Տեղի է ունեցել կառավարության 2009-ի վերջին նիստը
Այսօր տեղի է ունեցել կառավարության այս տարվա վերջին նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը հաստատել է կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ հանրապետական գործադիր մարմինների 2010թ. գերակա խնդիրները, դրանց հիմնավորումները։ Ծրագրում ներառվել է 179 կետ, գերակա խնդիր է համարվել 80-ը։ Դրանցից են ժողովրդագրական ակտիվ քաղաքականության, կենսաթոշակային եւ բարձրագույն կրթության բարեփոխման, տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունների իրականացումը, ատոմային էներգետիկայի զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության ներդրումը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ելքի քաղաքականության ձեւակերպումը եւ այլն։
Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2010թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ՀՀ 2010թ. պետբյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը եւ ֆինանսների նախարարին հանձնարարել անհրաժեշտության դեպքում եւս մեկ անգամ քննարկել այն եւ լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Նախագծով սահմանվել են 2010թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, ինչպես նաեւ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները։
Կառավարությունը հավանություն է տվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010թ. պետական ծրագրին եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին։ Որոշումն ուղղված է ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարմանը եւ ժողովրդագրական երեւույթների բացասական զարգացումների հնարավորինս մեղմմանը։ Կառավարության հավանությանն են արժանացել պետական կառավարման մարմնի աշխատակազմի ներքին գործավարության օրինակելի կարգը եւ աշխատանքային ծրագրերի կազմման եւ կատարողականների գնահատման ուղեցույցը, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման եւ այդ համակարգով աշխատանքային ծրագրերի կազմման ու աշխատողների կատարողականների գնահատման ապահովմամբ։
Գործադիրը, վերաբաշխում կատարելով 2009թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում,կառավարության պահուստային ֆոնդից 800,000.0 հազար դրամ է հատկացրել ԿԱ ՊԵԿ-ին` ՀԴՄ մեքենաների 2009թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։
Կառավարությունը որոշել է «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային համակարգի արտոնագրերի ձեռքբերման նպատակով «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարության պահուստային ֆոնդից կրթության եւ գիտության նախարարությանը հատկացնել 10668.9 հազար դրամ։
Նիստում հաստատվել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի շրջանակում անցկացված եւ ծրագրի խորհրդի հավանությանն արժանացած «Ապարանի տարածաշրջանի 10 գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքը 495155816,00 ՀՀ դրամ արժեքով` հաղթող ճանաչելով «Ագաթ 777» ՍՊԸ-ն։
Երկու որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը հատկացրել է 2244 եվրոյին համարժեք դրամ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին` ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական զինվորական փոխադրումներ իրականացնող օդանավերին օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց եւ «Արմաերո» ՓԲԸ-ին` համանման ծառայությունների համար 6,696,267 դրամ վճարելու նպատակով։
Կառավարությունը սահմանել է զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաեւ պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ուժը կորցրած ճանաչել իր նախկին համապատասխան որոշումը։
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից համապատասխանաբար 2680.0 հազար եւ 2000.0 հազար դրամ է տրամադրել Կարեն Դեմիրճյանի «Գրառումներ օրագրից» եւ Սոս Սարգսյանի «Մենք ու մերոնք…» գրքերը հրատարակելու, 5200.0 հազար դրամ` «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի ստեղծագործական ծրագրերին աջակցելու, 5200.0 հազար դրամ` «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման համար։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը Չարենցավանի «Ե. Գասոյան եւ ընկերներ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տվել է հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման եւ իրացման, «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ին` վտանգավոր կենսաբանական թափոնների վնասազերծման լիցենզիա։
Գործադիրը մինչեւ ուսումնառության ավարտը պարտադիր զինվորական զորակոչից տարկետում է տվել երկու քաղաքացու։ Որոշումներն ուժի մեջ են մտնում գրավի պայմանագրերի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել