Կզարգանա՞ զբոսաշրջությունը Լոռիում. ի՞նչ են մտածում լոռեցիները
Կառավարությունը հոկտեմբերի 1-ի իր որոշմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին, Հաղպատ վանական համալիրները, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի «Ծովեր» լիճը, ինչպես նաեւ հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի եւ Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարեց զբոսաշրջության կենտրոն՝ անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարին վերապահվել է վեցամսյա ժամկետում ապահովել «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը եւ ներկայացնել Կառավարություն: Ծրագրի գերակա խնդիրներն են` պատմամշակութային հուշարձանների վերականգնումը, Ախթալայի վանական համալիրի տարածքում զինագործության եւ միջնադարյան արվեստի թանգարանի հիմնադրումը, կենտրոնի ամբողջ տարածքում բարձրորակ ինտերնետ կապի ապահովումը, Օձուն գյուղի ուղղաթիռային հրապարակի կառուցումը, Դսեղ գյուղում հեքիաթների այգու ստեղծումը եւ շատ այլ միջոցառումներ:
Վոլոդյա Բեկթաշյան (Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն) - «Լոռվա բնաշխարհը, մասնավորապես Ալավերդի քաղաքը մեծ հնարավորություններ ունի տուրիզմի զարգացման համար: Դրան կարող են նպաստել ոչ միայն մեր բնակլիմայական պայմանները, այլեւ տարածաշրջանի բնությունը` իր վայրի գեղեցկությամբ: Պատմական եւ ճարտարապետական կառույցները նույնպես հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանում զարգացնելու տուրիզմը: Բայց այստեղ է, որ մեր Կառավարության անդամները պետք է ոչ թե ընդհանուր հայտարարություններ անեն, այլ կազմեն իրատեսական ծրագրեր: Կոնկրետ սկսեն զբոսաշրջիկների սպասարկման ենթակառուցվածքների զարգացումից` հետագայում անցնելով ավելի ընդգրկուն ծրագրերի: Եթե մենք ուզում ենք Հաղպատի, Սանահինի, Օձունի եկեղեցական համալիրները ցույց տալ մեր հյուրերին, ապա դրանք պետք է բերվեն պատշաճ տեսքի: Եթե մեր երկիրն իր առջեւ տուրիզմի զարգացման խնդիր է դրել, ապա միջոցներ պետք է հատկացնի այս հուշարձանները գրավիչ դարձնելու համար: Մեր տարածաշրջանում 1500-ից ավելի հուշարձաններ կան, որոնց 80-90 տոկոսը անմխիթար վիճակում է: Միայն Սանահինը չէ, վերջերս խայտառակ վիճակում է հայտնվել նաեւ Քոբայրը: Մենք եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհներ չունենք, չունենք տուրիստական հանգրվաններ, խոսքս սպասարկման ոլորտի մասին է, սննդի համապատասխան օբյեկտները քիչ են, այսինքն` առաջինը պետք է ենթակառուցվածքներից սկսել: Տուրիզմի զարգացման վրա անպայման կազդի նաեւ տարածաշրջանի բնապահպանական պատկերը: Եթե բնապահպանական ներկայիս վիճակն ավելի խորանա` կապված Թեղուտի հանքավայրի շահագործման, Ախթալայի պոչամբարների ընդլայնման հետ, ապա կարծում եմ` տուրիզմի զարգացմանը զուգահեռ պետք է մեղմացվեն բնապահպանական հիմնախնդիրները»:
Ալբերտ Սարգսյան (Հյուսիսային համալսարանի դասախոս) -«Տուրիզմի զարգացման համար, ըստ իս, երկու նախապայման է անհրաժեշտ: Առաջին` տուրիստներին կհետաքրքրեն մեր պատմաճարտարապետական հուշարձանները, այս առումով հարուստ նախապայման կա: Երկրորդ` ենթակառուցվածքները մեզ մոտ շատ կաղում են: «Հյուսիսային դարպասներ» ծրագիրը ողջունելի ծրագիր է, որը մասնավորապես սփյուռքահայերին եւ զբոսաշրջիկներին կկապի Հայաստանի եւ Լոռվա մեր չքնաղ բնության հետ: Կզարգանան ենթակառուցվածքները, կստեղծվեն աշխատատեղեր: Բնապահպանական վիճակը, անկասկած, կխանգարի տուրիզմի զարգացմանը: Եթե մեր աղքատ բնակչությունը հանդուրժում է օդի, ջրի եւ բնության աղտոտումը, դա զբոսաշրջիկներին ետ կպահի, մեր էկոլոգիական ծանր վիճակը նրանց մոտ լավ արձագանք չի կարող ունենալ: Կառավարությունը ոչ միայն բնապահպանական առումով, այլ բոլոր առումներով պետք է մարզերին ավելի ուշադրություն դարձնի, թե չէ պարզվում է` Երեւանը մի ուրիշ աշխարհ է, մարզերը` ուրիշ»:
Աշոտ Միրզոյան -«Գտնում եմ, որ զուտ տուրիզմով Ալավերդիում հնարավոր չէ աշխատատեղերի ստեղծման խնդիրը լուծել: Մենակ տուրիզմով ո՞նց կարելի է լուծել: Ալավերդու զարգացումը կապված է գործարանի մեծացման եւ զարգացման հետ: Համաձայն եմ, դա էլ բնապահպանական աղետներ է բերում, բայց Ալավերդին որպես քաղաք ձեւավորվել է գործարանի շուրջը: Ընդհանրապես տուրիզմի զարգացման հնարավորություն կա, բայց էս սարսափելի պայմաններում ի՞նչ տուրիզմի մասին է խոսքը: Ո՞վ կգա էստեղ հանգստանալու կամ ներդրում անելու: Ես, իհարկե, տեղյակ չեմ տուրիստների` Ալավերդի գալ-գնալուց, եթե տարեկան 7 հազար տուրիստ է մեր տարածաշրջան այցելում, մնում է Կառավարությունը մտածի տուրիզմի զարգացման նախապայմաններ ստեղծելու մասին: Եթե սպասարկման նորմալ ոլորտներ ստեղծվեն, կստեղծվեն նաեւ աշխատատեղեր: Մնում է Կառավարությունը մտածի»:
Ա.Մ. - «Ես իմ բնաշխարհի փրկության ապագան զբոսաշրջության մեջ եմ տեսնում: Ալավերդցիների մեծ մասի մոտ իշխում է այն կարծիքը, որ առանց հանքահումքային արտադրության մեր տարածաշրջանը ապագա չունի: Եթե զբոսաշրջությունը մեզ մոտ իրականություն դառնա, այդ մարդիկ այլընտրանքային ոլորտ կտեսնեն, վերջապես կթոթափեն մեր բնությանն ու մարդկանց առողջությանը մեծ վնասներ բերող արտադրության գերագնահատումը: Ես Ալավերդու եւ մյուս համայնքների բնակչության անվտանգ ապագան տեսնում եմ զբոսաշրջության զարգացման մեջ եւ երազում այն իրականացված տեսնել»:
Ավետիք Շախկյան (անհատ ձեռներեց) -«Անպայման, համոզված եմ, որ կզարգանա: Մեր տարածաշրջանում տուրիզմի զարգացման ամենանպաստավոր պայմանն այն է, որ մենք լոռեցի ենք, լավ, սիրալիր ժողովուրդ ենք: Հիմքը դա է: Հարուստ ենք նաեւ մշակութային հուշարձաններով: Համոզված եմ, որ դրական արդյունք կլինի: Ես մտածում եմ, որ Կառավարությունն ուզում է տուրիզմը մեզ մոտ զարգացնել, բայց չեմ կարող ասել` ինչ չափով կարող է անել: Ես կողմնակից եմ, որ բնությունը լավ պահպանենք: Ժողովուրդը պիտի խելքի գա, դա խիստ կարեւոր բան է»:
Արթուր Կոստանդյան (երաժիշտ) - «Տուրիզմը Ալավերդիում ոչ թե կարող է զարգանալ, այլ մի 100 տարի առաջ պետք է սկսեր զարգանալ: Զարգացումը չի կարող պայմանավորված լինել երկրի վիճակի հետ: Թե չէ ` մեր ժողովրդի ջիգյարն ու բնավորությունը էս լավ բնության մեջ տեղովը տուրիզմի պայման է, խանգարողը էն թուղթն է, այսինքն` փողը»:
Հայկազ Փերիխանյան (մանկավարժ) -«Ճիշտն ասած` քանի որ մեզ մոտ պատմական հուշարձաններ կան, ինձ թվում է` հնարավոր է տուրիզմի զարգացումը: Մենակ այստեղ մնում է հյուրանոցների հարցը, ռեստորաններ արդեն կան, բնապահպանական վիճակը մեզ մոտ բարեհաջող չի, այդ առումով խնդիր կա, բայց մեր հուշարձանները հետաքրքրություն կարող են ներկայացնել: Դրանք, ինձ թվում է, էդքան էլ լավ չեն պահպանվում»:
Արտավազդ Վարոսյան (Ալավերդու փոխքաղաքապետ) - Ալավերդու սոցիալ-տնտեսական իրավիճակը ծանր է: Միակ ելքը, որ այսօր մենք տեսնում ենք, այլ ճյուղերի զարգացումն է, որպեսզի տնտեսությունը կախված չլինի մեկ ձեռնարկությունից, այն է` «Էյ-Սի-Փի» ընկերությունից: Մեր ընտրությունը կանգ է առել զբոսաշրջության զարգացման վրա, որի համար մեզ մոտ կան անհրաժեշտ ելակետային պայմանները: Միայն այն հանգամանքը, որ տարածաշրջանում ունենք ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված երկու պատմամշակութային հուշարձաններ` Հաղպատը եւ Սանահինը, արդեն իսկ առաջացնում է զբոսաշրջիկների հոսք: Սակայն զբոսաշրջության զարգացման հետ կապված մեզ մոտ կան լուրջ խնդիրներ, որոնցով պետք է զբաղվել: Մի մասը համայնքի պարտավորությունն է` ճանապարհներ, սանիտարահիգիենիկ պայմաններ, մասնավորապես աղբահանությունը, բնապահպանական խնդիրները: Մյուս մասն էլ մասնավոր սեկտորի խնդիրն է` հյուրանոցների, ռեստորանների կառուցումը, հյուրատների պատրաստումը եւ այլն: Այս ուղղությամբ մեր աշխատանքները բավականին աշխուժացել են: Ինչ վերաբերում է «Հյուսիսային դարպաս» ծրագրին, ապա պետք է ասեմ, որ Ալավերդին այնքանով է այդ ծրագրում ներգրավված, որքանով Ալավերդու վարչական տարածքում է գտնվում Սանահինի եկեղեցական համալիրը: Մյուս բոլոր առումներով ծրագրի հեղինակները նպատակահարմար չեն գտել Ալավերդին ընդգրկել ծրագրի մեջ: Ես անձամբ «Հյուսիսային դարպաս» ծրագրից շատ հակիրճ տեղեկատվություն ունեմ: Հեռուստաելույթներից եւ մամուլից: Ծրագիրը չի հանձնվել մեզ, որպեսզի մենք մանրամասն ուսումնասիրենք: Բացի այդ, ծրագիրը շրջանառության մեջ դնելուց առաջ պրն Խաչիկյանը մեզ հետ չի քննարկել: Մենք ընդամենը ընդհանուր ձեւով տեղեկացվել ենք, որ այսպիսի ծրագիր կա շրջանառության մեջ, ներկայացվել է Կառավարության քննարկմանը եւ հավանություն է ստացել: Ալավերդին շրջանցելն էլ բացատրվում է էկոլոգիական խնդիրներով` Ախթալայի ոչ պակաս վտանգավոր էկոլոգիական հիմնախնդիրներն, իհարկե, անտեսելով: Ախթալայի ենթաշրջանում 3 պոչամբար եւ բաց հանքավայր կա: Բայց, ամեն դեպքում, այդ մոտեցումը սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված այնքանով, որքանով նախաձեռնողներից հարգարժան Վազգեն Խաչիկյանը, ինչ- որ տեղ բնական է` մարդը իր բնակավայրի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն դարձնելու ցանկություն ունի, որը չենք կարող բացասական գնահատել: Բայց, այնուամենայնիվ, մի բան է ցանկությունը, մի այլ բան` իրողությունը, որի հետ պետք է հաշվի նստել: Ամեն դեպքում, Ալավերդին եղել է եւ մնալու է տարածաշրջանի կենտրոնը, եւ այդ լիազորությունները Ախթալան, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող իր ձեռքը վերցնել: Դրա համար Ախթալայում չկա համապատասխան կադրային պոտենցիալ, փոքր բնակավայր է, աշխարհագրական դիրքը հարմար չէ: Ալավերդիում են գտնվում կարեւոր ենթակառուցվածքները` հիվանդանոցը, ոստիկանությունը, բանկային համակարգը եւ այլն: Օբյեկտիվությունից ելնելով` մենք հաշտվելու ենք, որ աշխատանքների կոորդինացումը կարող է կատարվել Ալավերդուց, որովհետեւ մեր հնարավորությունները Ախթալան չի կարող ունենալ: Ախթալան լավագույն դեպքում կարող է հավակնել, ինչպես Հաղպատը կամ Սանահինը, երթուղիներից մեկը լինելուն: Համաձայն եմ` Վ. Խաչիկյանի կողմից իրականացվող միջոցառումները նպաստում են Ախթալայի լայն ճանաչում ձեռք բերելուն, մեր կողմից էլ են արվում միջոցառումներ, միգուցե այդ կարգի չեն արվում, մենք ուշադրությունը ավելի շատ սեւեռում ենք տեղեկատվական աշխատանքների վրա: Ստեղծել ենք «Alaverdi.am» կայքը, որտեղ լինելու է զբոսաշրջության մասին եռալեզու տեղեկատվություն: Գուցե թվում է, թե դա այնքան էլ էական չէ` համեմատած խորովածի փառատոնի հետ, բայց այս աշխատանքները ես շատ կարեւորում եմ, որովհետեւ մարդիկ, մեծ ցանկության դեպքում անգամ, առանց համապատասխան ինֆորմացիայի չեն կարող հաջողություն ունենալ: Այսօր աշխատատեղերի ստեղծման ռեալ հնարավորությունը լեռնահումքային արտադրությունն է, որը մյուս կողմից խոչընդոտ է ոչ պակաս ճյուղի զարգացմանը: Մենք հարցն այնպես չենք դնում, որ դրանցից մեկը պետք է լինի, արդյունաբերությունից հրաժարվելու միտք էլ չունենք: Բնական է, որ բնապահպանական խնդիրներն ինչքան էլ լուրջ են, ստիպված ենք համակերպվել այս իրավիճակի հետ: Աշխատանքի շուկայում առաջարկելու այլ բան չունենք: Այդուհանդերձ, պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի եկող զբոսաշրջիկներին մենք կարողանանք ծառայություն մատուցել եւ գումար ստանալ: Ոլորտն ինքը պետք է իրեն զարգացնի: Բացատրական աշխատանք է պետք բնակչության շրջանում, որ չսպասեն, թե որեւէ մեկն իրենց աշխատատեղ է տալու, իրենք էլ պետք է դառնան նախաձեռնող: Ասեմ նաեւ, որ քաղաքում միակ կառույցը, որ ամենամեծ հնարավորություններն ունի տուրիզմի ոլորտում ներդրումներ անելու` «Էյ-Սի-Փի»-ն է: Ընկերությունն ունի հյուրանոցային շենք, Օձունի «Կենդանարար» հանդամասի անտառի փեշերին գտնվող մանկական հանգստավայր եւ դեպի Ախթալա տանող ճանապարհին` հյուրատուն: Ընկերության կողմից մի քանի տարի առաջ սկսվեցին հյուրանոցի վերանորոգման աշխատանքները, հետո դադարեցվեցին, հավանաբար միջոցների պակասի պատճառով: Կարծում եմ` ժամանակի ընթացքում նրանք էլ կհամոզվեն, որ միայն հանքահումքային արտադրությունը չի եկամտաբեր եւ կփոխեն իրենց վերաբերմունքը:
Վազգեն Խաչիկյան (Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ) - Երբ Կառավարությունը հոկտեմբերի 1-ին հաստատեց այդ ծրագիրը, այնտեղ նախատեսվեց 6-ամսյա ժամկետ, որի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է ժամանակացույցը, միջոցառումները, ֆինանսավորման աղբյուրները, պատասխանատուները մատնանշի: Ըստ իս, մենք գարնանը կունենանք մի փաստաթուղթ, որով ժողովուրդը կտեսնի, թե որ քայլից հետո որը պետք է լինի: Զբոսաշրջության զարգացումը մեկ օրվա խնդիր չէ, այն տեւական ժամանակ է պահանջում: Պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Անշուշտ, առաջին հերթին շահագրգիռ զանգվածը բնակչությունն է, որը իր շահագրգռվածությունը պետք է արտահայտի բիզնես-կառուցվածքների, ՏԻՄ-երի, մարզպետարանի եւ ավելի գլոբալ` Կառավարության միջոցով: Կառավարությունը, անշուշտ, այս քայլը կատարելով` խրախուսում է եւ ուշադրություն է բեւեռում: Մնացածն արդեն կախված է մեզանից` բոլորիցս, թե մենք ինչքանով կսատարենք Կառավարությանը, այնքանով էլ ծրագիրը հաջողություն կունենա: Կոնկրետ ձեռնարկներն արդեն բաժանվել են մի քանի խմբերի` ենթակառուցվածքների ստեղծում, այն է` հյուրանոցային տնտեսություն, ռեստորանային համալիրներ, ինչպես նաեւ այնպիսի ատրակցիոններ, որոնք հնարավորություն կտան ուշադրություն հրավիրել մեր տարածաշրջանի վրա: Զբոսաշրջություն ասելով չպետք է նկատի ունենանք միայն արտասահմանցիներին: Պետք է ընդունենք, որ բավականին ռեսուրսներ կան ներհայաստանյան տուրիզմի մեջ, եւ այդ հնարավորությունները չենք կարող չօգտագործել: Կոնկրետ մի քանի ձեռնարկների մասին ես ինքս տեղյակ եմ: Խոսքը վերաբերում է հյուրանոցային համալիրի զարգացմանը, որին բավականին աջակցում է նաեւ Էկոնոմիկայի նախարարությունը: Ալավերդու քաղաքապետարանում ստեղծվել է զբոսաշրջության կենտրոն, որն այսօր էլ հավաքագրում է Հաղպատ, Ալավերդի եւ Օձուն համայնքների հյուրատները, որոշակի քայլեր է կատարում նաեւ Ախթալայի քաղաքապետարանը: Ինչ վերաբերում է «Հյուսիսային դարպասներ» ծրագրով ակնկալվող աշխատատեղերի բացմանը, ապա ակնկալիքները բաժանվում են մի քանի խմբի` առաջինը ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված շինարարությունն է: Հետագայում, երբ ենթակառուցվածքները ստեղծվեն, դրանցում ներգրավված աշխատուժի խնդիրը կդրվի: Այստեղ պետք է խոսենք արդեն որակյալ աշխատուժի մասին: Պետք է նկատի ունենանք, որ կան այլ ոլորտներ եւս, որտեղ կարող է ներգրավված լինել բնակչությունը: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը եւ անասնապահությանը: Մեկ ուրիշ բան ասեմ. երբ վերջերս կայացած խորովածի փառատոնում հաղթող ճանաչվեց Ալավերդու ներկայացուցիչը, բազում հանրապետական թերթեր եւ միջազգային պարբերականներ անդրադարձան այդ փաստին, եւ դա բավականին դիվիդենտներ բերեց այն ռեստորանին, որտեղ աշխատում է այդ խոհարարը: Պետք է հասնենք նրան, որ զբոսաշրջիկներին, բացի վանական համալիրներ այցելելը, առաջարկվեն այլ ծրագրեր: Եթե նկատել եք, Կառավարության որոշման մեջ ծրագիրը ընդհանուր գծերով է ներկայացված, բայց 6-ամսյա ժամկետում` հոկտեմբերից մինչեւ մարտի 30-ը, կունենանք համապարփակ ծրագիր, որը կդրվի ժողովրդի առաջ: Մենք խնդրել ենք Վեհափառին, որպեսզի Սանահինի եկեղեցական համալիրին վանական տրամադրի: Այլ գաղափարներ էլ ունենք: Մտածում ենք 2010 թ.-ին Ախթալայում բեմադրել Հովհ. Թումանյանի «Թմբկաբերդի առումը»: Համաձայն եմ, որ Ախթալան տուրիզմի զարգացման կենտրոն դառնալով` չունի առողջապահական հիմնարկներ: Որ ասեմ Ախթալան հիվանդանոց կունենա` ռեալ չէ, բայց, որ Ախթալան կունենա շտապ օգնության լավ կահավորված կենտրոն, այդպիսի ծրագիր կա: Ախթալան պետք է դառնա տարածաշրջանի մինչհամայնքային արագ բժշկական սպասարկման կենտրոն: Տարածաշրջանը, անշուշտ, բնապահպանական տեսակետից ավելի ռիսկային է: Այս գործում պակաս կարեւոր չէ ՏԻՄ-երի եւ բնակչության, ՀԿ-ների եւ լրատվամիջոցների դերը: Բոլորս պիտի քայլեր կատարենք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել