«Շարմի» ծրագիրը cancel է եղել
«Շարմ հոլդինգի»` «Արմենիա Մարիոթում» կայանալիք ամանորյա համերգը չեղյալ է դարձել տոմսերի չսպառվելու պատճառով: Համերգին պետք է մասնակցեին Անուշ և Ինգա Արշակյանները, Նունե Եսայանը և այլ «աստղեր», շոուն պետք է վարեր Մարկ Սաղաթելյանը:
Հավանաբար մեր հայրենակիցների գրպանի համար շատ թանկ է եղել տոմսերի գինը` կազմակերպիչները ամանորյա ծրագրի համար սահմանել էին 80-100 հազար դրամ: Մարդիկ հրաժարվել են նման թանկ գին վճարել միայն նրա համար, որ դիտեն այն «աստղերի» դեմքերը, որոնք օրը 24 ժամ տեսնում են հայաստանյան հետուստաալիքներով:

«Հրապարակը» զանգահարել է «Արմենիա Մարիոթ»` ինֆորմացիան կրկին անգամ ճշտելու նպատակով: Երբ ասել են, որ տոմս են ուզում գնել` իրենց ամանորյա շոուին մասնակցելու համար, անգլախոս երիտասարդն ասել է. «Ցավոք սրտի, մեր ծրագիրը cancel է եղել»:
Փաշինյանին թույլ կտա՞ն ընտրվել
Կարծիք կա, որ իշխանություններն ամեն ինչ անելու են` Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողով թույլ չտալու համար: Այժմ մեխանիզմներ են մտածում, թե դա ինչպես անեն: Ըստ լավատեղյակ աղբյուրների` Նիկոլին թույլ են տալու ընտրվել, սակայն հետո նրա դատավճիռը մտնելու է օրինական ուժի մեջ, նրան դատելու են և մեկուսացնելու, իսկ Կենտրոնում ընտրությունները անվավեր են ճանաչվելու և անցկացվեն կրկնակի ընտրություններ: Այնպես որ, իշխանական թեկնածու Արա Սիմոնյանը ևս չի մտնելու ԱԺ:
Այստեղ մի խնդիր է ծագում` ընտրությունների վրա կատարվող ծախսերը, որոնք այս սցենարի դեպքում ավելորդ են դառնում: Սակայն այս իշխանությունն առանձնապես մտահոգված չէ բյուջեի խնդրով:
Ոչ թե «Բջնի», այլ «Սիլ»
Վերջին օրերին թերթը խանութպաններից ահազանգեր է ստանում այն մասին, որ պետեկամուտների կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները խանութների սեփականատերերին ստիպում են մեծ քանակությամբ «Բջնի» հանքային ջուր պատվիրել:
Սուքիասյաններից խլված «Բջնին» հիմա արտադրանք է թողարկում, սակայն դրա որակը, մեղմ ասած, կասկածներ է հարուցում: Այդ և այլ պատճառներով «Բջնիի» սպառման ծավալը կտրուկ նվազել է: Իսկ ոստիկանության և հարկայինի` «Բջնի» պատվիրելու պարտադրանքը խանութպանները բացատրում են նրանով, որ «Բջնին» ներկայումս դե ֆակտո պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, և ոստիկանությունն ու հարկայինը, փաստորեն, աջակցում են նրան:
Ի դեպ, «Բջնիի» սիրահարները ներկայումս նախընտրում են Սուքիասյանների արտադրած «Սիլ» ջուրը, որի որակը նախկին «Բջնիինն» է: Բացի այդ, «Սիլը» սպառողին է ներկայանում ավելի հարուստ տեսականիով:
Ես թիմի անդամ եմ
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հերքել է ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների մասին մամուլի հրապարակումները. «Մենք մեր կոալիցիոն գործընկերների հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք և համագործակցում ենք:
Ես թիմի անդամ եմ, միշտ հարգել եմ սահմանված խաղի կանոններն ու երբեք որևէ քայլով տեղիք չեմ տվել կարծելու, թե կարող եմ թիմին դավաճանել: Իսկ որ նվիրված եմ, պայքարում եմ մինչև վերջ, կարծում եմ` երևացել է և´ 2007-ին, երբ ղեկավարել եմ ՀՀԿ նախընտրական շտաբը խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և´ 2008-ին, երբ ղեկավարում էի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը:
ՀՀԿ-ի և կուսակցության ղեկավարի վստահությունը իմ նկատմամբ երևում է, քանի որ ինձ նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնութամբ են նաև առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, և ՀՀԿ խմբակցությունը «կողմ» է քվերակել իմ թեկնածությանը:
ԱԺ նախագահի պաշտոնն ինձ բավականացնում է, չեմ հավակնում երկրի նախագահի պաշտոնին և ամեն ինչ անելու եմ, որ հերթական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը վերընտրվի»:
Որ ասում է` մի բան գիտի
«Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ»,- երեկ հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«ՉԻ» - Հովիկ Աբրահամյանն, իհարկե, ճիշտ է ասել: Ավելին, եթե հաշվի առնենք, որ նրա ղեկավարած «հիմնարկը» կազմված է քաղաքական գործիչներից, և եթե հենվելու լինենք այդ կառույցի միջինացված ինտելեկտի վրա, կարող ենք արձանագրել, որ քաղաքական գործիչ դառնալու համար ընդհանրապես խելք պետք չէ: Ճիշտ հակառակը, իշխանություններն այսօր խրախուսում են հենց «շատ խելք չունեցող» քաղաքական գործիչներին, դրա համար էլ «դհոլ» կամ «իդիոտ» գնահատականներին արժանացածները շատ արագ քաղաքական «պռախոդ» են ստանում:
Բայց առավել զարմանալին այն է, որ Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ ի տարբերություն քաղաքական գործիչների, հաջողակ գործարար դառնալու համար իսկապես շատ խելք է պետք: Եվ իսկույն հայտարարում է, թե առաջիկայում պայքարելու է, որ գործարարները չմտնեն խորհրդարան: Բա իհարկե, խելոք մարդիկ են, ի՞նչ գործ ունեն «շատ խելք չունեցողների» միջավայրում:
Ինքնասպան լինել փորձողների մասին չհիշեցնել
Երեկ կառավարության շենքի առջև 60-ամյա Ռուդոլֆ Մխիթարյանը` Դալմայի այգիների նախկին հողօգտագործողներից մեկը, ինքնասպանության փորձ է արել` դժգոհություն հայտնելով երկրում տիրող անարդարությունից: Ոստիկանների միջամտությամբ հաջողվել է քաղաքացու ձեռքից խլել ածելին, բայց նա հասցրել է վնասել իր կոկորդը:
«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը կառավարության նիստում փորձել է վարչապետի ուշադրությունը հրավիրել այս միջադեպի, ինչպես նաև` 2001 թվականին կործանված ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամների հարազատների ցույցի վրա, որոնք կառավարությունից ընդունելություն էին պահանջում: «Մենք բոլոր այդ մարդկանց միշտ լսում ենք,- պատասխանել է վարչապետը, իսկ երբ Անահիտ Բախշյանը պնդել է ասածը` կոպտել: - Դուք խանգարում եք կառավարության նիստը»:
Այժմ էլ Մերզլյակո՞վը
Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Մերզլյակովը ասել է, թե 2010 թվականին հույս ունի լքելու իր պաշտոնը: Նա հիշեցրել է, թե ավելի վաղ էլ հույս է ունեցել մինչև 2009-ի վերջն այլևս չաշխատել այդ պաշտոնում. «Կարծում եմ` դա տեղի կունենա մոտ ժամանակ, հուսով եմ` արդեն հաջորդ տարի»:
2009 թվականի կեսերին, իսկապես, լուրեր կային, թե Մեթյու Բրայզան և Յուրի Մերզլյակովը հեռանալու են Մինսկի խմբում ԱՄՆ-ը ու Ռուսաստանը ներկայացնող պաշտոններից: Մեթյու Բրայզան հեռացավ, չի բացառվում, որ այս անգամ էլ Մերզլյակովը հեռանա: Բոլոր դեպքերում` ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված չէ անձերից` չի լինի Մերզլյակովը, կլինի Իվանովը, մեկ է: Բրայզայի փոխարեն որ Բրադկեն է, ի՞նչ տարբերություն, ուղղակի շատ հնարավոր է, որ այդպիսով կարգավորման լուծումը հեռանա, եթե իհարկե, հենց այդ նպատակով չեն արվում փոփոխությունները` մինչև գործընթացին ծանոթանան-բան, ահագին ժամանակ կանցնի:
Այնպես որ, Թուրքիան չի կարողանա արձանագրությունների ողջամիտ ժամկետը կապել ԼՂ հարցի հանգուցալուծման հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել