաստանում հարցերը դիտվեն քաղաքական տեսանկյունից ու ոչ` իրավական: Օրինակ, Նաիրի եւ Կարեն Հունանյաններին ցմահ պատժաչափ տալը ճիշտ էր, իսկ ահա Աշոտ Կնյազյանի նկատմամբ` սխալ: Դա զուտ քաղաքական հաշվեհարդար էր, թե` տեսեք, ինչ ենք անում: Կանդրադառնանք ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի, Տիգրան Ավետսիյանի, Արսեն Արծրունու գործերին: Վերջերս Ամերիկայում ցմահ ազատազրկվածը արդարացվեց: Դատական տասնյակ սխալներ կան այդ նույն Ամերիկայում, երբ երկրի դատական համակարգը համարվում է կատարյալ: Եթե նրանց մոտ այդպիսին է, մեզ մոտ ինչքան կլինեն սխալները: Մնում է նրանց գործերը վերանայել»:
«32 ատամի» 2-րդ հայցադիմումը «Շանթի» դեմ
«32 ատամ» ժամանցային ծրագիրը երկրորդ հայցադիմումն է պատրաստում «Շանթ» հեռուստաընկերության դեմ: Հիշեցնենք, որ «32 ատամը» դատի էր տվել «Շանթ» հեռուստաընկերությանը պարտքերի պատճառով: Հեռուստաընկերությունը տղաներին չէր վճարել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատավարձը, որը կազմում էր 12 միլիոն դրամ: Ու թեեւ ընկերությունն արդեն աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, սակայն «Շանթը» շարունակում է կրկնել «32 ատամի» նախկին հաղորդումները, ինչի իրավունքը, ըստ ծրագրի տնօրեն Կարեն Բաբաջանյանի, հեռուստաընկերությունը չունի: Վերջինիս կապակցությամբ էլ ընկերությունը պատրաստել է երկրորդ հայցադիմումը: Նշենք, որ աշխատավարձերը չվճարելով, հեռուստաընկերությունը փորձել է պատժել «32»-ին, որը նախօրոք տեղեկացրել էր իր հեռանալու մասին: Ըստ Կարեն Բաբաջանյանի, իրենք փորձել են լքել «Շանթի» եթերը հոկտեմբերին, սակայն վերջինիս խնդրանքով աշխատել են նաեւ նոյեմբեր ամսին: Կարենը մեզ փոխանցեց, որ իրենց լուրեր են հասել, թե «Շանթը» փոշմանել է իր արածից եւ միջոցներ է ձեռք առնում իրենց եթեր վերադարձնելու համար: Բայց «արդեն ուշ է»: Ի դեպ, երեկ մեզ չհաջողվեց լսել Եզեկյանին, նա ողջ օրը կամ խորհրդակցության էր, կամ խիստ զբաղված:
Սահակաշվիլու ադրբեջանական ռեւերանսները
Չնայած Վարստանի ու հատկապես այդ երկրի նախագահի պարագայում լավ չէ Ռուսաստանի մասին նշելը, սակայն ռուսները լավ են ասում, երբ ասում են, թե ամեն մեկը խոսում է իր ցավոտ տեղից: Ու այն, որ ռուսաստանյան լրատվամիջոցին տված հարցազրույցում մտքերի մեծ մասն այդպես էլ անավարտ թողած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չէր կարող Լեռնային Ղարաբաղի հարցով այլ բան ասել, քան հաճելի լինելը Ադրբեջանին, բնավ էլ զարմանալի չէ, քանի որ Վրաստանն ինքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարց ունի, որն ուժով լուծելու նրա փորձը դաս կարող է լինել ողջ Կովկասի համար:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի պետական ինքնիշխանության հարգման հիման վրա», -«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Գոյություն ունի խնդիրների լուծման մեկ բաղադրատոմս` ուղիղ բանակցություններ երկրների միջեւ միջազգային իրավունքի հիման վրա, այդ թվում` իրենց բնակության վայրեր մարդկանց վերադառնալու իրավունքի եւ պետական ինքնիշխանության»,-նշել է, ամենայն հավանականությամբ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդրի լուծումը այդպիսի ցանկություն ունեցող Սաակաշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքերով` ԼՂՀ հարցը բարդ է ու խնդրի գլխավոր բանալին Ռուսաստանն է: «Որպեսզի վիճակը լավանա, երկրները պետք է խոսեն, ժողովուրդները շփվեն, ու այդ առումով բանակցությունները, որ ընթանում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետք է կոորդինացվեն Ադրբեջանի հետ»,- նշել է վրաց նախագահը:
Ընդդեմ դրամի արժեւորման
Երեկ դեկտեմբերի 23-ին , «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 17 միլիոն 658 հազար ԱՄՆ դոլարի առք ու վաճառք` 376.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 376,5 դրամ: Փաստորեն, դեկտեմբերի 22-ի համեմատ, դոլարի փոխարժեքը բարձրացել է 1,5 դրամով: Դժվար է ասել` վերջին երկու օրերին գրանցված 36,7 մլն դոլարի առք ու վաճառքից ո՞ր մասն է բաժին ընկնում Կենտրոնական բանկին, քանի որ շաբաթական մանրամասն տվյալները ԿԲ-ն հրապարակում է երկուշաբթի օրը:
Սակայն դատելով վերջին օրերի զարգացումներից եւ հաշվի առնելով դրամի արժեզրկումը` կարելի է ենթադրել, որ ԿԲ-ն կրկին դոլար է գնել դրամի արժեւորումը կանխելու համար:
Փրկվեք` ով կարող է
«Տնտեսական ճգնաժամը հայ գործարարի հնարամտության ստուգումն է»,- Հայաստանի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«ՉԻ»,- Իմաստուն միտք է: Պատկերացնու՞մ եք` խորտակվող նավի նավապետը հայտարարի, թե «նավաբեկությունը այս անձնակազմի` լողալու հմտության ստուգումն է»: Այսինքն` ով կարող է թող փրկվի: Ի դեպ, ճգնաժամը ցույց տվեց, որ գործարարների մեծ մասը լավ էլ հնարամիտ է: Առավել «շուստրիները» միանգամից կառավարությունից աջակցություն «կպցրեցին», մյուսները պարզապես ամեն ինչ թանկացրեցին եւ վերջ:
Իրականում ճգնաժամը ոչ թե հայ գործարարների այլ Հայաստանի կառավարության «հնարամտության ստուգումն» էր: Կառավարությունը, բնականաբար, ստուգարքը չհանձնեց, եւ դրա լավագույն ապացույցը 16%-անոց անկումն է: Բայց Ս.Սարգսյանը, պատկերացրեք, լիովին իրավունք ուներ փառաբանել գործարարներին: Ավելին` հենց միայն այն փաստը, որ այս կառավարության մեկուկես տարվա գործունեությունից հետո Հայաստանում դեռ գործարարներ կան, արդեն հիացմունքի արժանի է եւ վկայում է հայ գործարարների հիրավի ֆանտաստիկ հնարամտության մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել