
«Եթե չկա մարտի 1-ի մարդասպանը, եթե չեն հայտնաբերվում, չեն պատժվում, ակնհայտ է, որ ուզում են մարտի 1-ի ամբողջ պատասխանատվությունը գցել Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի վրա: Սա ակնհայտ է ուղղակի: Խոսրով Հարությունյանը իշխանությունների խոսնակն է, չէ՞: Մերթընդմերթ ակտիվանում և սկսում է խոսնակ աշխատել: Խոսրով Հարությունյանը ասել է. «Այո, պատասխանատուն ինքն է: Ես տեսել եմ (թե լսել եմ), որ ինքը զինվելու կոչեր էր անում»»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Տարեգիր» օրաթերթի խմբագիր Վասակ Դարբինյանը:
Նրա խոսքերով` իշխանությունները ամեն կերպ աշխատում են եթեր չտալ «Ա1+» հեռուստաընկերությանը: Հատկապես հեռավոր մարզերի բնակիչները տեղեկատվության պակաս ունեն, և «սկսում են հավատալ» հեռուստատեսության հաղորդած տեղեկատվությանը, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է:
«Հասարակության մեջ կա՞ մի մարդ, որը մտածում է, որ Նիկոլը հանցանք է կատարել: Ես չեմ կարծում: Ի վերջո, պարզ է, չէ՞, որ այս որոշումը կայացվել է Բաղրամյան 26 հասցեում: 8 տարի Հայաստանում նստում են միայն սպանություն կատարած մարդիկ»,- ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը` մեկնաբանելով մեղադրող Կորյուն Փիլոյանի պահանջը` Նիկոլ Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել