HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Չափազանցված չեն վտանգները, որոնց մասին ահազանգում են»

h-gevorgyan_24.12.09«Շատ կարճ օրինակ բերեմ, թե սահմանը բացվելուց հետո ինչ է լինելու: Ասենք` սահմանները բացվեցին: Իրար են հանդիպելու 2 տնտեսական համակարգեր. լֆիկսամոյական մոնոպոլ, անարդյունավետ, անմրցունակ տնտեսությունը հանդիպելու է թուրքական մոբիլ, ազատ տնտեսությանը: Իսկ որպեսզի Հայաստանում, բացի լֆիկսամոյական տնտեսությունից, ուրիշ տնտեսություն լինի, պիտի լինի առողջ մրցակցություն: Ես չգիտեմ` Թուրքիայի` սահմանը բացելուց հետո ուղղակի՞ մեր տնտեսությունը իրենք կուլ կտան, թե՞ կուլ կտան լֆիկսամոյական տնտեսությունը»,- դեկտեմբերի 24-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի պաշտոնակատար Հայկ Գևորգյանը: Նրա խոսքերով` հայ-թուրքական վերջին զարգացումներում Հայաստանի իշխանության ամենամեծ բացթողումը Ցեղասպանության ուրացումն է, որը հստակ ամրագրված է նախաստորագրված արձանագրություններում: «Հետո Ղարաբաղը կդիտվի Ադրբեջանի կազմում այդ իմաստով: Կոնկրետ հիմա հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը շատ վտանգավոր միտում է, իմ կարծիքով, որ կատարվում է ներքաղաքական իրավիճակի ֆոնին: Այսինքն` գործող իշխանությունը կարող է գնալ ցանկացած փաստաթղթի ստորագրման, միայն թե պահպանի իր իշխանությունը»,- ասաց Հայկ Գևորգյանը: Նա միաժամանակ նշեց, որ ցանկացած մարդ ուզում է նորմալ հարաբերություն ունենալ հարևանների հետ, սակայն խնդիրն այն է, թե ինչ կստորագրվի և ինչ գնով: «Տարեգիր» օրաթերթի խմբագիր Վասակ Դարբինյանն ասաց, որ Հայաստանը շատ խոցելի վիճակում կհայտնվի, եթե Թուրքիան բացի սահմանը` հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական վիճակը, պետական կառույցների կայացվածության, երկրի միջազգային հեղինակության վիճակը: «Ի վերջո, եկեք նկատի ունենանք` ընդամենը 2 տասնամյակ չկա, որ Հայաստանը անկախ պետություն է, իսկ Թուրքիան բավականին կայացած է այդ առումով: Որ ոլորտը ուզենանք համեմատել, ցավոք սրտի մենք շատ խոցելի վիճակում ենք: Սա շատ վատ է, և միայն չափերի` փոքր կամ մեծ լինելու մասին չէ խոսքը: Խնդիրը մարդկանց կենսամակարդակն է, տնտեսության և քաղաքական մշակույթի մակարդակը: Եվ չափազանցված չեն վտանգները, որոնց մասին ահազանգում են»,- ասաց Վասակ Դարբինյանը: Իսկ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը կարծում է, որ արձանագրությունների վավերացման և սահմանի բացման վտանգները չափազանցված են: «Անկախ արձանագրությունների վավերացումից և անկախ սահմանների բացումից` միևնույն է այդ պրոցեսները պիտի գնային` և Ղարաբաղի հետ կապված կարգավորումը պիտի գնար իր ընթացքով, և Ցեղասպանության հետ կապված միջազգային հանրությունը կարող էր պարտադրել Հայաստանին` ինչ-որ բաներից հրաժարվել: Ես ասում եմ, որ ուղղակի սահմանների բացումը Հայաստանին նոր շունչ, նոր կյանք կբերի, և շատ բան կարող է փոխվել երկրում, նաև երկրի ներքին մթնոլորտում: Կարող է տնտեսական մի հատ թռիչք լինել: Հնարավոր է, որ ինտեգրումը, բացվելը, կյանքի բարելավումը, սահմանների բաց լինելը երկրում ընդհանուր մթնոլորտի փոփոխություն առաջացնի: Ես համենայն դեպս հույս ունեմ»,- ասաց «Հրապարակի» խմբագիրը: Հայկ Գևորգյանը հակադարձեց, որ այս պահին սահմանի բացվելը շատ վտանգավոր է, քանի որ երկիր իմունիտետն ու մրցունակությունը չափազանց ցածր են: Վասակ Դարբինյանի համոզմամբ ևս գերխնդիրը պետականության ամրապնդումն է, նորմալ, կիրթ, բանիմաց ղեկավարություն ստեղծելը և հավասարը հավասարի հետ հարաբերություններ հաստատելը: «Ես ամաչում եմ, որ իմ երկրի պաշտոնյան թուրքի մոտ ուղղակի ողորմելի տպավորություն է թողնում»,- ասաց նա: Վասակ Դարբինյանի խոսքերով` տվյալ երկիրը շատ ավելի շահեկան վիճակում է հայտնվում, երբ ունի ամուր պետականություն, բարձր կենսամակարդակով բնակչություն` անկախ նրանից այդ երկրի փոխհարաբերությունները հարևանի, թե հեռավոր երկիր հետ են: «Տարեգրի» խմբագիրը ևս դեմ չէ սահմանի բացմանը` վերոնշյալ գերխնդրի լուծմանը զուգահեռ: «Ունկնդրելով, թե ինչ նախադասություններ են կազմում այդ ոլորտի պատասխանատուները, ասենք, Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը այդ թեմաներով խոսելիս` այդպես էլ չհաջողվեց պարզել, թե, ի վերջո, այդ արձանագրությունները կազմելու մեջ իրենք մասնակցություն ունեցե՞լ են, թե՞ չէ, դա իրենց մատուցվե՞լ է, թե՞ իրենք, այնուամենայնիվ, աշխատել են այդ փաստաթղթի վրա»,- ասաց Վասակ Դարբինյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` «Երկիր» օրաթերթի խմբագիր Ռուբեն Մարգարյանն, ասաց, որ Հայաստանի իշխանությունը մտել է մի այնպիսի խաղի մեջ, որ հիմա ինքն էլ է ընդունում ռիսկի` շատ բարձր լինելը: «Հիմնական վտանգը հենց այն է, որ, այո՛, մենք այդ երկրի հետ այսօրվա դրությամբ շատ քիչ մրցունակ ենք, նույնիսկ տնտեսական դաշտը չվերցրած: Նույնիսկ եթե լրատվական դաշտը վերցնենք, իրենց լրատվական դաշտը շատ ավելի հզոր է, քան մերը: Եվ այս մի մրցափուլը մենք իհարկե տարվել ենք: Թուրքիան շատ ավելի է շահել, քան մենք: Բայց դրանից այն եզրակացությունը չէ, որ պարտադիր պարտվելու ենք նաև հետագայում: Այսինքն` կարծես թե այսօր բոլորը հասկանում են, թե ինչ վտանգավոր, ինչ դժվար խաղի մեջ ենք մտել, և երբեմն այդ վտանգի զգացումը ավելի մոբիլիզացնում է, որ կարողանաս ինչ-որ ներքին ռեսուրսներ գտնել և գնալ առաջ: Եվ հնարավոր է, որ կարողանանք շտկել այս սխալները, նույնիսկ ինչ-որ ձեռքբերումներ ունենալ»,- ասաց Ռուբեն Մարգարյանը: Նա անիմաստ համարեց սահմանի բացման վտանգները թվարկելը, քանի որ բոլորն արդեն անգիր են արել, թե «ինչ է մեզ սպասում, եթե այսպես շարունակենք»: Ըստ Ռուբեն Մարգարյանի` եթե բոլորը գիտակցեն այդ վտանգները, ապա դրանք, թեև դժվարությամբ, կկարողանանք շրջանցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter