
«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ փորձագետ Արա Զոհրաբյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում լրագրողների կողմից լուսաբանված դատական գործերը: Փորձագետը նշեց, որ կոռուպցիան հիմնականում առաջանում է վարչական, իրավապահ և դատական մարմինների հետ հարաբերություններում:
«Մենք պետք է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարենք, այլ դրա պատճառների ու փորձենք դրանք վերացնել»,- ասաց նա:
Ա. Զոհրաբյանը ներկայացրեց արդեն ավարտված դատական գործերից մեկը.
«Անձը ապրանքներ ներմուծելիս Ինդոնեզիայի փոխարեն Չինաստան է գրել, քանի որ նախկինում Չինաստանից է ապրանք բերելիս եղել: Այդ գրել կամ չգրելը որևէ իրավական հետևանք չէր առաջնացնում` ոչ հարկերի գանձման, ոչ մաքսատուրքի գանձման առումով, և այս անձին տուգանել են` այդ բառը սխալ գրելու համար»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով` շատ կարևոր է վարչական դատարանների դերը այս հարցում: «Գործադիրը 2008-ից վարչական դատավարության օրենսգրքում հետաքրքիր նորմ է ներմուծել` դատական ծախսերի մեջ ներառել է փաստաբանի ծախսը: Եթե անձը գնում է դատարան, օրինակ, ընդդեմ կադաստրի, և հաղթում է, ապա փաստաբանի ծախսը դրվում է պետբյուջեի վրա: Ու այդ դեպքում կոնկրետ մարմինը պետք է հետամուտ լինի` իմանալու, թե իրենց կոնկրետ որ աշխատակցի պատճառով է պետությունը վնաս կրել: Եթե այդ չինովնիկի աշխատավարձից մեկ երկու անգամ գումար պահեն, նա մյուս անգամ նման բան չի անի»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել