HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այն, ինչ այստեղ եմ տեսել, անկրկնելի է»

Հարցազրույց Իսպանիայի «Ինտերէկոնոմիա» ռադիոընկերության տնօրեն, լրագրող Խավիեր Կաստրոյի հետ

Ի՞նչ տպավորություն եք ստացել Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի պատմամշակութային հուշարձաններից:

Ես Մադրիդից եմ եւ ներկայացնում եմ Իսպանիայի «Կատայի Տուրս» ընկերությունը, որը ցանկանում է Հայաստանը ներկայացնել Եվրոպային: Հայաստանը Եվրոպայում քիչ ճանաչում ունի, սակայն ունի տուրիստական շատ գրավիչ վայրեր: Ես իմ այցով պիտի աշխատեմ «Կատայի Տուրս» տուրիստական ընկերության միջոցով Հայաստանը ներկայացնել Իսպանիայում: Ես ներկայացնում եմ ռադիոհաղորդակցության ոլորտը, նաեւ` «Ինտերէկոնոմիա» ռադիոընկերությունը: Երկու օր է, որ այստեղ ենք: Հայաստան գալիս նախնական պատկերացում ունեցել եմ երկրի մասին: Բայց այն, ինչ տեսել ենք, գերազանցել է մեր սպասելիքները, եւ մենք շատ տպավորված ենք Հայաստանի հուշարձաններով եւ եկեղեցիներով: Շատ կցանկանայի, որ այստեղ պետությունը շատ ավելի լավ գիտակցեր իր ունեցած գանձերի կարեւորությունը, գինը եւ արժեքը եւ ավելի լավ պահպաներ այդ հուշարձանները, այսինքն` ամեն ինչ արվեր դրանք տուրիզմի համար ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ: Ես շատ երկրներով եմ ճամփորդել, եղել եմ տարածաշրջանի բոլոր երկրներում, բացի Վրաստանից, նման ունիկալ, հետաքրքիր, յուրօրինակ հուշարձաններ ոչ մի տեղ չեմ տեսել: Թուրքիայի տարածքում, որտեղ գտնվում են Հայաստանի պատմամշակութային որոշ հուշարձաններ, տեսել եւ որոշ պատկերացումներ եմ ստացել, բայց այն, ինչ այստեղ եմ տեսել, անկրկնելի է: Ինձ հատկապես հիացրել է Գեղարդի եկեղեցական համալիրը, որը ժայռի մեջ է: Այսօր տեսել եմ Սանահինի եկեղեցին: Շատ տպավորված եմ Սանահինից, բայց կուզենայի ավելի լավ վիճակում տեսնել Սանահինը, որովհետեւ այն լքված տեսք ուներ: Մեզ համար, իհարկե, շատ հետաքրքիր է տեսնել տարբերությունները: Տեսնել լավ խնամված եկեղեցի, հետո տեսնել այնպիսի լքյալ եկեղեցի, ինչպիսին Սանահինն է: Կցանկանայի` ամեն ինչ արվեր, որ պահպանվեր եկեղեցին, քանի որ եկեղեցու գմբեթը ծածկված էր բուսականությամբ:

Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր տարածաշրջանի սպասարկման ոլորտից` սննդի հիմնարկներից, դրանք կարո՞ղ են բավարարել զբոսաշրջիկների պահանջները:

Այստեղ ես օգտվում եմ Ալավերդու «Ֆլորա» ռեստորանից: Այստեղ շատ լավ են սպասարկում, իրենք շատ սիրալիր են: Քանի որ բոլոր ռեստորաններում փորձել եմ, որոշ պատկերացումներ ունեմ: Այս ռեստորանում էլ ամեն ինչ շատ նորմալ է եւ շատ համեղ: Խորովածը, աղցանները: Մենք այսօր «Ֆլորայում» կերանք եւ խոզի, եւ հորթի խորոված: Իրենց խոզի խորովածը ինձ շատ դուր եկավ, բայց ես շատ զարմացած եմ հորթի խորովածից, որ շատ յուրօրինակ նրբահամ ուներ: Սա լավ է, բայց ավելի լավ կլիներ` նման տիպի ռեստորաններն ավելի շատ լինեին` նաեւ այն պատճառով, որ մարդիկ աշխատատեղեր ունենային:

Դուք նախադրյալներ տեսնու՞մ եք այս տարածաշրջանում տուրիզմի զարգացման համար:

Իմ կարծիքով` այո: Հայաստանում տուրիզմի ոլորտում աշխատող մարդիկ շատ սիրալիր են: Իսպանիայում չկան այսպիսի եկեղեցիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter