HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու «Ֆլորա» ռեստորանից օգտվել են 7 հազար զբոսաշրջիկներ

Չկա մի ալավերդցի, որ Արմեն Քեֆիլյանի անունը լսելիս չժպտա: Արմենը Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի ավագ խոհարարն է: Ախթալայում հոկտեմբերին կազմակերպված խորովածի մրցույթում նա հաղթող է ճանաչվել: «Աշխատում ենք 8 տուրիստական կենտրոնների հետ, որոնց խմբերը հիմնականում կերակրվում են մեզ մոտ:

Դրանք են` «Սաբերատուր Սեւան», «Արմենիա տուր», «Ավարայր», «Արմին տուր» եւ այլն: Մեր ռեստորանում միայն 2009 թ.-ին 7 հազարից ավելի զբոսաշրջիկներ ենք կերակրել»,- ասաց խոհարար Արմենը: «Ֆլորա» ռեստորանը ոչ միայն Լոռու մարզում, այլ ամբողջ հանրապետությունում հայտնի է իր համեղ ուտեստներով եւ մատչելի գներով: Արմեն Քեֆիլյանը միաժամանակ ղեկավարում է Ալավերդու «Պիրիտիկ» ռեստորանը եւ «Էյ-Սի-Փի» ընկերության բանվորական ճաշարանը, որոնք նույնպես մեծ համարում ունեն քաղաքում: Հմուտ խոհարարը, սակայն, որեւէ ռեստորանի սեփականատեր չէ: «Խոհարարության նկատմամբ սերը Ազնիվ տատիցս է եկել: Շատ համեղ ուտեստներ էր պատրաստում: Ես մանկությանս տարիներին ուշադիր հետեւում էի նրա պատրաստելուն եւ օգնում էի նրան»,- պատմեց Արմենը:

Արմենը խոհարարություն սովորելէ Երեւանի Վարդաշենի թիվ 24 պրոֆտեխնիկական ուսումնարանում: Ավարտելուց հետո աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողական ճաշարանում որպես խոհարարի օգնական: Բանակում ծառայելուց հետո նա աշխատել է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի բանվորական ճաշարանում` կրկին որպես խոհարարի օգնական, ապա նշանակվել է կոմբինատի պղնձարջասպի արտադրամասի ճաշարանի ավագ խոհարար: «Ո՞րն է մյուս խոհարարներից առանձնանալու իր գաղտնիքը» հարցին Արմենը պատասխանեց. «Առաջին հերթին` շատ եմ սիրում իմ աշխատանքը: Հոգով ապրում եմ ուտեստներ պատրաստելիս: Խոհարարը պետք է նաեւ ստեղծագործող միտք ունենա, այս առումով էլ խոհարարությունը ինձ համար եւ արհեստ է եւ արվեստ:»

Իսկ «Ֆլորա» ռեստորանի ուտեստների համի գաղտնիքը նա բացատրեց. «Ամեն օր մի նոր բան ենք ստեղծում, իսկ նոր ուտեստները նոր համով ենք մատուցում մարդկանց»: Արմեն Քեֆիլյանը կարծում է, որ «Ֆլորա» ռեստորանի լավ համբավը ստեղծվում է նրա ողջ կոլեկտիվի ջանքերով. «Ինձ հետ բոլորը չեն կարող աշխատել: Աշխատանքի մեջ ես նախ ջանում եմ լինել այնպիսին, ինչպես պահանջում եմ աշխատողներից: Աշխատանքի եմ վերցնում այնպիսի մարդկանց, ովքեր սիրում են խոհանոցը: Բնավորությամբ բարի ու հանգիստ մարդկանց հետ եմ գերադասում աշխատել, ովքեր միշտ կարող են սիրալիր լինել հաճախորդների հետ»:

Ռեստորանի սպասարկման որակի մասին փորձեցինք ճշտել ռեստորանից օգտվող տուրիստական կենտրոնների աշխատակիցների կարծիքը. «Այդ ռեստորանի ամեն ինչից շատ գոհ ենք: Գոհ ենք եւ գնային առաջարկից եւ սննդի բարձր որակից: Այստեղ գնին համապատասխան սնունդ է առաջարկվում: Ինչքան տուրիստների կերակրել ենք այդ ռեստորանում, նրանք բոլորն էլ շատ գոհ են մնացել եւ սննդի որակից եւ սպասարկումից»,- հեռախոսազրույցում ասաց «Արմենիա Թրավել +M» տուրիստական կենտրոնի մենեջեր Քրիստինե Ղարիբյանը: Նույն տուրիստական կենտրոնի զբոսավար Նաիրա Ալավերդյանն էլ ասաց. «Զբոսաշրջիկները շատ գոհ են լինում, իրենց մոտ ամեն ինչ միշտ համեղ է: Արմեն Քեֆիլյանը բարի մարդ է, եթե անգամ այլ խնդիրներ ենք ունենում տարածաշրջանում, նա անմիջապես մեզ օգնում է»:

«Մենք բազմիցս ենք օգտվել այդ ռեստորանից, արդեն 4 տարի է, իսկ եթե բազմիցս ենք օգտվել, նշանակում է տպավորությունը բարձր է: Տուրիստները մշտապես բարձր տպավորություն են ստացել եւ սննդի որակից եւ սպասարկումից»,- ասաց «Արմեն տուր» տուրիստական կենտրոնի զբոսավար Քրիստինե Ասոյանը: Արմեն Քեֆիլյանին հաջողվել է խոհարարական իր արվեստով, սպասարկման բարձր մակարդակով ու մատչելի գներով «Ֆլորա» ռեստորանի վրա բեւեռել Հայաստանի տուրիստական կենտրոնների ուշադրությունը, նա հասել է նրան, որ ռեստորանից տարեկան օգտվում են 7 հազար զբոսաշրջիկներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter