HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գերակա շահ. կենտրոնի բնակիչներին վտարում են առանց իմանալու, թե ինչ են կառուցելու նրանց տան տարածքում

28_12-tunԲուզանդ 83 հասցեում բնակվող ընտանիքին սպառնում է այն ճակատագիրը, որին արժանացան Երեւանի կենտրոնի բազմաթիվ քաղաքացիներ: Համաձայն ՀՀ Կառավարության 25.01.2007 թ. N108-Ն որոշման` նրանց տան տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվել հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն` անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին:

Դեկտեմբերի 9-ին դատական ակտերի հարկադիր կատարողները ներխուժել են Բուզանդ 83 հասցեում բնակվող ընտանիքներից մեկի տուն եւ նրանց վտարել այնտեղից, տունն էլ նույն օրը քանդել: ԴԱՀԿ աշխատակիցներն ունեին Աբրահամյաններին վտարելու դատարանի որոշումը: Ընտանիքին տրված փոխհատուցումը` մոտ 33 մլն դրամ, այժմ դատարանի դեպոզիտ հաշվին է, որտեղից ցանկացած պահի կարող են վերցնել: 65.69 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան եւ 78 քմ մակերեսով հողամասի դիմաց Աբրահամյաններին առաջարկվել է մոտ 36 միլիոն դրամ, սակայն ընտանիքը հրաժարվել է պայմանագիր կնքել, որից հետո «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը» (ԾԻԳ) դիմել է դատարան` բնակիչներին պատկանող անշարժ գույքը փոխհատուցմամբ օտարված համարելու եւ բնակիչներին տարածքից վտարելու պահանջներով: Հայցը բավարարվել է: Վտարված ընտանիքի անդամները` Վիոլետա Սահակյանը հարսի եւ չորս թոռների հետ, ներկայումս ապրում են տարբեր բարեկամների տանը: 28_12-naira«Չորս երեխա ունեմ, մեկի տանը չենք տեղավորվում, որ միասին ապրենք, ստիպված տարբեր բարեկամների տներ ենք գնացել, երեխաներիս բաժանել են իրարից ու ինձնից»,- ասում է Նաիրա Աբրահամյանը:

Նրա սկեսուրը` Վիոլետան, տեղափոխվել է նույն` Բուզանդ 83 հասցեում գտնվող մյուս որդու տուն, որը եւս դեկտեմբերի 9-ին ԴԱՀԿ-ի աշխատակիցները ցանկացել են քանդել, բայց չեն կարողացել, քանի որ այս տարածքի վերաբերյալ դատարանի որոշում չունեին: Մեր այցելության պահին Վիոլետա Սահակյանը հարեւանների տներից իրերն էր տեղափոխում որդու տուն: Նրա մյուս հարսը` Նունե Համբարձումյանը, ներկայացրեց, թե ինչպես է ԾԻԳ-ը իրացրել Բուզանդ 83 հասցեն` հօգուտ անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանի: «Այս հասցեում գտնվող տունը կառուցվել է 1915-70-ական թթ.: 1998 թ.-ին մենք տարածքը բաժանել ենք, այն հատվածը, որտեղ ամուսնուս եղբոր ընտանիքն էր բնակվում, սեփականաշնորհեցին, իսկ մեր հատվածը թույլ չտվեցին սեփականաշնորհել` պատճառաբանելով, թե տունը ոչ բարվոք վիճակում է: Մենք հետո այն վերանորոգեցինք, 2002-ին դիմեցինք սեփականաշնորհման, բայց չսեփականաշնորհեցին, ասում էին` «կարմիր գոտի» է»,- պատմեց Նունեն: Ընտանիքի հոր` Ռոլանդ Աբրահամյանի անունով 1998 թ.-ին տրվել է սեփականաշնորհման վկայական, որտեղ նշված է եղել տան կողքին առկա ինքնակամ կառույցի մասին: Սա այն տունն է, որտեղ մինչ օրս բնակվում է Նունե Համբարձումյանի ընտանիքը: Իսկ 2005 թ.-ին, երբ Ռոլանդ Աբրահամյանն այլեւս կենդանի չէր, ԾԻԳ-ն Աբրահամյանների ընտանիքին պարտադրել է նոր վկայական ձեռք բերել, որտեղ այլեւս Ռոլանդ Աբրահամյանի անունը նշված չի լինի: Դրանից հետո ընտանիքը կրկին ցանկացել է սեփականաշնորհել նաեւ ինքնակամ կառույցը, սակայն նրանց մերժել են` պատասխանելով, որ «սեփականության վկայականը տրված է 2001 թ. մայիսի 15-ից հետո, ուստի համաձայն «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի` ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման»: «Բայց մեզ սեփականության վկայական դեռեւս 1998 թ.-ից էին տվել, իսկ 2005-ի վկայականը տրվել էր 98-ի վկայականի հիման վրա: Մեզ ԾԻԳ-ն է ստիպել, որ 2005-ին նոր վկայական ձեռք բերենք, հիմա էլ ասում են` մինչեւ 2001 թ.-ը չեք սեփականաշնորհել»,- բացատրում է Նունե Համբարձումյանը: Ընտանիքի փաստաբանը` Էդգար Բադեյանը, «Հետքին» ասաց, որ քաղաքապետարանի բացատրությունն անհիմն է, քանի որ Աբրահամյանների ընտանիքը սեփականության վկայական է ձեռք բերել դեռեւս 1998 թ.-ին: «Քաղաքապետարանին ձեռնտու չէ ընդունել, որ գույքի նկատմամբ պետական գրանցումը կատարվել է 1998 թ.-ին, հետագայում նույն փաստաթղթի հիման վրա 2005-ին նոր վկայական է տվել: Սա նշանակում է, որ մինչեւ 2001 թ.-ը նրանք փաստաթուղթ ունեցել են տան վերաբերյալ»,- բացատրում է փաստաբանը: Է. Բադեյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են Վարչական դատարան` պահանջելով սեփականաշնորհել մոտ 60 քմ ինքնակամ կառույցը: «Ըստ «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` ինքնակամ 60 քմ կառույցը պետք է սեփականաշնորհվի, քանի որ մինչեւ 300 քմ սահմանազատված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը եւ/կամ դրանց վրա կառուցված բնակելի տները եւ/կամ բնակելի նշանակության օժանդակ շինությունները` ներառյալ բացառիկ գերակա շահ ճանաչված տարածքներում, համարվում են այն ֆիզիկական անձի սեփականությունը, որի սեփականությունը համարվող հողամասին կից է արվել օգտագործվող հողամասը: Եթե Աբրահամյանները 98-ին ունեցել են սեփականություն, ապա դրա կողքի ինքնակամ շինության նկատմամբ այս օրենքի ուժով ճանաչվելու է իրենց սեփականության իրավունքը»,- մանրամասնում է Էդգար Բադեյանը: Գործը գտնվում է Վարչական դատարանի վարույթում, դատական նիստի օրը դեռեւս հայտնի չէ. «Ես արգելանքի միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի քաղաքապետարանը կամ ԴԱՀԿ-ն որեւէ գործողություն չանի այդ տարածքի նկատմամբ, հիմա սպասում ենք այդ միջնորդության վերաբերյալ որոշմանը»,- ասում է փաստաբան Էդգար Բադեյանը:

«Եթե մեր տան հաշվին գերշահույթ ես ստանալու, ապահովիր մեզ բնակարանով»

Բուզանդ 83 հասցեում բնակվող ընտանիքը պատրաստ է հանձնել իր տունը` միայն համարժեք փոխհատուցման դեպքում: «Հայկ Բեգլարյանն ուզում է այս տարածքի վրա բարձրահարկ շենք կառուցել, մեր տան հաշվին գերշահույթ է ստանալու, դե ուրեմն թող բարի լինի ապահովել մեզ բնակարանով,- ասում է Նունե Համբարձումյանը,- մենք նրան կենտրոնի տարածք ենք տալիս, որքան էլ այն վատ վիճակում գտնվի, սա մեր միակ տունն է, թող ապահովեն մեզ բնակարանով»: Մեզ չհաջողվեց զրուցել Հայկ Բեգլարյանի հետ, քանի որ նրա հորը պատկանող «Ֆլեշ» ընկերությունում չցանկացան նրա հեռախոսահամարը հայտնել, փոխարենը այլ համարներ նշեցին, որոնցով զանգահարելով` զրուցեցինք ոմն Հայկի հետ, ով ասաց, որ ինքը Հայկ Բեգլարյանի ներկայացուցիչն է. «Բուզանդ 83 հասցեի հետ կապված բոլոր հարցերը կարող եք ԾԻԳ-ին տալ, նրանք կպատասխանեն: Հայկ Բեգլարյանը սպասում է, որ տարածքը իրեն հանձնեն, մնացածը ԾԻԳ-ն է իրականացնում»,- ասաց Հայկը: Մեր այն հարցին, թե ի՞նչ է նախատեսել կառուցել այդ տարածքում Հայկ Բեգլարյանը, նրա ներկայացուցիչը պատասխանեց, թե դեռեւս որոշված չէ: Այս հարցի պատասխանը ստացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից. «Քանի դեռ նշյալ տարածքն ամբողջությամբ իրացված չէ եւ օտարված չէ կառուցապատողին, քաղաքաշինական փաստաթղթերի (նախագիծ, շինթույլտվություն) հաստատումն անիրագործելի է: Ուստի, այսօր հստակ ասել, թե ինչ է կառուցվելու նշյալ տարածքում` անհնար է: Սակայն, ընդհանուր առմամբ Գլխավոր պողոտայի կառուցապատման սխեմայով նախատեսված են կառուցել բազմաֆունկցոնալ բնակելի եւ հասարակական նշանակության շինություններ»: Քաղաքապետարանի գրավոր պատասխանի համաձայն` անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանը Բուզանդ փողոցին հարող 2484 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի ձեքբերման հաղթող է ճանաչվել 2005 թ. մայիսի 19-ին կայացած մրցույթի արդյունքում: «Այնուհետեւ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Կառավարության նոր որոշում: ՀՀ Կառավարության 24.01.2007 թ. N108-Ն որոշմամբ, որպես նախկինում քաղաքաշինական ծրագիր իրականացրած սուբյեկտ, նույն տարածքի մասով Ա/Ձ Հայկ Բեգլարյանը ճանաչվել է ձեռք բերող` քաղաքաշինական ծրագիրը շարունակելու եւ ավարտին հասցնելու համար»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում: Ստացվում է, որ տարածքը վաճառել են անհատին` առանց ճշտելու, թե կոնկրետ ինչ է կառուցվելու այդ տարածքում: Եվ սա արվում է «բացառիկ գերակա հանրային շահ» ձեւակերպմամբ: Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այդ «բացառիկ գերակա հանրային շահ»-ի տակ քողարկվում է անհատների շահը: «Օրենքը պահանջում է, որ նրանք քննարկեն տվյալ տարածքի բնակիչների հետ, թե այդտեղ ինչ է կառուցվելու եւ ստանան եթե ոչ նրանց համաձայնությունը, ապա գոնե դրական վերաբերմունքը: Այնինչ մասնավոր անձանց սեփականությունը տրվում է մեկ այլ մասնավոր անձի, որն ավելի հարուստ է»,- ասում է տիկին Ալավերդյանը: Նախկին օմբուդսմենը հիշում է, որ միջազգային փորձագետները դժվարությամբ էին ընկալում, որ ՀՀ կառավարությունը կարող է այդպես վարվել իր քաղաքացիների հետ. «Կառավարությունը դեռ չի վերականգնել նախկինում իր կողմից ոտնահարված քաղաքացիների իրավունքները եւ նույն թափով այսօր շարունակում է ոտնահարումը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Հայկ Բեգլարյանը քաղծառայող է եւ անհատ ձեռներեց

Հայկ Բեգլարյանը քաղաքացիական ծառայող է, ՀՀ Վերահսկիչ Պալատի 8-րդ վարչության առաջատար մասնագետն է: Իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները Հայկ Բեգլարյանին արգելում են անձամբ զբաղվել ձեռնարկատիրությամբ: Մասնավորապես` 24-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված է. «Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»: Իսկ Հայկ Բեգլարյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, անհատ ձեռներեց է, այսինքն` անձամբ է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Նույն օրենքով սահմանված են քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը. 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն` քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է հանդիսանում օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը: Նշենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 8-րդ վարչությունը, որտեղ աշխատում է Հայկ Բեգլարյանը, վերահսկողություն է իրականացնում ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հանրային ծառայությունները կարգավորող, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովների, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության նկատմամբ:

Հ.Գ. Հայկ Բեգլարյանը, անցնելով քաղաքացիական ծառայության, հանդիսավոր պայմաններում երդվել է` արտասանելով հետեւյալը. «Հավատարիմ ծառայել ՀՀ ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, սանվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter