Թիթեռների հերբարիումը և հայաստանյան մամուլը
«Եթե Հայաստանում օրինական իշխանություններ լինեն, Հայաստանում թերթերը կդառնան այնպիսին, ինչպիսին, ասենք, Շվեյցարիայում են: Ես առիթ ունեցել եմ աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներում լինելու ու տեղի թերթերի խմբագիրների հետ հանդիպելու: Ես հարցրել եմ. «Օրինակ` երեկվա համարի ձեր ամենաթոփ տեղեկատվությունը ո՞րն է»:
Մեզ ցույց են տվել այդ երկրի առաջատար թերթը. առաջին էջում ժպտացող տատիկ է նստած, պատին թիթեռների հերբարիում է կպցված: Ասում ենք. «Ի՞նչ է եղել. այս տատիկին սպանե՞լ են: Ի՞նչն է առիթ եղել, որ առաջին էջում է հայտնվել»: «Չէ,- ասում է,- գիտեք, ինքը 60 տարեկանից սկսել է թիթեռներ հավաքել: Հիմա 80 տարեկան է, արդեն ունի 300 հատ թիթեռ»»: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի պաշտոնակատար Հայկ Գևորգյանը: Նրա խոսքերով` այսպիսի հոդվածներ տպագրում են «նորմալ երկրների» թերթերը: Հայկ Գևորգյանը այս օրինակով արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, թե «Հայկական ժամանակը» իրականությունն այնքան գորշ է պատկերում, որ մարդիկ հոդվածները կարդալուց հետո ուզում են լքել Հայաստանը կամ ինքնասպան լինել: «Ես, ճիշտն ասած, Հայաստանից ուզում եմ գնալ այն դեպքում, երբ պատահաբար ձեռքս կպչում է «Հայլուրի» կոճակին»,- ասաց խմբագրի պաշտոնակատարը: Մամուլի ասուլիսին մասնակցում էին հայաստանյան ևս 3 օրաթերթի խմբագիրներ: Նրանք ամփոփում էին 2009 թ.-ի զարգացումները մամուլի դաշտում: Ներկայացնենք խմբագիրների տեսակետները` ըստ ասուլիսի ժամանակ հնչած հերթականության:
Արմինե Օհանյան. «Ես 12-ին հասնում եմ խմբագրություն և սկսում եմ մի քանի ժամ պատասխանել վրդովված զանգերին»
Ըստ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի` 2009 թվականը տպագիր մամուլի համար եղել է այնքան բարդ, որքան վերջին 20 տարին: Խմբագրի խոսքերով` իրենց կենցաղն են դարձել ճնշումները, հետապնդումները, հալածանքները, սպառնալիքները, ծեծը, որոնցից օրաթերթի լրագրողները չեն վախենում: «Հրապարակը» տպագրվում է 1,5 տարի, և 2009 թ. թերթի տպաքանակն աճել է: Արմինե Օհանյանը բացասաբար է վերաբերվում Քաղաքացիական օրենգրքում նախատեսվող փոփոխություններին, որոնք վերաբերում են մամուլին: Նրա համոզմամբ` մամուլի դաշտը հնարավորինս կարգավորված է. մամուլին վերաբերող մի շարք օրենքներ, հոդվածներ կան, և այս դաշտը չունի փոփոխության կարիք: «Եթե Հայաստանի նման չկայացած դատական համակարգ ունեցող երկրում մտցվում է բարոյական վնասի փոխհատուցման հասկացությունը, դա միայն կարող է բացասաբար անդրադառնալ տպագիր մամուլի վրա: Այդ փոփոխությունները իրագործվելուց հետո մենք կարող ենք ունենալ բազում հայցադիմումներ` մեր դեմ ուղղված: Եթե լիներ նորմալ դատական համակարգ, որտեղ վստահ լինեիր, որր դու քո փաստարկները կներկայացնեիր, և դատարանը անաչառ, օբյեկտիվ հետևություններ կաներ այդ փաստարկների հիման վրա, այդ դեպքում կարելի էր հագիստ լինել, որովհետև բարոյական վնասի ինստիտուտը, ի վերջո, կա աշխատում, ընդունված է: Բայց ելնելով այսօրվա իրականությունից` մենք մեծ մտավախություն ունենք` այդ փոփոխությունների հետ կապված»,- ասաց Արմինե Օհանյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք թերթի վրա ճնշումներ եղե՞լ են` կապված հայ-թուրքական վերջին զարգացումների լուսաբանումների հետ` Արմինե Օհանյանն ասաց, որ ճնշումները երբեք կապված չեն լինում արտաքին քաղաքականության խնդիրներին: Ընդ որում, խմբագրի խոսքերով` «Հրապարակի» լրագրողների մեծ մասը ողջունել է հայ-թուրքական վերջին զարգացումները և դրական, նույնիսկ իշխանամետ հոդվածներ է գրել: «Այնպես որ, ճնշումների տեղիք չենք տվել: Այդտեղ համեմատաբար հանդուրժող է մեր իշխանությունը: Այ, երբ ներքին քաղաքական խնդիրներ ենք լուսաբանում, երբ որևէ նախարարի, որևէ օլիգարխի տնտեսական կարողություններին ենք դիպչում, դրանց հետ կապված ինչ-որ մանրամասներ ենք հրապարակում, այդ ժամանակ են լինում ճնշումները»,- ասաց Արմինե Օհանյանը: Նրա խոսքերով` «Հրապարակը» մի քանի ամիս առաջ շատ լուրջ կոնֆլիկտ է ունեցել օլիգարխներից մեկի հետ: Օլիգարխը, որը անունը խմբագիրը չհրապարակեց, տեղի է տվել` տեսնելով, որ լրատվամիջոցը չի ենթարկվում սպառնալիքներին: «Մենք հիմա ունենք բազում դատական հայցեր` մեր դեմ ուղղված: Ունենք սպառնալիքներ, որ «մենք ձեզ էս կանենք, էն կանենք»: Այդպիսի զանգեր լինում են համարյա ամեն օր: Ես 12-ին հասնում եմ խմբագրություն և սկսում եմ մի քանի ժամ պատասխանել այդ վրդովված զանգերին»,- ասաց Արմինե Օհանյանը: Նրան անհանգստացնում է վերջին 1 տարում նկատվող հետևյալ միտումը: Տվյալ հրապարակումից դժգոհ անձը հերքում է պահանջում թերթից, իսկ թերթը մերժում է պահանջը` վստահ լինելով, որ հրապարակումը ճիշտ է: Այնուհետև այդ անձը նույն պահանջով դիմում է դատարան, ինչը նորմալ է: Սակայն նա դատարանից պահանջում է ոչ միայն թերթին պարտադրել հերքում տպագրել, այլև խմբագրությունից գանձել փաստաբանի ծախսերը: Այսինքն` բավարարելով հերքման պահանջը` դատարանը անպայման բավարարում է նաև ածանցյալ` փաստաբանի ծախսերը հոգալու պահանջը: «Իմ թերթը ունի Հրաչ Քեշիշյանի հետ վեճ, որտեղ նա 2 մլն դրամ է վճարել իր փաստաբանին և դա մեզնից է փորձում գանձել: Դեռ պրոցեսի մեջ ենք: Շատ վատ պրակտիկա է: Մենք խաղաղ ենք վերաբերվում հերքման պահանջին, գրում ենք. «Լավ, սխալվել ենք»: Ընդ որում` դատարանը միշտ հակված է բավարարել այդ հերքման պահանջները: Բայց եթե բավարարում է, ուրեմն անպայման վրադիր ստանում ենք նաև մեզ համար մի հատ լուրջ տնտեսական բեռ: 2-3 մլն դրամը թերթի խմբագրության համար լուրջ բան է. այդպիսի պահանջի դեպքում թերթը կարող է նույնիսկ փակվել, որովհետև մենք դրամները հաշված տնտեսություն ենք վարում»,- ասաց Արմինե Օհանյանը:
Հայկ Գևորգյան. «Քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ուղղված են իշխանություններից անկախ մամուլի միջոցների դեմ»
Ճիշտ նույն կերպ Ռոբերտ Քոչարյանը վիրավորական է համարել «Հայկական ժամանակի» հրապարակումից մեկը և օրաթերթից պահանջում է վճարել 3 մլն դրամ` որպես իր փաստաբանի ծախս: «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի պաշտոնակատար Հայկ Գևորգյանն ասաց. «Հասկանում են, որ դա մի քիչ ծիծաղելի է թվում բոլորին: Հենց այդ պատճառով Քաղաքացիական օրենսգրքում ուզում են այդ փոփոխությունը անել. եթե ուղղակի հենց որպես բարոյական վնասի փոխհատուցում` իրար հետևից ամսական, ասենք, 4 հատ այդպիսի հայց բավարարի դատարանը, թերթը կփակվի, վերջացավ»: Հայկ Գևորգյանի խոսքերով` 2009 թվականը «Հայկական ժամանակի» համար արտառոց էր այնքանով, որ պարբերականը ավելի քան 1 տարի է, գործում է առանց գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անմիջական, ամենօրյա մասնակցության: «Ինչ վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, ակնհայտ է, որ այդ դրանք ուղղված են իշխանություններից անկախ մամուլի միջոցների դեմ: Ու եթե իշխանությունը, ամեն առավոտ արթնանալով, մտածում է` ինչ անի, հետապնդումները թերթերի դեմ իրականացնելով, այդ ճնշումները, այդ հարձակումները բավարար չեն, ասենք, հիմա էլ մտածում է. «սա անենք», նշանակում է` մամուլի այդ միջոցները, ում դեմ ուղղված են լինելու այդ փոփոխությունները, աշխատում են շատ լավ, խփում են ճիշտ կետին, ու դա ինձ այդ իմաստով ուրախացնում է»,- ասաց Հայկ Գևորգյանը: Նրա համոզմամբ` միամտություն է սպասել, որ իր առաքելությանը հետամուտ որևէ թերթ մեղմ գույներով կներկայացնի հայաստանյան իրականությունը, քանի որ «դուրս եկեք փողոց, տեսեք` ինչ է կատարվում Հայաստանում»: «Հայաստանում իրավական կատարյալ բեսպրոդել է: Իշխանության է եկել մի «ուժ», որտեղ հանգրվանել են նախկին կոմերիտական կարիերիստները ու քրեաօլիգարխիկ տարրերը: Դատարաններում արդարադատություն բացարձակապես չի իրականացվում: Գուցե մի քիչ սրում ենք` կոնկրետ այս հրապարակման մեջ այս մի հատվածի վրա ընթերցողի ուշադրությունը գրավելու իմաստով, բայց, ընդհանուր առմամբ, դուք լուսավոր կետեր Հայաստանի ապագայի մեջ տեսնո՞ւմ եք: Դրական իմաստով որևէ առաջխաղացում թե տնտեսության, թե քաղաքականության, թե թեկուզ արտաքին քաղաքականության մեջ չկա, ուղղակի ուրախանալու առիթ չկա»,- ասաց Հայկ Գևորգյանը:
Վասակ Դարբինյան. «Ես կուզեի, որ մենք չգունազարդենք իրականությունը»
«Ես չէի ուզենա, որ իսկապես, կոպիտ ասած, մեր արտադրանքը բազմապատկի հուսահատությունը մարդկանց մեջ, իրենց ուղղակի մղի ինքնասպան լինելու մտքին: Ես կուզեի, որ մենք չգունազարդենք իրականությունը, բայց նաև մարդուն չմատնենք հուսահատության»,- ասաց «Տարեգիր» օրաթերթի խմբագիր Վասակ Դարբինյանը: Նա 2009 թվականին մամուլի ոլորտի ձախողում է համարում այն, որ մեղադրող Կորյուն Փիլոյանը 8 տարի ազատազրկում է պահանջել Մարտի 1-ի գործով դատվող Նիկոլ Փաշինյանի համար: «Եվ հաջողություն թերևս կարելի է համարել Ավետիքյանին նույն օրը «Ոսկե գրիչ» մրցանակ հանձնելը, կամ նախորդ օրը Նաիրա Զոհրաբյանին Գագիկ Ծառուկյանի մրցանակը հանձնելը: Այ էս իրականության մեջ ենք ապրում, և մնացած բոլոր խոսքերը ավելորդ են»,- ասաց Վասակ Դարբինյանը: Անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին` նա ասաց, որ Հայաստանում օրենքները և Սահմանդրությունը կամայական են կիրառվում:
Ռուբեն Մարգարյան. «Բռնություններ չեն եղել, մրցանակներ` ևս»
«Մեր դեպքում բռնություններ առ այսօր կարծես թե չեն եղել: Հուսով եմ` մինչև տարվա վերջ չեն լինի: Ճիշտ է` որևէ մրցանակ էլ, ցավոք սրտի, չենք ստացել: Տարին սկսեցինք որպես շաբաթաթերթ, ավարտեցինք` որպես օրաթերթ: Դա կապված էր քաղաքական զարգացումների` Դաշնակցության` կոալիցիայից դուրս գալու և հայ-թուրքական զարգացումների հետ»,- ասաց «Երկիր» օրաթերթի խմբագիր Ռուբեն Մարգարյանը: Նրա խոսքերով` «Երկիրը» կարողացել է հաղթահարել դժվարությունները, որոնք լինում են, երբ փոխվում է որևէ թերթի ձևաչափ, և 2010 թվական է մտնում նոր ձևաչափով ու նոր հույսերով: Ռուբեն Մարգարյանը համաձայնեց Արմինե Օհանյանի այն տեսակետին, որ ոչ մի լրատվամիջոց օրենսդրական նոր նախաձեռնությունների կարիք չի զգում, և եղած օրենսդրական դրույթները բավարար են` լրատվամիջոցների աշխատանքը կարգավորելու համար: «Երկիր» օրաթերթի խմբագիրը տարվա դրական փորձ է համարում այն, որ որոշ զլմ-ներ փորձում են ձևավորել մամուլի ինքակարգավորման նորմեր, ժուռնալիստական էթիկայի կանոնագրեր են ստեղծում: «Այդ աշխատանքը նախաձեռնել է Երևանի մամուլի ակումբը: Դժվար է գնում այդ աշխատանքը, բայց կարծում եմ` հեռանկարային գործ է, որը միգուցե ինչ-որ դրական լիցքեր կհաղորդի, որ մամուլի միջոցները իրար նկատմամբ գոնե մի քիչ ավելի հարգալից դրսևորումներ ունենան»,- ամփոփեց խմբագիրը:
Մեկնաբանել