HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

2.000 տպաքանակ ունեցող թերթը Հայաստանում 10.000 ընթերցող ունի

24_12-tertՎերջին 4-5 տարում թերթ գնում են նույն մարդիկ, որոնք հիմնականում միջին ու բարձր տարիքի են: Նոր ընթերցողներ թերթերը չունեն, երիտասարդները չեն դառնում թերթի ընթերցող: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը: «Վտանգավոր տենդենց է, շատ անհանգստացնող է: Դա նշանակում է, որ ապագան ավելի շատ ինտերնետային թերթերինն է լինելու, քան տպագիր թերթերինը»,- ասաց նա: «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի պաշտոնակատար Հայկ Գևորգյանը նշեց, որ Հայաստանում թերթը բավականին թանկ հաճույք է, բայց միևնույն է` մարդիկ թերթ գնում են: Ընդ որում, նրա խոսքերով, ըստ անկախ հետազոտությունների` Հայաստանում թերթի մեկ համարը կարդում է միջինը 4-5 մարդ, ինչը շատ ավելի բարձր ցուցանիշ է, քան այլ երկրներում: Հայաստանում լույս տեսնող բոլոր թերթերի տպաքանակները մոտ 20.000 են կազմում: Հետևաբար, օրինակ, 2.000 տպաքանակ ունեցող թերթը Հայաստանում 10.000 ընթերցող ունի: «Տարեգիր» օրաթերթի խմբագիր Վասակ Դարբինյանի խոսքերով` իրենց թերթի ինտերնետային տարբերակը ավելի շատ մարդ է ընթերցում, քան տպագիրը: «Մեր թերթը չեն կարդում: Շատ քիչ են ընթերցողները»,- ասաց խմբագիրը: Վասակ Դարբինյանը ընթերցողների պակասը պայմանավորում է ոչ թե թերթի լավ կամ վատ լինելով, այլ այն փաստով, որ թերթի կայացման ճանապարհը շատ դժվար է: Մանավանդ որ փոքրիկ Հայաստանում 8-10 օրաթերթ կա, և շուկան հագեցած է: Վասակ Դարբինյանի խոսքերով` իշխանությունները վերահսկում են մամուլը` լրագրողներին, տպաքանակները, թերթերի տարածման ցանցը: «Եվ արտաքուստ է թվում, թե մամուլը իսկապես արհամարհված կամ ուշադրության չարժանացող վիճակում է: Իրականում շատ լավ էլ վերահսկվում է այդ ամեն ինչը, և պաշտոնյաները շատ կարևորություն են տալիս և սուտ են ասում, թե իբր իրենք չեն կարդում: Կարդում են շատ ուշադիր»,- ասաց Վասակ Դարբինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter