HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս գեղանկարիչ` մեկ ընտանիքում

«Երբ ամուսնանում էի, կարծում էի` ամենաերջանիկ կինն եմ լինելու, հպարտ էի, որ ամուսինս գեղանկարիչ է, սակայն հետո հասկացա, որ իրականում արվեստը հմայում է միայն կտավների վրա, որ այն ստեղծելու ընթացքում պարտադիր տառապում ես, եւ արվեստը զորեղ մրցակից է, ու նրա հետ պատերազմելը նախօրոք պարտված պատերազմ է»,- ասում է Խաչատրյանների ընտանիքի մայրը` տիկին Թամարան:

Այս ընտանիքի բոլոր տղամարդիկ` 3 որդիները եւ հայրը, գեղանկարիչներ են: Տիկին Թամարայի ասելով` արվեստագետների հետ ապրելը բարդ է, հատկապես երբ բացարձակ տարբեր մարդիկ են, բռնկուն, զգայուն: Ըստ տիկին Թամարայի` ապրելով արվեստագետների հետ` կամ պիտի անվերջ բողոքես, կամ պիտի հարմարվես` դառնալով այդ արվեստի մի մասնիկը: Վերջինը նրան հաջողվել է. «Մայրս մեր ամենախիստ քննադատն է եւ ամենամեծ երկրպագուն»,- ասում է Ավետիսը` Խաչատրյանների ավագ որդին:

Ավիկը, ինչպես կոչում են նրան տանը, բնույթով հանգիստ, մեղմ մարդ է: Եղբոր` Աբգարի ասելով` «խաղաղ տեսակ»: Նրա բնավորությունն արտահայտված է կտավներում` բոբիկ, անկեղծ կերպարների միջոցով: «Ես նկարում եմ` զերծ ամեն տեսակ պայմանականություններից: Նրանք իրական մարդիկ են, որ ապրում են հեքիաթներում: Ստեղծագործական ընթացքը հենց հեքիաթ է, որտեղ ես գտնում եմ իմ հանգիստը»,- գրեթե լսելի ձայնով ասում է մեղմ բնավորությամբ Ավիկը, ապա լռում` թույլ տալով, որ իր փոխարեն իրեն ներկայացնեն եղբայրները:

28_12-avik-1

«Ավիկին պիտի զերծ պահել բոլոր տեսակի կոմերցիոն հարցերից, բոլոր տեսակի քաշքշուկներից: Նա պիտի ստեղծագործի, որովհետեւ նրա մեջ շատ հազվադեպ պատահող լույս կա»,- եղբորը բնութագրում է Աբգարը` միջնեկ որդին: Ավիկի եւ մյուսների կտավների կոմերցիոն կողմով զբաղվում է Աբգարը. նա է ամեն շաբաթ-կիրակի նկարները տանում Վերնիսաժ, կազմակերպում ցուցահանդեսներ եւ այդ ամենի հետ հասցնում նաեւ ստեղծագործել: Թեեւ Աբգարն ավելի շատ սիրում է գրաֆիկա անել, սակայն այս պահին նա գեղանկարչությամբ է զբաղվում` էլի ելնելով կոմերցիոն պահանջներից: Մյուս տարի կազմակերպվելու են Աբգարի եւ Ավիկի անհատական ցուցահանդեսները, Ավիկինը` Մոսկվայում, Աբգարինը` Երեւանում:

28_12-abgar

«Իրականում ես ցուցահանդեսներ չեմ սիրում, ավելի ճիշտ` ամեն անգամ մտածում եմ, որ նոր մարդ կտեսնեմ այդ ցուցահանդեսի ժամանակ, բայց բոլորն էլի նույն մարդիկ են լինում` մեր ընկերները, բարեկամները: Էլ ինչո՞ւ գումար ծախսել: Ավելի լավ չէ՞ նրանց կանչել արվեստանոց, գարեջուր հյուրասիրել, նկարները ցույց տալ... Եվ ասում եմ, եւ մտածում, որ չէ, ամեն դեպքում, եթե նույնիսկ մի հոգի էլ գա էդ ցուցահանդեսին, էլի բավական է, նրա համար պետք է դա անել»,- ասում է Աբգարը: Ի տարբերություն Ավիկի կերպարների` Աբգարի արվեստում կերպարներն ավելի միակողմանի են: Տարբեր բնավորություններով, բայց մեկ ընդհանրությամբ` դաժան, դաժանության մեջ` միայնակ, կասկածամիտ:

28_12-abgar-1

Թեման միջնադարն է` թագամոլությունը, կղերականությունը. «Ախր, դարերի ընթացքում մարդը չի փոխվում, ես նկարում եմ այն, ինչ տեսնում եմ: Ով գալիս է աթոռին, կպչում-մնում է, ձուլվում, դառնում մեկ ամբողջություն: Սրա մասին եմ այս թեմայում խոսում: Իրականում էդ միջնադարյան խավարամտությունը տեղի չի տալիս, ավելի ենք մտնում էդ իրականության մեջ, ավելի ճիշտ` դուրս էլ չենք եկել դրանից: Մինչեւ հիմա էլ էդպես է»: Նրա ասելով` վերջին շրջանում իրեն ավելի շատ հուզում է մարդկային բնավորության մուտացիան, աթոռների` մարդկանց իշխելու առանձնահատկությունը:

28_12-arman

Եղբայրներից լիովին տարբեր է հատկապես Արմանը` ընտանիքի կրտսեր որդին: Իրեն, Ավիկին եւ Աբգարին նա բնութագրեց հետեւյալ կերպ. «Ավիկը շատ զգացմունքային մարդ է, ես` լրիվ հակառակը, եւ Աբգարը մեր միջին տեղում է»: Արմանի ասելով` ինքը բնույթով ավելի շատ արվեստաբան է, քանի որ իր պրագմատիկ մտածողությունը խանգարում է ճշմարիտ արվեստագետ լինելուն, փոխարենը շատ է ցանկանում դառնալ հնագետ. «Ախր մենք մեր միջավայրում էնքան թաղած արվեստ ունենք, ուզում եմ հենց այդ հնությունները պեղել, բերել»: Եղբայրների խոսքով` Արմանը սիրում է վերլուծել իրենց ստեղծագործությունները, ինչը շատ հաճախ բանավեճերի տեղիք է տալիս:

28_12-tamara

«Որ սկսում են վերլուծություններ անել, ինչը միշտ Արմանն է սկսում, թող ու գնա, քանի որ իսկական բանավեճ է սկսվում, որ կանգնեցնել չի լինում»,-ասում է տիկին Թամարան: Այս լիովին տարբեր մարդկանց ամբողջությունն է, կարծես, եւ դրանով էլ հենց նրանցից տարբեր Սերխաչը` նրանց հայրը: Սերխաչի արվեստում իր որդիներից յուրաքանյուրի արվեստից ինչ-որ բան կա: Նրա կտավները եւ ընտրած թեմաները բազմազան են, ժանրային սահմանափակում չկա: Արմանի ասելով` հայրը ճկուն գեղանկարիչ է: Ու մինչ որդիները զրուցում են, Սերխաչն ավելի շատ լռում է, լսում, իր ասելով` մտածում: Ամենաշատը նա է լինում արվեստանոցում, երբեմն լինում է նաեւ Վերնիսաժում: Վերնիսաժի մասին Սերխաչն ասում է. «Իրականում Վերնիսաժը շատ լավ բան է, հատկապես մի քանի տարի առաջ, բայց գնալով որակն ընկնում է: Էսօր շատ քիչ օրիգինալ նկար կհանդիպես Վերնիսաժում: Հիմնականում «տպած» նկարներ են, վրան մի 2 լեպկա են անում, բերում-վաճառում, փչացնում գնորդին: Առաջ Վերնիսաժը ոչ միայն նկար վաճառելու տեղ էր, այլեւ ներկայանալու լավ առիթ` բաց ցուցահանդես»: Ու չնայած Խաչատրյանների ընտանիքը միշտ ստեղծագործական ընթացքի մեջ է, նրանք եւս ունեն բազմաթիվ խնդիրներ: Եւ դրանցից ամենաակնառուն սոցիալականն է: «Ստրիպտիզ ակումբ, կազինո, արվեստանոց: Ի՞նչ ընդհանրություն: Պարզվում է` կա. բոլորն էլ համարվում են ոչ բնակելի տարածքներ, եւ դրանք գազիֆիկացնելու համար պետք է բավականին մեծ հավելյալ գումար վճարել, գումար, որ մենք չենք կարողանում տալ, եւ կապ չունի, որ դու արվեստանոց ունես, որ դու բիզնեսով չես զբաղվում, որ ստեղծագործությունը փողով չես չափի: Դրա համար էլ մենք արվեստանոց ունենք, որն ամբողջ ձմեռ չի ջեռուցվում»,- ասում է Աբգարը:

28_12-serkhach

«Ստիպված` ողջ ձմեռ մի քանի հատ շոր հագած, հազիվ շարժվելով նկարում ենք: Որպեսզի մեր արվեստանոցը սովորական սահմանված գնով ջեռուցվի, պետք է այն ձեւակերպել իբրեւ բնակարան, դրա համար էլ էնքան թղթեր են ուզում, որ զզվում եմ, իսկ հոսանքն էլ շատ թանկ արժե: Քիչ է մնում` բերեն ՀԴՄ դնեն, ամեն մի նկարի համար կտրոն պահանջեն»,- լրացնում է Սերխաչը:

Ըստ Աբգարի` պատճառը չպետք է որոնել միայն սոցիալական հարցերը կարգավորողների շրջանակում. «Ախր, առհասարակ արվեստագետների խնդրով զբաղվելը միայն սոցիալական չէ, դրանով պիտի զբաղվի նաեւ Մշակույթի նախարարությունը: Չնայած` ո՞վ է մեր Մշակույթի նախարարությունում, որ ինչ ուզենք: Էսօր արվեստից լրիվ հեռու կանգնած չինովնիկներ Մշակույթի նախարարությունում խավարամտություն են տարածում: Ինչո՞ւ ոչ մի արտ-էքսպո չեն կազմակերպում, ինչո՞ւ հավասար հնարավորություններ չեն ստեղծում, եւ սա` արվեստի բոլոր բնագավառներում»: Թե որքանո՞վ է տուժում արվեստն այս ամենից, ավելի ակնառու է տիկին Թամարայի համար. «Ամեն օր վիրավորվում են, ներվայնանում, հատկապես ամուսինս: Ասացեք, ո՞նց կարող ա ներվայնացած, սառած մատներով նկարիչը երկնի լուսավորը...Ու չնայած էսքան պրոբլեմներին, հիասթափություններին` նրանք նկարում են, քանի որ իրենց տրված է այդ շնորհը, ու ես հպարտ եմ, որ այդ բոլոր դժվարությունները կիսում եմ նրանց հետ»,- ասում է տիկին Թամարան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter