Կադաստրին վերաբերող հարցը մարզպետարանի աշխատակցի մակարդակի հարց չէ
Երեկ Արագածոտնի մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանը դիմեց համայնքապետերին, որպեսզի իրենց համայնքներում կարգի բերեն անշարժ գույքի հետ կապված փաստաթղթերը` ասածը հղում անելով օրերս այդ հարցով մամուլի ասուլիսի հրավիրած Անշարժ գույքի պետական կադաստրի նախագահ Երվանդ Զախարյանին:
Երբ այդ մասին զեկուցում էր ՏԻՄ վարչության պետը, Բյուրականի գյուղապետ Հրաչյա Ավագյանը անմիջապես արձագանքեց եւ սկսեց մեղադրել Կադաստրին:
«Կադաստրի նոր պետին (նկատի ունի Երվանդ Զախարյանին,-հեղ.) չեմ ճանաչում, չգիտեմ ոնց է աշխատում, բայց Կադաստրից դառը փորձ ունենք: Բյուրականի վիճակը շատ անտանելի է: 2000 թվականից մինչ օրս բյուրականցիներին չեն տրամադրում սեփականության վկայականներ: Այդ հարցի կապակցությամբ մի հազար անգամ եղել եմ Կադաստրի կենտրոնական գրասենյակում: Դրանից հետո Աշտարակի գրասենյակին եմ դիմել: Ասում են հարցը կլուծենք, բայց ոչ մի բան չեն անում»,-հայտարարեց Հ. Ավագյանը:
Գյուղապետի ասելով` բոլոր համայնքներն էլ կախված են Կադաստրից, եւ ոչ մեկը «ռիսկ չի անում ասի», որ Կադաստրը գյուղացիներին դիտավորյալ տանում բերում է եւ հարցեր չի լուծում: «Վերջապես մարզպետարանը դրան պետք է ուշադրություն դարձնի, թե ոչ: Քարտեզները չի համապատասխանում իրականությանը, բնակիչների սեփականության վկայականները կեղծված են ներկայացվել նրանց: Կադաստրն ում սեփականության վկայական է տվել` բոլորը սխալ տվյալներով է»,-ավելացրեց գյուղապետը:
Երբ Հրաչյա Ավագյանը շարունակեց մեղադրանքներ ներկայացնել, Սիրասնիկ Հովսեփյանը ամբիոնից հայտարարեց, թե դա «իր մակարդակի հարց չէ» եւ իջավ բեմահարթակից: Դահլիճում հավաքված համայնքապետերը սկսեցին ծափահարել: Բյուրականի գյուղապետն այս անգամ էլ դիմեց մարզխորհրդին ներկա գտնվող ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանին:
«Պարոն Խաչատրյան, նաեւ ձեզ եմ դիմում, որ բյուրականցիները բազմիցս նամակ են գրել Ազգային ժողովին, Կադաստրին: Գյուղացիները գնացել են Երեւան, բայց Կադաստրի պետը նրանց չի ընդունել` դա ավելի վիրավորական է: Եթե այս հարցը չլուծվի, մենք կդիմենք հեռուստաընկերություններին ու թերթերին: Շատ վատ է մեր վիճակը: Ես շատ վիրավորված եմ»,-հայտարարեց Հ. Ավագյանը:
Լ. Խաչատրյանն էլ պատասխանեց, թե ինքը, լինելով մարզից մեծամասնականով ընտրված պատգամավոր, Բյուրականից ոչ մի դիմում-բողոք այդ հարցով չի ստացել:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ ասաց, թե այդ խնդիրն ունեն մարզի գրեթե բոլոր համայնքները, եւ Բյուրականը բացառություն չէ:
«Ամանորյա տոներից հետո այդ հարցով մարզպետարանում խորհրդակցություն կհրավիրենք եւ կկարգավորենք հարցը: Սկզբում Աշտարակի Կադաստրի պետին կհրավիրենք եւ կփորձենք հասկանալ` ինչ է կատարվում, եթե խնդիրն ավելի լուրջ եղավ` կհրավիրենք նաեւ Երվանդ Զախարյանին»,- խոստացավ մարզպետը եւ հորդորեց գյուղապետերին, որ այս հարցի շուրջ իրենց դիմում բողոքները ներկայացնեն մարզպետարան:
Նշենք, որ երբ Բյուրականի համայնքապետը բարձրաձայնում էր խնդիրը, կողքից համայնքապետերը «թաքուն» հավանություն էին տալիս Հ. Ավագյանի ասածներին, սակայն նրանցից ոչ մեկը բարձրաձայն չհայտնեց իր համայնքի բնակիչների նույն դժգոհությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել