HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի Բագարան գյուղն արթնանում է մոլլայի երգով

26-12_turqakan-gyuxԴպրոցից ու գյուղապետարանից բացի գյուղում հայկական ոչինչ չկա Թուրքիային սահմանակից Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչների մասին կարծես թե կառավարությունում մոռացել են: Այդպես են կարծում բագարանցիները եւ հույսները կապում հայ-թուրքական սահմանի բացման հետ, քանի որ փակ սահմաններով նույնիսկ գյուղի ներսում չեն կարողանում ազատ տեղաշարժվել: Գյուղացիների ասելով` նույնիսկ սեփական հողամասը մշակելու եւ անասուններին արոտավայր հասցնելու համար իրենց հատուկ անցագրեր են պետք: Եթե նույնիսկ անցագրում գյուղացու անվան մի տառը սխալ գրված լինի` սահմանապահներն արգելում են նրան մտնել իր սեփական հողամասը: Այդ դժվարություններն են պատճառը, որ գյուղացիները ցանկանում են օր առաջ բաց տեսնել Թուրքիայի հետ սահմանը: Մեզ հետ զրույցում բագարանցի Հայկ Գեւորգյանն ասաց, որ ինքը կողմ է սահմանի բացմանը, եթե դրանից չօգտվեն միայն բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները: «Եթե օլիգարխները մաքսատները վերցնեն իրենց ձեռքը եւ գրպանեն, ում է պետք բաց սահմանը: Այսօր մեր գյուղում 100 հեկտար հող լրիվ անմշակ է, որովհետեւ հող մշակելու համար հատուկ փաստաթուղթ է պետք, ինչ է թե հողամասը պիտի մշակենք: Եթե սահմանը բացվի առաջին հերթին առեւտուրը կզարգանա, եւ մեր վիճակն էլ կբարելավվի»,-ասաց Հ. Գեւորգյանը: 26-12_G-MargaryanՄեզ հետ զրույցում Բագարանի գյուղապետ Գեւորգ Մարգարյանն էլ հայտարարեց, թե իրենց գյուղում չեն մշակվում միայն արոտավայրերը, եւ չմշակվող վարելահողեր գրեթե չունեն: «Կոնկրետ անցագիրը պատճառ չէ հող մշակելու համար, սակայն դա լուրջ խոչընդոտ է: Անցագրերը տալիս են ոստիկանությունն ու Ազգային անվտանգության նախարարությունը: Անցագրի տրամադրումը երբեմն ուշանում է, ու գյուղացին չի կարողանում հողը ժամանակին մշակել: Եթե այդ անցագիրը կորցնի` էլի լուրջ խնդիր է առաջանում»,- ասաց Գ. Մարգարյանը: Նշենք, որ մինչեւ անցյալ տարի գյուղ մտնելու համար նույնպես անցագրային ռեժիմ էր սահմանված: Նույնիսկ հարազատը հարազատի տուն չէր կարողանում գնալ, մեծ դժվարություններ կար նաեւ բերքի իրացման հարցում: Գյուղապետի ասելով` բագարանցիների 70 տոկոսից ավելին կողմ է, որ հայ-թուրքական սահմանը բացվի, ինքը նույնպես բաց սահմանի կողմնակիցն է: «Բացի տնտեսական հարցերը` բաց սահմանը կնպաստի, որ ցեղասպանության հարցում առաջընթաց գրանցվի: Պետք է հայն ու թուրքն իրար հետ առեւտուր անեն, շփվեն, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ գնա»,- կարծում է գյուղապետը: Նա նշեց, որ Բագարանում վերջին տարիների ընթացքում ոչ մի ներդրում չի կատարվել: «1 տարուց ավելի է արդեն գյուղապետ եմ, այս ընթացքում գյուղում ոչ մի ներդրում չի կատարվել: Ինչքան հիշում եմ` դրանից առաջ էլ ներդրում չի եղել գյուղում»,- ավելացրեց Գ. Մարգարյանը: Բագարանը հեռու է մնացել ոչ միայն զարգացման ծրագրերից, այլեւ հայկական մշակույթից, երգ-երաժշտությունից: Բագարանցիներն ամեն առավոտ արթնանում են ոչ թե աքլորի կանչից, այլ հարեւան թուրքական` Ելինջան եւ Դարաելիշլա գյուղերի մինարեթներից եկող մոլլայի զրնգուն ձայնից: Տարբեր իրադարձություններին վերաբերող տեղեկատությունը, այդ թվում` Հայաստանին առնչվող, բագարանցիները ստանում են թուրքական, ադրբեջանական եւ իրանական լրատվամիջոցներից: Գյուղապետի փոխանցմամբ` գյուղում հայկական հեռուստաալիքներից հեռարձակվում է միայն Հանրային հեռուստաընկերությունը: Նշենք, որ Բագարանում կյանքը գրեթե «մեռած» է: Չի գործում գյուղի մշակույթի տունը, իսկ այս տարի չեն կազմակեպվելու նաեւ տոնական միջոցառումներ, ինչը որոշակի աշխուժություն կառաջացներ գյուղում: Գյուղապետ Գեւորգ Մարգարյանի ասելով` նախորդ տարի Բագարանում տոնածառի միջոցառումներ անցկացրել են, իսկ այս տարի դա էլ չի լինի, որովհետեւ ֆինանսական միջոցներն են սուղ: «Դպրոցը երեխեքին տարել է տոնածառի հանդես, մենք էլ չենք կարող կազմակերպել»,-ավելացրեց գյուղապետը: Նա «Հետքին» փոխանցեց, որ այս տարի գյուղի բյուջեն նախորդ տարվա հետ համեմատ զգալի նվազել է: Անցյալ տարի դոտացիայի հետ միասին բյուջեն եղել է 16 միլիոն դրամ, իսկ այս տարի` 11 միլիոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter