Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել Ստեփանակերտի քաղաքապետարանում եւ նրա ենթակայության տակ գտնվող ընկերություններում
ԼՂՀ Վերահսկիչ պալատի խորհրդի այս տարվա վերջին նիստում քննարկվում էին Ստեփանակերտի քաղաքային համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, համայնքային սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ «Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին պետբյուջեի «Հիմնական խմբին չդասվող ծախսեր» խմբի շրջանակներում հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության վերաբերյալ հաշվետվությունները:
ՎՊ մասնագետները ստուգումների ընթացքում պարզել են, որ 2008թ. համայնքային բյուջեի եկամտային մասը թերակատարվել է 12,8 տոկոսով, սեփական եկամուտները` 21,6 տոկոսով: Համայնքային բյուջեի եկամուտները պլանավորվել են ոչ ճիշտ, իսկ եկամուտների հաշվառման ու հավաքագրման աշխատանքները կազմակերպվել ոչ լիարժեք: Ինչպես տեղեկացրեց ՎՊ ներկայացուցիչը, չեն կատարվել ԼՂՀ կառավարության 16,03,04թ. թիվ 79 որոշման պահանջները, արդյունքում գույքահարկ ավել է հաշվարկվել 2367,7 մլն դրամ արժեքով 426 հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի մասով, պակաս է հաշվարկվել 9382,4 մլն դրամ արժեքով 1812 բնակելի տների մասով: Չեն հաշվարկված 2130 միավոր ավտոտրանսպորտային միջոցների գույքահարկի գումարները: Միաժամանակ, ընտրանքային կարգով ստուգված 48 գործերում սխալ հաշվարկի հետեւանքով ի հայտ են եկել գույքահարկի ավել գանձումներ` 178,9 հազար դրամ:
Խախտումներ են արձանագրվել նաեւ հողամասերի օտարման գործընթացում. հողամասերը օտարվել են միայն ուղղակի վաճառքի միջոցով, ընդ որում` որոշ դեպքերում բացակայում էին օտարման այդ եղանակի կիրառման հիմքերը` չպահպանելով ԼՂՀ հողային օրենսգրքի եւ կառավարության 26.11.2002թ. թիվ 61 որոշման պահանջները: Ընդհանուր առմամբ օտարվել է 110622.49 մ/քառ. հողատարածք 40427.6 հազար դրամ արժեքով, սակայն օտարված հողամասերի դիմաց համայնքի բյուջե է մուտքագրվել 53202.6 հազար դրամ: Տարբերության վերաբերյալ քաղաքապետարանի կողմից ոչ մի հիմնավորում չի ներկայացվել: Խախտումներ են կատարվել նաեւ կառուցապատման իրավունքով օգտագործման նպատակով հողամասեր տրամադրելու, բազմաբնակարան բնակելի շենքերի ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ տրամադրման եւ այլ գործընթացներում:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ համայնքային բյուջեի «Այլ միջոցառումներ» ծրագրից քաղաքապետի որոշումներով եւ կարգադրություններով 1200.0 հազար դրամ գումարի չափով խրախուսվել են թաղային կոմիտեների նախագահները (այնինչ գործող օրենսդրությամբ չի կարգավորված թաղային կոմիտեների կարգավիճակը եւ գործունեության կարգը), 3 հասարակական կազմակերպությունների հատկացվել է 498,0 հազար դրամ, մինչդեռ քաղաքապետը չունի նման լիազորություն:
Վերահսկիչ պալատի մասնագետները պարզել են նաեւ, որ քաղաքապետի այն ժամանակվա տեղակալ Գեորգի Հայրիյանը միանգամից զբաղեցրել եւ համատեղել է 3 պաշտոն:
Վերոնշյալ եւ մյուս խախտումների վերացման մասին տեղեկատվություն քաղաքապետարանը պետք է Վերահսկիչ պալատին ներկայացնի մեկամսյա ժամկետում, ինչպես նաեւ պետք է վերականգնի վերահսկողության ընթացքում հայտնաբերված ավել եւ անօրեն հաշվարկված եւ վճարված գործուղման ծախսերը (քաղաքապետարան`30.0 հազար դրամ, «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ` 27.8 հազար դրամ, «Սանմաքրում-կանաչապատում» ՊՈԱԿ` 102.7 հազար դրամ), ինչպես նաեւ 180.7 հազար դրամ պարգեւատրման գումարները:
Խախտումներ են արձանագրվել նաեւ «Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ում կատարված վերահսկողության ընթացքում: Կազմակերպության ոչ ճիշտ աշխատանքների կազմակերպման արդյունքում կատարվել են շինմոնտաժային տեխնիկապես եւ անորակ աշխատանքներ (տանիքների կոնստրուկցիաների հանգույցների, ձեռնահարկերում եւ նկուղներում ջրատար խողովակների հենասյուների հետ կապված աշխատանքներում): Ընտրանքային կարգով ստուգված օբյեկտներում իրականացված շինարարական աշխատանքներում թույլ են տրվել 1370.4 հազար դրամի հավելագրումներ:
Կազմակերպությունը նույնպես պետք է մեկամսյա ժամկետում ՎՊ-ին ներկայացնի արձանագրված խախտումների վերացման մասին գրավոր տեղեկատվություն, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում վերականգնի պետական բյուջեին հասցված վնասները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել