HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարտունու կենտրոնական գրադարանի 75000 գրքերը` ոչնչացման եզրին

Արդեն հոգնել ենք մեր կարգավիճակից, որ ամեն անգամ պետք է դիմենք, խնդրենք, նամակներ գրենք պաշտոնյաներին, որ մեր գրադարանն անմխիթար վիճակում է եւ օգնության կարիք ունի»,- այս խոսքերով դիմավորեց «Հետքի» թղթակցին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կենտրոնական գրադարանի տնօրեն Լիդա Ալեքսանյանը:

Գրադարանի շենքն անմխիթար վիճակում է եւ վերանորոգման խիստ կարիք ունի: Սակայն, գրադարանի տնօրեն Լիդա Ալեքսանյանի ասելով` այժմ վիճակն այնպիսին է, որ նույնիսկ վերանորոգումը չի կարող օգնել: «Գրադարանի շենքն այնպիսի տեղում է, որ վերանորոգումը օգուտ չի տա: Տեղը խոնավ է, եւ միակ ելքը նոր շենք կառուցելն է»,- համոզված է տնօրենը: Աշխատակիցները պատմում են, որ խոնավությունից գրքերը կրկնակի ծանրացել են եւ խունացել: Նշենք, որ գրադարանն ունի 75 000 գիրք եւ 3000 ընթերցող: Գրադարանի մաշված ու հին գրքերը դուրս գրման ենթակա են, սակայն դուրս չեն գրում, քանի որ գրքերի պահանջարկը մեծ է: Բայց մեկ գիրք ընթերցելու համար ընթերցողը լուրջ փորձություն է անցնում, քանի որ գրքերի էջերը պակաս են: Ընթերցողները ստիպված մի գրքից մի քանի օրինակ են վերցնում եւ իրար հետ համադրելով` ընթերցում:

28_12-l_alexsanyan

«Վերջին անգամ գրականություն ստացել ենք հունիսին` գրքերի օգնության ֆոնդից: Իսկ ընդհանուր առմամբ` վերջին տարիներին ոչ մի կտոր գրականություն մուտք չի գործել գրադարան, քանի որ գիրք գնելու գումար չենք ունեցել»,- ասաց Լիդա Ալեքսանյանը: Գրադարանը Մարտունու քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում, եւ նոր գրականություն ձեռք բերելու հարցում առաջին հերթին քաղաքապետը պետք է մտահոգվեր: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Խլղաթյանը «Հետքին» փոխանցեց, որ գրադարանի վերանորոգումը նախատեսված է 2010 թվականին: «Եթե գալիք տարում ֆինանսական ճգնաժամը չթակի Կառավարության եւ Մարտունու քաղաքապետարանի դուռը, ուրեմն 2010-ին պետական բյուջեի միջոցներով շենքը կվերանորոգվի»,- ասաց Խ. Խլղաթյանը: Նրա ասելով` ճգնաժամի պայմաններում չեն ուզում «Կառավարությանը նեղություն տալ», սակայն գրքերը խոնավությունից բորբոսնում են, եւ իրենք այլընտրանք չունեն:

28_12-r_jamkharyan

Ռոզա Ժամխարյանը երկար տարիներ աշխատում է գրադարանում: Նա գրեթե ամեն օր սոսնձում է գրքերը, որպեսզի դրանք ինչքան հնարավոր է երկար մնան շրջանառության մեջ: Գրադարանը սպասարկում է ողջ տարածաշրջանը: Նույնիսկ տարածաշրջանի 17 գյուղերից ընթերցողներ են գալիս այստեղ: Մարտունիում ժամանակին գործել են քաղաքային եւ մանկական գրադարաններ, որոնք այժմ փակ են, եւ ամբողջ գրականությունը տեղափոխվել է կենտրոնական գրադարան: Հիմա այդ գրականությունը կապոցների մեջ է` իրար վրա լցրած: Այդ պատճառով գրականության մի մասը չեն կարողանում շրջանառության մեջ դնել:

«Ընթերցողից որոշակի ժամանակ ենք խնդրում, որ կապոցից գրականությունը հանենք, գան տանեն»,- նշեց գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Կարինե Հայրապետյանը: Տնօրենի ասելով էլ` գրադարանում հարմար տեղ չունեն գրքերը տեղավորելու համար: Գրադարանը նաեւ ընթերցասրահ չունի, եւ ընթերցողները գիրքը տուն են տանում: «5 տարի է արդեն տնօրեն եմ: Դիմել ենք պետական բոլոր մարմիններին, Մշակույթի նախարարությանը: Մարզպետարան ենք դիմել, պաշտոնյաների ենք հրավիրել, որ գան, տեսնեն: Պաշտոնյաները տեսնում են, շատ ցավում են, բայց ասում են, որ միջոցներ եւ գումար չկա, որ տրամադրեն: Խոստացել էին, որ միջոցներ կտրամադրեն, այս տարի էլ ճգնաժամ էր` ոչինչ չարեցին»,- ավելացրեց Լ. Ալեքսանյանը:

Գրադարանի աշխատակիցները փաստեցին, որ իրենց հիշում են միայն ընտրությունների ժամանակ: Ըստ նրանց` նախընտրական շրջանում բոլորը խոստանում են, որ առաջնահերթ գրադարանի հարցն են լուծելու, սակայն ընտրվելուց հետո ամեն ինչ ավարտվում է: Իրենք իրենց նվիրյալ համարող աշխատակիցները հույս ունեն, որ ինչ-որ բարեգործ կգտնվի եւ կփրկի գրադարանը անհուսալի վիճակից:

«Ափսոս է այս գրականությունը: Ընթերցող շատ ունենք, դրա ապացույցը այսօրվա քրքրված գրականությունն է: Եթե ընթերցող չունենայինք, գրականությունը չէր քրքրվի»,- ավելացրեց Լիդա Ալեքսանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter