HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնում` 17, Արմավիրում` 36 իրավախախտ անչափահաս

G_Danielyan-25-12Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը «Հետքին» փոխանցեց, որ մարզի երեխաների մոտ 10 տոկոսը՝ շուրջ 4500 երեխա, գրանցված է որպես կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, 53-ը՝ առանց ծնողական խնամքի մնացած, որից 15-ը 18-23 տարեկան է: 10 երեխա ժամանակավորապես տեղավորվել է «Երեխաների աջակցության կենտրոն»-ում, 30-ը՝ մանկատանը: Մեկ երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիք: Մարզում կա ընդամենը մեկ խնամատար ընտանիք: 2009թ. դեկտեմբերի 1-ի տվյալներով` մարզային ոստիկանության վարչության կողմից պրոֆիլակտիկ հաշվառման է վերցված 27 անչափահաս: Արձանագրվել է 12 հանցագործության դեպք՝ 17 անչափահասի մասնակցությամբ: Արագածոտնի մարզպետարանն ուսումնասիրել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 96 երեխայի եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմանները մարզի 26 համայնքներում: 51 ընտանիքի մարզպետարանը դրամական աջակցություն է տվել: Աշտարակ քաղաքում բացահայտվել է խիստ անբարենպաստ պայմաններում ապրող մեկ ընտանիք, որին մարզպետի կողմից տրամադրվել է սենյակ: Արդյունքում փոխվել է ընտանիքի կենցաղը, նրանք ընդգրկվել են բարեգործական ճաշարանում, ձեռք են բերել փաստաթղթեր: Նշենք, որ գետնախորշում գտնվող Հակոբի ու նրա հետ ապրող 2 կանանց մասին «Հետքը» մի քանի հոդվածներով անդրադարձել է: Գայանե Դանիելյանի ասելով` Արագածոտնի մարզում կա 453 հաշմանդամ երեխա, որոնց կրթությունը կազմակերպվում է ինչպես դպրոցներում՝ ներառական կրթության շրջանակներում, այնպես էլ տներում: 2009 թվականի ՀՀ Արագածոտնի մարզպետարան մուտք եղած գրություններից եւ  դիմումներից  երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին  հանձնարարվել է ուսումնասիրել, դրանք կատարել կամ առաջարկություններ ներկայացնել 254 դիմումների վերաբերյալ: Դրանցից 110-ը հանրապետական եւ մարզային տարբեր կազմակերպություններից ստացված  գրություններ են, 136-ը` քաղաքացիների կողմից Արագածոտնի մարզպետին ուղղված դիմումներ: Ստացված գրություններից 20-ը քաղաքացիների դիմումների կապակցությամբ տարբեր կազմակերպություններին բաժնի կողմից ուղղված գրությունների պատասխաններն են: 144 դիմումներից 51-ը վերաբերել է դրամական աջակցության, 72-ը` երեխաների առանձնահատուկ կրթության վկայագրման, 14-ը` դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամքի հաստատություններում ժամանակավորապես տեղավորման, 9-ը` որդեգրման, 4-ը` երեխաներին մանկատանը տեղավորելու խնդիրներին: Կատարված ուսումնասիրության արդյունքում համապատասխան դրական ընթացք են ստացել 134 դիմում, մերժվել է 10-ը: Մերժված դիմումներից 7-ը վերաբերել է դրամական աջակցության խնդրանքին, 3-ը` որդեգրմանը: Գրավոր դիմումներից բացի` երեխաների իրավունքների բաժնին բանավոր  դիմել են 450 քաղաքացիներ: Դրանք վերաբերել են իրավական, հոգեբանական, առողջապահական, սոցիալական խորհրդատվության եւ նյութական  աջակցության խնդրանքներին: 250-ը ստացել են անհրաժեշտ խորհրդատվություն: Կատարվել է 95 երեխաների գնահատում, որոնցից 45-ի համար վերականգնողական ծրագրեր են մշակվել: Տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների, անհատ քաղաքացիների հետ համագործակցության արդյունքում 450 ընտանիքների (առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, մեկ ծնողի  խնամքի տակ գտնվողներ, հաշմանդամ երեխա ունեցող, բազմազավակ, սոցիալապես խիստ անապահով ընտանիքներ)  տրամադրվել է հագուստ, սնունդ, հիգիենիկ պարագաներ, հաշմանդամի սայլակներ: «Տարվա ընթացքում մեր բաժինը լուրջ աշխատանքներ է կատարել, բայց ցավոք` ոչ բոլորին ենք կարողացել օգնել: Մեր մարզում հիմնական խնդիրը սոցիալական է: Չէի ասի, որ դա երեխաների իրավունքների խախտում է, բայց ամեն դեպքում սոցիալական ոլորտն ազդեցություն ունենում է երեխայի վրա»,-ասաց Գայանե Դանիելյանը: Ըստ նրա` տարեցտարի ավելի են քչանում երեխաների իրավունքների խախտման դեպքերը: Բաժնի պետի համոզմամբ` մարդիկ արդեն իրազեկ են, շատ թե քիչ գիտեն իրենց իրավունքների մասին եւ չիմանալու դեպքում էլ` դիմում են իրենց օգնությանը: Գ. Դանիելյանն անցնող տարում իրենց բաժնի աշխատանքը գնահատեց բավարար: Արմավիրի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն էլ այս տարվա 11 ամիսների ընթացքում ստացել է 386 գրություն, որից 220-ը` տեղական ինքնակառավարման մարմիններից, 15-ը` ԴԱՀԿ-ից, 13-ը` սոցիալական ապահովության մարմիններից: Ոստիկանության Արմավիրի, Մեծամորի, Վաղարշապատի եւ Բաղրամյանի բաժիններից ստացվել է 39 դիմում, նախարարություններից` 8-ը, իսկ հասարակ քաղաքացիներից` 72 դիմում եւ այլն: Մարզում հաշվառվել է 36 իրավախախտ անչափահաս: 4 երեխայի բժշկական եւ սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա տրվել է եզրակացություն` մասնագիտացված մանկատանը տեղավորելու մասին, որից մեկ երեխա վերադարձվել է ընտանիք: Բաժնի աջակցությամբ 4 երեխա էլ տեղավորվել է երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ: 11 ամիսների ընթացքում մարզից որդեգրվել է 10 երեխա եւ որպես  որդեգրման ենթակա հաշվառման է վերցվել 5-ը: Արմավիրի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մարինե Հովակիմյանը «Հետքին» փոխանցեց, որ վկայագրվել է 69 երեխա, ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք: Վերականգնվել է պարտադիր ուսուցումից դուրս մնացած 10 երեխայի կրթական իրավունքը: Այս տարի առանց ծնողական խնամքի մնացած 1 անձի հատկացվել է բնակարան: Մարինե Հովակիմյանը նույնպես Արմավիրում իրենց աշխատանքը բավարար գնահատեց, սակայն, ըստ նրա` անելիքները շատ են: «Այս տարին մեզ համար դրական էր, բայց անելիքները շատ են, ու պետք է գալիք տարում էլ նույն տեմպով աշխատենք: Իհարկե` չեմ կարող ասել, որ մեր աշխատանքը լիարժեք կատարված է»,- նշեց Մ. Հովակիմյանը: Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն իր ոլորտի հիմնական խնդիրը համարեց երեխաների ծննդյան վկայական չունենալը եւ ամուսնալուծություններից հետո երեխաների խնամքին ու ծնողներին տեսակցելու հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter