Մեկ չբավարարված հաճախորդը տասը պոտենցիալ հաճախորդի կորստի է հանգեցնում
Մասնագետները սպասարկման մակարդակը հայաստանյան սուպերմարկետներում գնահատում են «դանդաղ լավացող»
Երբ սուպերմարկետում ապրանքի գինը 800 դրամից իջնում է, ասենք, 799 դրամի, պետք չէ կարծել, թե այդ «բացառիկ առաջարկը» արվում է ձեզ նյարդայնացնելու նպատակով:
Պարզապես սա այն բազմաթիվ մեթոդներից մեկն է, որ կիրառում են շուկայագետները գնորդի վրա հոգեբանորեն ազդելու համար: «799 դրամը մարդու հիշողության եւ ենթագիտակցության մեջ տպավորվում է որպես մի թիվ, որ ավելի շուտ մոտ է 700-ին, քան 800-ին, բացի այդ, այստեղ կա նաեւ հարկային շեմի խնդիր: Պատահում է, որ գնի չնչին տարբերության շնորհիվ խանութն ավելի քիչ տոկոսների հարկային մուծումներ է կատարում»,- բացատրում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դոցենտ, շուկայագետ Կարինե Ասրյանը: Սակայն, սա դեռ չի նշանակում, թե սուպերմարկետներում զեղչերը բոլոր դեպքերում խաբուսիկ են, եւ գների շոշափելի իջեցումներ չեն լինում: Միայն թե, ինչպես նշում է շուկայագետը, առաջին հերթին զեղչի տակ են հայտնվում ժամկետի ավարտին մոտեցող կամ քիչ պահանջարկ ունեցող ապրանքները: Էժանացումներ լինում են եւս մեկ դեպքում, եթե սուպերմարկետը նոր ապրանք ստանալու պայմանավորվածություն ունի, եւ պետք է արագ պահեստը մաքրել: Ընդ որում, այս խնդիրների առաջ կանգնում են բոլոր խանութները` լինի շարքային հանրախանութ, թե առաջնակարգ սուպերմարկետ: «Մեզ զանգահարեց մի կին, ասաց, որ խտացրած կաթը բացել է, տեսել է` փչացած է: Հետո միայն տուփի վրա կարդացել է ժամկետը, պարզվել է` ապրանքը ժամկետանց է: Երբ հարցրեցինք` իսկ ինչու՞ հենց խանութում ուշադրություն չի դարձրել ժամկետին, ասաց` բայց չէ՞ որ «ՍԱՍ»-ից եմ առել». սա այն դեպքերից մեկն է, որ արձանագրել է Հայաստանի սպառողների ասոցիացիան` կապված սուպերմարկետներում ժամկետանց սննդամթերքի հայտնաբերման հետ: Ասոցիացիայի նախագահի տեղակալ Աշոտ Միրզոյանը խորհուրդ է տալիս «էտալոններ» չստեղծել եւ նման դեպքերի առնչվելիս էլ ոչ թե նյարդայնանալ եւ դիմել ոչ գրագետ գործողությունների, այլ նամակ գրել սուպերմարկետի տնօրենին եւ ներկայացնել պահանջը: Նա նշում է, որ դիմումի գրավոր տարբերակը հարցի հետագա լուծման համար կարող է որպես իրավական հիմք ծառայել:
«Մեր քաղաքացիները քիչ չէ, որ չգիտեն իրենց իրավունքները, դեռ մի բան էլ չեն ուզում սովորել: Մարդկանց մտածելակերպի մեջ նստած է, որ դիմում գրելը կլյաուզնիկություն է»,- ասում է Աշոտ Միրզոյանը: Շուկայագետ Կարինե Ասրյանը համոզված է, որ մինչեւ սպառողը հետամուտ չլինի իր շահերին, առեւտրային դաշտը չի բարելավվի:
«Ոչ մի տնօրեն չի ուզի, որ սպառողը դուրս գա նյարդայնացած, որովհետեւ դրսում պատմելու է իր հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի մասին»,- ասում է Կ. Ասրյանը: Իր այս կարծիքը շուկայագետը հիմնավորում է վիճակագրական տվյալներով. «Ապացուցված է, որ մեկ չբավարարված հաճախորդը միջին հաշվով տասը պոտենցիալ հաճախորդի կորստի է հանգեցնում»: Եթե «չբավարարված հաճախորդն» է այսքան «վտանգավոր», ապա արժի, որ շուկայագետները վիճակագրական տվյալներ ձեռք բերեն նաեւ այն մասին, թե ինչի է հանգեցնում «պատանդ վերցված» հաճախորդը: «Դեպքը պատահել է Տիգրան Մեծի «ՍԹԱՐ»-ում,- պատմում է Աշոտ Միրզոյանը:- Միասին խանութ եկած երկու աղջիկներից մեկը ձեռքով պատահաբար կպել, վայր էր գցել շատ թանկարժեք կոնյակ: Եվ խանութը անօրինական բան է արել. պատանդ է պահել աղջկան, մինչեւ մյուսը գնա, կոտրված կոնյակի փողը բերի: Աղջիկները դիմեցին մեզ, եւ հարցը կարգավորվեց մեր իրավաբանի միջամտությամբ: Նա ապացուցեց, որ կոնյակների դասավորությունը նորմայից խիտ է, եւ սպառողը մեղք չուներ»: Առհասարակ մասնագետները շատ ցածր գնահատական են տալիս հայաստանյան սուպերմարկետների ներքին դասավորվածությանը: Բացի այն, որ չի պահպանվում ապրանքների դասավորվածության թույլատրելի խտությունը, քիչ չեն դեպքերը, երբ տարբեր պրոֆիլի ապրանքները գտնվում են միմյանցից նորմայից փոքր հեռավորության վրա: Սպառողների ասոցիացիան արձանագրում է, որ աստիճանաբար մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր արձագանքում են թերացումներին: Վերջերս ասոցիացիա է զանգահարել մի սպառող եւ դժգոհել, որ խանութներում ձեթերը դրված են լույսի տակ, չնայած շշի վրա գրված է` «պահել չոր, մութ եւ հով տեղում»: Այս երեք պայմանները ապահովելու համար ենթադրվում է, որ ձեթը պետք է պահել փակ տեղում, այսինքն` գնորդի աչքից հեռու: Բայց չէ՞ որ մրցակից ապրանքատեսակները պայքարում են սուպերմարկետներում իրենց տեղի ու դիրքի համար. ինչքան հասանելի գնորդին, այնքան լավ: Ինչպես նշում է Կարինե Ասրյանը. «Ընկերությունները լրացուցիչ պայմանավորվածություն են ձեռք բերում ապրանքատեսակն առաջին շարքերում ներկայացնելու համար»: Այնպես որ, նախքան առաջինը ձեռքն ընկած ապրանքը զամբյուղը գցելը ձեր ուզածը փնտրեք նաեւ ետեւի շարքերում: Շուկայագետները խորհուրդ են տալիս չխաբվել նաեւ լուսավորությունից, քանի որ վերեւից ներքեւ, ետեւից առաջ ամենօրյա տեղափոխությունների արդյունքում լուսավորությամբ ընդգծված ցուցափեղկերում են հայտնվում ժամկետի ավարտին մոտեցող կամ վատ սպառվող ապրանքները: Եվ եթե ուզում եք, որ ամանորյա տորթը հրապուրի ձեզ նաեւ խանութից դուրս բերելուց հետո, տեղում ճշտեք նրա գույները:
Տաթեւ Մադաթյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել