HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԱՊ-ի պայթյունը «տեռորիստական գործողություն չի եղել»

Երեկ, ժամը 18.45-ի սահմաններում Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ի գործարանի արտադրամասերից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետեւանքով  փլուզվել է արտադրամասի պատը:  Հայաստանի փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` պատահարի հետեւանքով Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 1979 թ. ծնված Հերմինե Խաչատրյանը եւ Լենուղի գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Դավիթ Աբաջյանը, կոտրվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց: Այգեվան (Դերժինսկի) գյուղի բնակիչներ` 1987 թ. ծնված Գոռ Աբրահամյանը եւ 1988 թ. ծնված Մելիք Հարթենյանը, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի այրվածքների կենտրոն: Ըստ բժիշկների` Գ. Աբրահամյանի վիճակը ծանր է, իսկ Մ. Հարթենյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Փորձեցինք կատարվածի մասին պարզաբանումներ ստանալ ՄԱՊ-ից: Զանգահարեցինք 2 հեռախոսահամարներով: Մի դեպքում Հովսեփ անունով աշխատակիցը մեզ փոխանցեց, որ գործարանի տնօրինությունը տեղում չէ եւ տնօրենը աշխատասենյակում կլինի 30 րոպե հետո; Ասված ժամին զանգահարելուց հետո այդպես էլ հեռախոսին մոտեցող չեղավ: Երբ զանգահարեցինք երկրորդ հեռախոսահամարով, գործավարուհին նախ ճշտեց մեր ով լինելը, այնուհետեւ պատասխանեց, որ տնօրենը Հայաստանում չէ, իսկ փոխտնօրենի համար աշխատանքային ժամն արդեն ավարտված է: Մի քանի անգամ զանգահարելուց հետո մեր հարցերին պատասխանեց ընկերության հաշվապահ ներկայացած Անդրանիկ Խաչատրյանը: Նա չցանկացավ լրացուցիչ տեղեկություններ հայտնել եւ խորհուրդ տվեց հետեւել պաշտոնական հաղորդագրությանը: «Հիմա տարածքում ոստիկաններ են աշխատում եւ հետաքննություն է կատարվում, ոչինչ ասել չեմ կարող: Լրատվամիջոցները տարածել էին, թե 4 մարդ է վնասվածք ստացել, բայց իրականում նրանք 3-են եւ իրենց վիճակը նորմալ է»,-ասաց Ա. Խաչատրյանը: Ըստ նրա` պայթյունն արտադրական է եւ «տեռորիստական գործողություն չի եղել»: Ինչպես ՄԱՊ-ի աշխատակիցները, այնպես էլ գործարանի պայթյունից տուժած քաղաքացիների համայնքապետերը չափազանց լարված էին եւ փորձում էին հնարավորինս քիչ խոսել եւ շատ բան չասել լրագրողին: Այգեվանի գյուղապետ Սպարտակ Էքիզյանը նշեց, որ իրենց գյուղի տուժած բնակիչների վնասվածքները շատ լուրջ չեն: «Գործարանի փոխտնօրենի հետ եմ հեռախոսով խոսել, ասում է` վիճակը լավ է»,-նշեց գյուղապետը: Նա չէր գնացել տուժողներ` 22-ամյա Գոռ Աբրահամյանի եւ 21 տարեկան Մելիք Հարթենյանի տուն եւ չգիտեր էլ իր համայնքի բնակիչներն այժմ տանն են, թե հիվանդանոցում: «Այդ մասին ոչինչ չգիտեմ»: Բամբակաշատի գյուղապետ Արբակ Եղիազարյանը նույնպես չգիտեր, թե այս պահին որտեղ է իր համայնքի բնակչուհի 30-ամյա Հերմինե Խաչատրյանը: Թեեւ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ տուժողներից մեկն էլ Լենուղի համայնքից է եղել, սակայն Լենուղի համայնքապետ Գեղամ Ղազարյանը մեզ փոխանցեց, որ իրենց համայնքից ոչ ոք չի տուժել եւ ինքը շատ բան չգիտի պայթյունի մասին: Նշենք, որ գործարանը գտնվում է հենց Լենուղի գյուղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter