Օրենսդրական նախաձեռնություններ կառավարության նիստում
Այսօր կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը։ Դրանով, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` գործադիրը որոշում է ընդունել 2009թ. պետբյուջեում վերաբաշխում եւ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշ ծրագրերի գծով գոյացած 3,760,518.0 հազար դրամի տնտեսումը տեղափոխել ծախսային այլ հոդված։ Մեկ այլ որոշմամբ գումար է հատկացվել «Ջերմուկի հիվանդանոց» եւ «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ների մասնաշենքերում ջեռուցման համակարգեր ստեղծելու համար։
Կառավարությունը «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ին թույլատրել է որոշակի հայտարարագրերով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչեւ 2011թ. ապրիլի 30-ը։ Որոշման գործադրումը կնպաստի ընկերությունում եղած աշխատատեղերի պահպանմանը եւ նորերի ստեղծմանը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը երեք տարով հետաձգել է «Իսթեյտ մենեջմենթ ընդ ադմինիստրեյշն քամփնի» ՓԲԸ ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, ինչը ընկերությանը հնարավորություն կտա ներմուծել Տաթեւի վանքային համալիրի վերականգնման ներդրումային ծրագրով նախատեսված սարքավորումները։
Արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաեւ որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար կառավարության 2009թ. մրցանակների շնորհման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ անգամ եւս քննության առնել հաղթողներին որոշելու մեթոդաբանությունը, ստեղծել պայմաններ, որպեսզի հաշվի առնվեն հասարակական կազմակերպությունների առաջարկությունները։
Կառավարությունը երեք որոշում է ընդունել, որոնք առնչվում են Երեւանի քաղաքաշինական ծրագրերի իրականացման ժամանակ բացառիկ` հանրային շահ ճանաչելու խնդրին։
Իր ընդունած երկու որոշմամբ գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում, որի նպատակն է բարձրացնել օդային ուղեւորների ելքի համար պետական տուրքի գանձման եւ գանձված գումարը պետբյուջե փոխանցելու նկատմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում պետտուրքի վճարումը պատվիրակել օդանավակայան շահագործող կազմակերպությանը։
Կառավարությունը հաստատել է տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայությամբ գործող երկաթուղային տրանսպորտի օբյեկտների, միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի եւ հողային տեսչության կանոնադրությունը։
Կառավարությունը վերանայել է ՀՀ հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագիծը կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամկետը։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ անհրաժեշտ է տվյալ փաթեթը քննարկել ԱՄՀ-ի, Ազգային ժողովի, գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ լինի, թե կառավարությունը երբ է պատրաստ լինելու կիրառել փաթեթում ներառված իրավական ակտերը։
Կառավարությունը հանդես է եկել նաև մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Հավանություն է տրվել «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաեւ «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» եւ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքների նախագծերին։ Սույն ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է հարկման այլընտրանքային համակարգերից աստիճանական անցում ապահովել դեպի հարկման ընդհանուր համակարգ։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական, քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացում կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթին, որը նպատակ ունի կարգավորել խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագիծը։ Դրանով գործադիրն ակնկալում է ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչների հստակեցումն ու միասնականացումը, ոլորտին առնչվող վիճակագրության վարման պարզեցումն ու կատարելագործումը։
Կառավարությունը սկզբունքային առարկություն չունի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագծերի փաթեթի վերաբերյալ, սակայն առաջարկում է մի շարք ճշգրտումներ։ Նախագծում առաջ են քաշվել օրենսդրական ճիշտ ձեւակերպումների միջոցով նորմերից մի քանիսի կատարելագործման եւ մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք իրականացման հարցեր։ Կառավարությունն առաջարկություններ ունի նաեւ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Դրանք ընդունելու դեպքում ընդունելի կհամարվի նաեւ օրինագիծը, որը նվիրված է գործի վարույթը կասեցնելու հիմքերի սահմանմանը։ Կառավարությունն առաջարկել է հետաձգել մեկ այլ օրինագծի` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը եւ դրա լրամշակման հարցում համագործակցել կառավարության հետ։ Առաջարկությունն ուղղված է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների, ովքեր հեղինակել են օրինագիծը եւ ում կարծիքով դրա ընդունումը կավելացնի պետբյուջեի եկամուտը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկը։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել