HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Երբ գորտի փոխարեն տաքացվող ջրին ադապտացվում է մի ողջ հանրություն

Հայ-թուրքական հաշտեցման եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացները ցույց տվեցին, որ Հայաստանում վարվող արտաքին քաղաքականության ոլորտում ձեւավորվում կամ արմատավորվում են մտայնություններ, որոնք մանիպուլյացիայի են ենթարկում հանրությանը եւ զրկում վերջինիս իրականությունը համարժեք գնահատելուց։

1. Միջազգային իրավունքի փուչիկի էֆեկտը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Վաշինգտոնում, Բարաք Օբամայի հետ վերջին հանդիպումից հետո հայտարարեց. «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ուղարկել ենք խորհրդարան։ Ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ոչ մի նախապայման չկա։ Սակայն խորհրդարանում վավերացնելը, իհարկե, պայման է։ Մենք գտնվում ենք ժողովրդավարական համակարգի մեջ եւ, իհարկե, չենք կարող խորհրդարանի վրա ճնշում գործադրել»։ Հոկտեմբերի 10-ին` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ուղերձով, որում ասում էր, թե եթե Թուրքիան ձգձգի եւ ողջամիտ ժամկետներում չվավերացնի արձանագրությունները, Հայաստանը կօգտագործի միջազգային իրավունքի նորմերը եւ համապատասխան քայլեր կձեռնարկի։ Առ այսօր պաշտոնական Երեւանը խուսափել է բացատրել, թե միջազգային իրավունքի ո՞ր նորմերն է օգտագործելու, եթե Թուրքիան չպահպանի «ողջամիտ ժամկետները»։ Պատճառը պարզ է. նման իրավական լծակներ Հայաստանը չունի եւ չի կարող ունենալ։ Ակնհայտ է, որ նման պնդումներին դրսում որեւէ մեկը լուրջ վերաբերվել չի կարող։ Դրանք ուղղված են ներքին սպառմանը, որով տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն ունի իրավական լծակներ՝ անհրաժեշտ պահին կասեցնելու գործընթացը կամ Թուրքիային ինչ-որ լուծումներ պարտադրելու։ Հայաստանը միայն իր ներքին օրենսդրությունը փոփոխելու լծակ ունի, ինչի մասին եւ հիշեցրեց ՀՀ նախագահը օրերս Երեւանում Լատվիայի նախագահի հետ ասուլիսի ընթացքում։

2. Անվստահելի գործընկերոջ ուրվականը

Սակայն, որպեսզի Թուրքիային եւ միջազգային հանրությանն ուղղված հոխորտանքները հողմաղացների դեմ պայքարի տպավորություն չթողնեն, գործի է դրվել մանիպուլյացիոն մեկ այլ հնարք։ Այն է՝ արձանագրությունները չվավերացնելու դեպքում Թուրքիան հայտնվելու է միջազգային հանրությանը խաբողի, պոտենցիալ անվստահելի գործընկերոջ դերում։ Թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը եւս մեկ անգամ կրկնեց իր կողմից բազմիցս արտահայտած այս միտքը։ «Եթե կողմերից որեւէ մեկը փորձում է խանգարել այդ գործընթացներին եւ խոչընդոտներ ստեղծել, դրանով արհամարհում է ոչ միայն փոխադարձ պայմանավորվածությունները, այլեւ միջազգային հանրության հետ պայմանավորվածությունները»,- ասաց նա։ ՀՀ արտգործնախարարն անկեղծորեն հավատում է, որ Թուրքիայի համար ինչ-որ բան նշանակում են որեւէ տեսակի պայմանավորվածությունները։ Իր պատմության ողջ ընթացքում այս երկիրը երբեք չի պահպանել որեւէ տեսակի պայմանագիր։ Նույն միջազգային հանրության թողտվության արդյունքում Թուրքիան շարունակում է օկուպացված պահել Կիպրոսի հյուսիսային հատվածը։ ՀՀ արտգործնախարարի նման հայտարարությունները վկայում են, որ մեր գիտակցության մեջ որպես իրական արժեք դեռեւս խորն է նստած «դրսի փրկարար ձեռքի» միֆը։ Եթե նախկինում այդ դերում Բյուզանդական կայսրությունն էր, հետո՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, ԽՍՀՄ-ը, ապա հիմա այդ կերպարը մարմնավորում է միջազգային հանրություն կոչվող ամորֆ, դատարկ տարածությունը։ Այս ընկալման արմատավորումը հանրությանը զրկում է իրական ռիսկերը գնահատելու եւ դրանց հակազդելու միջոցներ գտնելու կարողությունից։ Այն լավագույն միջոցն է՝ թաքցնելու դիմակայելու անկարողությունը կամ անբավարարությունը։

3. Դափնիների խաբուսիկ բույրը

Նույն «արիայից» է նաեւ արմատավորվող մյուս մտայնությունը։ Այն է՝ ողջ միջազգային հանրությունը ողջունում է Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության արդյունքները։ Հետեւաբար, եթե ողջունում է, ուրեմն Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում։ Այսինքն՝ եթե Հայաստանը զիջումների է գնում ԼՂ կարգավորման բանակցություններում եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելիս հրաժարվում է իր ազգային պահանջներից, ուրեմն Հայաստանը ճի՞շտ քաղաքականություն է վարում։ Ավելորդ է ասել, որ քաղաքական առումով միջազգային հանրության ծափահարությունները որեւէ իրական, առարկայական արժեք չունեն եւ չափազանց թույլ, խոցելի փաստարկ են՝ հիմնավորելու համար քայլերի արդարացվածությունը։ Իրեն հարգող որեւէ երկիր սեփական ձեռքբերումները չի չափում հարեւանների ծափահարությունների կամ նախանձի ու չարախոսության մակարդակով։ Որեւէ երկրի հասարակության բթացման համար ավելի հեշտ միջոց չկա, քան հանրային գիտակցությունը դափնիների վրա քնեցնելը։

4. Նախապայմանների ճչացող լռությունը

Վաշինգտոնում Էրդողանի արած վերոնշյալ հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը վերջապես հիմք ունեցավ պնդելու, թե հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան։ Իրականում, սակայն, նախապայմանները ոչ թե արձանագրություններում են, այլ հենց արձանագրությունների առկայության փաստն է ինքնին։ Թուրքիան այդ արձանագրությունները ստորագրել է միայն այն պատճառով, որ դրանով Հայաստանը պարտավորվում է ճանաչել իր սահմանները եւ ստեղծել Ցեղասպանության փաստերն ուսումնասիրող հատկապես պատմաբաններից կազմված հանձնաժողով։ Եթե այս երկու կետերը պայմանի արժեք չունենային Թուրքիայի համար, դրանք տեղ չէին գտնի արձանագրություններում, կամ ավելի ճիշտ սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ կարգավորելու համար որեւէ արձանագրություն ստորագրելու անհրաժեշտություն չէր առաջանա։ Էրդողանը արձանագրություններում նախապայմանների բացակայության մասին խոսելիս նկատի ունի ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված իրենց պահանջը։ Եթե արձանագրությունների շնորհիվ Թուրքիայի ձեռքբերումները իրավական հենք ունեն, ապա քաղաքական առումով նրա ակնկալիքները կապված են ԼՂ հիմնահարցի եւ Ադրբեջանի շահերի հետ։ Ուստի ոչ Անկարան եւ ոչ էլ Բաքուն, որը կիրառում է նույն դիվանագիտական տեխնոլոգիան, փորձում են ձեռքից բաց չթողնել այդ հնարավորությունը։ Նախապայմանների մասին Անկարան բացահայտորեն խոսում է` խաղարկելով «պառլամենտարիզմի» հնարքը։ Եվ քանի որ Անկարան այդպիսով բացում է խաղաքարտերը, ստիպված նույնը անում է նաեւ Երեւանը։ «Մենք հույս ունենք, որ Թուրքիան չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են ձախողել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնությունը։ Եթե իրադարձությունները նման ընթացք ստանան, Հայաստանի խորհրդարանը չի վավերացնի հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները»,- թուրքական «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում ասում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայաստանը պարզապես կրկնում է Անկարայի քայլերը` նույն հաջորդականությամբ։ Եվ դա անում է՝ միայն ԼՂ հարցում նախապայման առաջադրելու Անկարայի ջանքերը չեզոքացնելու համար։ Արդյունքում՝ այլեւս ոչ ոք չի խոսում Թուրքիայի սահմանների ճանաչման եւ պատմաբաններից կազմված միջկառավարական ենթահանձնաժողով ձեւավորելու մասին։

5. Երբ եփվող ջրում ոչ թե փորձարկվող գորտ է, այլ մի ողջ հասարակություն

Սակայն արմատավորվող ամենավտանգավոր մտայնությունը հարմարվողականության գաղափարի հետեւողական ներմուծումն է հանրային ենթագիտակցության մեջ։ Դա տեղի է ունենում ձախողումների սուբյեկտիվ պատճառները օբյեկտիվ իրողությունների վերածելու ճանապարհով։ Օրինակ` աստիճանաբար տիրապետող է դառնում այն կարծիքը, թե անհրաժեշտ է զգալի զիջումների գնալ ԼՂ բանակցություններում, որովհետեւ հողերը պահելու ռեսուրսները նվազում են։ Նույն կերպ՝ արձանագրությունների ստորագրումը բացատրվեց նրանով, թե Հայաստանը ստիպված է զիջումներ կատարել նաեւ այս ուղղությամբ, որովհետեւ Հայաստանի տնտեսությունն առողջացնելու խնդիր է դրվել։ Հիմնավորումներն առաջին հայացքից հասկանալի են թվում, սակայն հիմնաքարային հարցադրումը, թե ինչի՞ արդյունքում է ստեղծվել այս իրավիճակը` մնում է օդից կախված։ Հողերը, ինքնիշխանությունը պահելու, տարածաշրջանում դիրքերն ամրացնելու գաղափարը մնաց սառույցի վրա գրված։ Եթե այն իշխանության գիտակցության մեջ դրոշմվեր հենց սկզբից, ապա Հայաստանում երբեք օլիգոպոլիաներ չպետք է առաջանային, ընտրությունները չպետք է կեղծվեին, մարդու իրավունքները չպետք է ոտնահարվեին, եւ սոցիալական վիճակը չպետք է բեւեռացվեր այնպես, որ արտագաղթի ու հանրային նիհիլիզմի մակարդակը ազգային ու պետական անվտանգությանը սպառնացող վտանգի վերածվեր։ Հայաստանում հանրությունը տաքացող ջրին հարմարվող գորտի կարգավիճակում է հայտնվել։ Մի օր ջրի անընդհատ տաքացմանը հարմարվող հանրությունը հանկարծ պարզելու է, որ եփվում է՝ անընդհատ օբյեկտիվ պատճառաբանություններով հիմնավորվող կորուստներին ադապտացվելու արդյունքում, մինչդեռ եռացող ջրից դուրս թռչելու ուժ այլեւս չունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter