
Ամփոփելով ընթացիկ տարին` ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն այսօր «Հայացք» ակումբում ասաց, որ Հայաստանի կողմից որևէ ձեռքբերում չենք կարող արձանագրել:
Հայաստանի տնտեսության վիճակը, ըստ Դ. Շահնազարյանի, ուղղակիորեն դեպի կոլապս է գնում, և խնդիրն այստեղ համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէ: Այն ուղղակի խթանեց, որպեսզի բացահայտվի Հայաստանի իսկական դեմքը: Ըստ նրա` օլիգարխիկ համակարգն այսօր դարձել է Հայաստանի ամենալուրջ սպառնալիքներից մեկը:
«Շարունակվեցվին հալածանքները: Իշխանությունը հերթական անգամ ապացուցեց իր անմարդկային դեմքը: Վերջին ամենավառ ապացույցը Նիկոլ Փաշինյանի գործով մեղադրող կողմի 8 տարի ազատազրկման պահանջն է: Սա դաժանության և անմարդկայնության վառ օրինակ է, որն ուղղակիորեն ապացուցւոմ է, որ իշխանությունը ռեպրեսիվ միջոցներից բացի հասարակության հետ խոսելու որևէ այլ մեթոդ չունի: Ես այստեղ նույնիսկ անձնական քինախնդրություն, մանրախնդրություն եմ տեսնում. իշխանությունների պահվածքը որևէ քաղաքական տրամաբանության չի ենթարկվում»,- ասաց նա:
Դ. Շահնզարյանի կարծիքով` պատգամավորական ընտրությունների ժամանակ իշխանությունները կդնեն կեղծիքների, շանտաժի, բռնությունների իրենց ողջ զինանոցը` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Սակայն ՀԱԿ-ն էլ իր ամբողջ ուժերն է ներդնելու այս գործում:
Անդրադառնալով Կոնգրեսի ձեռքբերումներին` ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ քանի այս իշխանությունը կա, քանի Հայաստանն այս վիճակում է, որևէ բան դժվար է ձեռքբերում համարել: «Բայց Կոնգրեսը 2009-ին կայացավ որպես ամբողջովին համակարգված ընդդիմություն: ՀՀ ապագա իշխանությունն ու ապագա ընդդիմությունն այսօր Կոնգրեսում է»,- ասաց նա` նշելով, որ Կոնգրեսի բացթողումը 2009-ին այն է, որ դեռևս 15 քաղբանտարկյալ կա:
Խոսելով 2009-ի ընթացքում Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին` Դ. Շահնազարյանը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն ավարտված է Թուրքիայի և միջազգային հանրության համար:
«Հայաստանի իշխանությունները հիմա փնտրտուքի մեջ են, թե ինչպես գոնե մասնակիորեն փորձեն մեղմացնել իրենց կատարած սխալների հետևանքները:
Կարծում եմ` մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբում գործընթացներն էլ ավելի կակտիվանան: Եվ այն փաստը, որ եռանախագահողները դեկտեմբերին այցելեցին Բաքու և Երևան չեկան, ուղղակի լրացուցիչ ապացույց է, որ Հայաստանի իշխանությունների հետ հարցեր չունեն»,- ասաց նա:
Իշխանությունների այն հայտարարությունը, որ եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ԱՄՆ-ը ապրիլի 24-ին կճանաչի ցեղասպանությունը, Դ. Շահնազարյանը համարում է ոչ այլ ինչ, քան ինքնախոստովանական ցուցմունք, որ իշխանությունները գնացել են այդպիսի գործարքի` Ցեղասպանության հարցը հարցականի տակ են դրել` հանուն այս արձանագրությունների:
«Թուրքիայի իշխանություններն անկեղծ են եղել առաջին իսկ օրվանից, և մինչև արձանագրությունների ստորագրումը, մինչև դրանց հարապարակումը բազմիցս ասել են, որ առանց ԼՂ հարցում կարգավորման որևէ լուրջ տեղաշարժի սահման չի բացվելու: Հիմա Հայաստանի իշխանությունները հասկացել են դրա լուրջ վտանգը: Ես բացառում եմ, որ Միացյալ Նահանգները ճանաչեն ցեղասպանությունը, և Թուրքիան դա շատ լավ գիտի: ԱՄՆ-ը երբեք չի գնա այնպիսի ռիսկի, որ այս տարածաշրջանում ունենա Իրանից բացի ևս մեկ հակաամերիկյան տրամադրված պետություն»,- ասաց նա:
Դ. Շահնազարյանը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերություններն այս արձանագրությունների վրա չեն հաստատվելու. կազմվելու են նոր արձանագրություններ: «Կարծում եմ` ապագա իշխանությունները Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու հարցը պետք է բարձրացնեն միայն այն բանից հետո, երբ Թուրքիան կհայտարարի, որ ինքը դադարեցրել է թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ: Շրջափակումը, ըստ միջազգային օրենքի, թշնամական գործողություն է»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել