HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժողների 79 %-ը անչափահաս է

24-12-klor-sexanԿրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` նվիրված անչափահասների սեռական դաստիարակության խնդիրներին: ԿԳ նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` քննարկմանը մասնակցել են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, դատախազության, ինչպես նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է նոր մեխանիզմներ մշակել խոցելի խմբերում ընդգրկված երեխաների պաշտպանության և հնարավոր ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Համաձայն դատախազության տվյալների` սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններից տուժած հիմնական խավը անչափահասներ են. 63 տուժողներից 50-ը կամ 79 %-ը անչափահաս են: Ըստ փորձագետների` հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններից է նաև անչափահասների անբավարար սեռական, բարոյական դաստիարակությունը թե տանը, թե ուսումնական հաստատություններում: Դատախազության աշխատակիցները նշել են, որ հանցագործություն կատարած անչափահասները հիմնականում 13-14 տարեկաններ են, մինչդեռ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2008-09 ուստարում ներդրված և աշակերտների սեռական դաստիարակությանն ուղղված «Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդվում է 8-9-րդ դասարաններում: Մասնակիցների կարծիքով` դպրոցում իրազեկվածության բարձրացման և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված աշխատանքը պետք է սկսել ավելի վաղ տարիքից` հաշվի առնելով ժամանակակից արագ զարգացումները: Այս համատեքստում քննարկվել են հանրակրթական դպրոցներում որոշ առարկաների գծով թեմատիկ ընդգրկվածության մեծացման, դասաժամերի ավելացման, համապատասխան մասնագետների վերապատրաստման հարցեր: Անդրադառնալով վերջին խնդրին` ԿԳ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այդ նպատակով վերապատրաստվել են շուրջ 1800 ուսուցիչ և դասախոս, որոնց տրամադրվել են համապատասխան կրթական նյութեր` շարունակական ծրագրի իրականացման համար: Հանրակրթության պատասխանատուները նշել են, որ ներկայումս մշակվում է «Դաստիարակության հայեցակարգը», որում անպայման անդրադարձ կկատարվի նաև երեխաների սեռական դաստիարակության խնդիրներին: Հանդիպման մասնակիցները մտահոգված են եղել նաև հատուկ դպրոցներում տիրող իրավիճակով` հաշվի առնելով խոցելի խմբում ընդգրկված աշակերտների իրազեկվածության ցածր մակարդակը: Ներկաներին տեղեկացվել է, որ ԿԳ նախարարի հրամանով հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով ձևավորվել է հասարակական դիտորդների խումբ, որը համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը և համապատասխան առաջարկությունները կարող է ներկայացնել ինչպես նախարարություն, այնպես էլ հասարակությանը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև սեռական դաստիարակության հարցերում հասարակական վերաբերմունքի փոփոխության, հակազդեցությունների նվազման, ծնող-դպրոց կապի ամրապնդման և շատ այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter