Իջեւանյան փակուղի
Հոկտեմբերի 6-ին Իջեւան համայնքի ավագանու 13 անդամներից 8-ը ոչ թափանցիկ աշխատաոճի համար անվստահություն է հայտնել քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Դրանից հետո լարվածությունը ավագանի-քաղաքապետ հարաբերություններում խիստ մեծացել է:
Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը փորձել է դեկտեմբերի 10-ին ավագանու նիստ հրավիրել: Տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրատվական թողարկման ընթացքում հայտարարություն է տրվել, որ այդ նիստում քննարկվելու է Իջեւան քաղաքի 2010թ. բյուջեի նախագիծը: Մինչդեռ ՏԻՄ օրենքի 55-րդ հոդվածի համաձայն բյուջեի նախագիծը ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ: Ավագանու անդամների մեծամասնությունը նիստ հրավիրելու մասին պատշաճ ձեւով չի տեղեկացվել:
Ավագանու անդամներ Վարդան Ղալումյանից, Սուրեն Մանուկյանից եւ ուրիշներից տեղեկացա, որ նիստին ներկայացել են լոկ ավագանու երկու անդամ` քաղաքապետի եղբայր, «Իջեւանի բժշկական կենտրոնի» տնօրեն Հրաչ Ներսիսյանը եւ քաղաքապետի քարտուղարուհու քույր Նարինե Գրիգորյանը:
Վարուժան Ներսիսյանը դեկտեմբերի 10-ին կրկին «Իջեւան ստուդիայով» հայտարարություն է տվել դեկտեմբերի 12-ին ավագանու նիստի անցկացման մասին: Ավագանու անդամների մեծ մասը կրկին օրենքով սահմանված կարգով չի ծանուցվել այդ նիստի վերաբերյալ, ուստի չի ներկայացել: Այս անգամ նիստին մասնակցել է ավագանու 5 անդամ` ավագանու վերոնշյալ 2 անդամներին միացել են Վարդան Ծերունյանը, Նարեկ Օհանյանը եւ Նիկոլ Ղալթախչյանը:
Ամանորի տոնակատարության հետ կապված մի քանի հարցեր են քննարկվել եւ որոշումներ ընդունվել: Քաղաքապետը հայտարարել է նիստերից անհարգելի
բացակայելու պատճառաբանությամբ ավագանու անդամ Արտակ Խաչատրյանին լիազորություններից զրկելու վերաբերյալ:
Սակայն նա ունե՞ր նիստ հրավիրելու եւ որոշումներ ընդունելու իրավունք, որովհետեւ այդ ժամանակ Իջեւանի ավագանու կազմում կար 10 անդամ, մինչդեռ քվորում կարող էր ապահովել միայն ավագանու անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում: Հիշեցնեմ, որ ավագանու նիստերի թվի կեսից ավելիից անհարգելի բացակայելու պատճառաբանությամբ նոյեմբերի 11-ին Վ. Ներսիսյանը հայտարարել էր ավագանու 3 անդամներին` Վարդան Ղալումյանին, Վարդան Օրդինյանին եւ Էդգար Ասլանյանին լիազորություններից զրկելու մասին:
Քաղաքապետի այս գործողությունները կարելի է դիտարկել որպես 13 հոգանոց ավագանուց իրեն անվստահություն հայտնած անդամներին ավագանու կազմից հանելու եւ թվով ավելի փոքր, բայց իր կողմնակից ավագանի ունենալու ձգտում:
Ավագանու վերոհիշյալ 3 անդամները, որոնք ավագանու այս տարվա նիստերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով պատշաճ չեն տեղեկացվել, քաղաքապետի այդ որոշումը բողոքարկել են Սեւանի վարչական դատարան: Մեր տեղեկություններով, Վարուժան Ներսիսյանի որոշումը դատարանում կբողոքարկի նաեւ Արտակ խաչատրյանը:
Ավագանու 3 անդամների հայցի քննարկումը կկայանա փետրվարի 3-ին` Սեւանի վարչական դատարանում: Ուշագրավ է, որ դատը 10 օրով հետաձգելու խնդրանք է ներկայացրել Վարուժան Ներսիսյանը: Հավանաբար նա տեղյակ է, որ դատը վարող դատավորը մեկ ամսով արձակուրդ պիտի գնա, եւ դատը հետաձգելն, ըստ երեւույթին, քաղաքապետի կողմից ժամանակ շահելու միտում ունի:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10-ին պետք է կայանար Իջեւան համայնքի ավագանու նիստ: Նիստի օրակարգում քաղաքի 2010թ. բյուջեի նախագծի քննարկումն էր: Երբ տողերիս հեղինակը փորձում էր մտնել քաղաքապետի աշխատասենյակ, ուր սկսվել էր ավագանու նիստ, լրագրողի առաջը փակեցին քաղաքապետարանի աշխատակիցները: Այս գործում հատկապես ակտիվ էր քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը եւ քաղաքապետարանի աշխատակից Արտակ Սարհատյանը:
Նրանք «դոշները դեմ արած» փակել էին քաղաքապետի դուռը: Քաղաքապետի ընդունարանում եղավ վիճաբանություն: Քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքապետի դռան առաջը փակ պահելով` լրագրողիս հնարավորություն չտվեցին մասնակցելու ավագանու նիստին, որը բաց է ոչ միայն լրագրողների, այլեւ` բոլոր քաղաքացիների առաջ:
Ակնհայտ էր, որ այդ ապօրինությունը կատարվում էր քաղաքապետի հրահանգով: Վերջինիս ամենայն հավանականությամբ դուր չէր եկել «Հետքում» ավագանու նոյեմբերի 11-ի նիստի լուսաբանումը: Շուրջ մեկ ժամ անց հայտնվեցին նաեւ ոստիկանները, ովքեր, սակայն, առաջին հարկից վերեւ չբարձրացան: Իսկ քաղաքապետի աշխատասենյակում ավագանու 6 անդամներ էին: Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ընթերցել է իր հերթական որոշումը` ավագանու նիստերի կեսից ավելիին անհարգելի բացակայելու պատճառաբանությամբ Վահե Ղալումյանին ավագանու անդամի լիազորություններից զրկելու վերաբերյալ:
Վերջինս նույնպես պատրաստվում է այս վճիռը բողոքարկել դատարանում: Դրանից հետո նիստից դուրս են եկել ավագանու անդամ Գրիգոր Դանիելյանը, Սուրեն Մանուկյանը եւ Նարեկ Օհանյանը, նիստը փաստորեն չի կայացել: Ուշագրավ է, որ նիստում Վ. Ներսիսյանն այդպես էլ չի հայտարարել ավագանու անդամ Նիկոլ Ղալթախչյանի դիմումի մասին, ով բնակության վայրը փոխելու պատճառաբանությամբ այդ նիստից 4 օր առաջ դիմել էր իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:
Նշենք, որ Նիկոլ Ղալթախչյանը չէր ստորագրել Վ. Ներսիսյանին անվստահություն հայտնելու որոշման տակ: Ստեղծված իրավիճակում օրենքով նախատեսված Իջեւանի ավագանու կազմի (15 անդամ) կեսից ավելիի լիազորությունների դադարեցման պատճառով Իջեւան համայնքի ավագանին պետք է լուծարվի:
Որպես քաղաքապետի կողմից վրեժխնդրություն կարելի է դիտարկել իրեն անվստահություն հայտնելուց հետո ապօրինի շինարարության համար ավագանու անդամներ Վարդան Օրդինյանին եւ Գրիգոր Դանիելյանին տուգանելու Իջեւանի քաղաքապետարանի որոշումները: Վերջիններս պետք է տուգանվեին 200 հազարական դրամով: Նրանք բողոքարկել են քաղաքապետարանի որոշումները:
Վարուժան Նեսիսյանը ստիպված է եղել նահանջել. Վարդան Օրդինյանը եւ Գրիգոր Դանիելյանը քաղաքապետարանից գրություն են ստացել այն մասին, որ ստուգումները պարզել են` վերջիններս չեն իրականացրել ապօրինի շինարարություն:
Փաստորեն, այժմ Իջեւանի ավագանին փաստորեն 7 անդամ ունի, որոնցից 3-ը պահանջել էին քաղաքապետի հրաժարականը: Սա անհնար է դարձնում քաղաքի վերաբերյալ որոշումների ընդունումը: Իսկ իշխանություններն էլ ձեւացնում են, թե ոչինչ չի կատարվում: Սակայն չէ որ այս ամենը ոչ թե ծայրամասային փոքրիկ գյուղում է կատարվում, այլ` Տավուշի մարզկենտրոնում:
Ոսկան Սարգսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել