HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ծաղկաքաղ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հեռուստատեսային ելույթից

«Ես հուսով եմ, որ մի քանի նախարարություններ տեղափոխվելու են Գյումրի: Ես այդ հարցը բազմիցս եմ բարձրացրել: Անգամ ինձ հարցրեցին, թե որ նախարարությունը կուզենայի, որ տեղափոխվեր հայրաքաղաք, ասի՝ բոլորը»: Սա մի հատված է դեկտեմբերի 24-ին «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության ուղիղ եթերում հյուրընկալված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ելույթից:

Պարոն Ղուկասյանը դժգոհեց մայրաքաղաքի եւ «հայրաքաղաքի» բյուջեների միջեւ եղած հսկայական տարբերությունից. 3մլրդ 600մլն Գյումրիի բյուջեն է, իսկ Երեւանի բյուջեն 125 մլրդ դրամ է, ու դա անարդարացի վերաբերմունքի դրսեւորում է հանրապետության մնացած 45 քաղաքների նկատմամբ: «Երեւանը պետք է բեռնաթափել,- շարունակեց քաղաքապետը,- էդ ինչ է Երեւանի վիճակը, մեքենա վարողներն ասում են մնաս բարով կեղնինք տունը, նոր դուրս կուգանք, այսինքն մարդը չիդե հետ կգնա թե չէ, էդքան որ մեքենա կա մայրաքաղաքում, ու խայտառակ վիճակ է»: Հաղորդավարի այն հարցին, թե որքանով է իրատեսական որեւէ նախարարության տեղափոխումը Գյումրի, քաղաքապետն օրինակ բերեց անօթեւանների թվի վերաբերյալ տարիներ առաջ մարզպետարան-քաղաքապետարան եղած տարաձայնությունները, երբ շեշտվում էր ոչ թե իր ասած 4000 թիվը, այլ 1500 անօթեւանի մասին էր խոսվում ընդամենը: «Էն վախտ ռոմիկներ կային, Արտաշես Թումանյաններ կային, որ 1500-ից էն կողմ անօթեւանի թիվ չէին ասում, սակայն դուք էլ տեսաք, որ չարը գնաց, բարին հաղթանակեց, հաստավեց 4000 անօթեւանը, ու հիմի էդքան մարդու համար տուն է կառուցվում: Իմիջայլոց ես էլ խոստացել եմ վերջի տուն ստացողին մեքենա տամ»: Վ. Ղուկասյանը հայտարարեց, որ իր քաղաքապետ դառնալու գերագույն նպատակն եղել է անօթեւանության խնդիրը լուծելը, եւ երբ վերջին անօթեւանն էլ բնակարանի տեր դառնա, ահա այդ ժամանակ էլ ինքը կմտածի կրկին դնել իր թեկնածությունը, թե ոչ: «Ես ինչքան գիտեմ, ժողովուրդը շատ է ուզում, որ առաջադրեմ թեկնածությունս, ու նրանք էլ որ շատ են կառչած էդ ճանապարհին, հլա պիտի շատ ծերանան, որովհտեւ ժողովրդիս կամքով ես էլի կառաջադրվեմ»,- ապագա թեկնածուների ախորժակը փակեց Վարդան Ղուկասյանը: Բացի Մուշ-2 եւ Անի թաղամասերում պետության կողմից կառուցվող բնակարաններից` քաղաքապետը տեղեկացրեց, որ Ավստրիական թաղամասի հարեւանությամբ եւս 2000 բնակարան է կառուցվելու Աթանեսյանի հիմնադրամով, որին իրենք 15 հա հող են արդեն վաճառել: «Սա վարկային ծրագրով է, որից կարող են օգտվել եւ անօթեւանները եւ ոչ անօթեւանները, պետք է նախնական գումար մուծեն, ստանան վարկեր ցածր տոկոսադրույքով են, իսկ մարման ժամկետը 10 տարի է: Ծրագիրը կսկսվի հաջորդ տարի,- տեղեկացրեց Վարդան Ղուկասյանը:- Ես էլ հավանաբար էդ թաղամասում տուն կունենամ, թաղամասն էլ կկոչենք Վարդանի թաղամաս: Հրապարակը հենց Վարդան Մամիկոնյանի անունով կոչեցի, էս չարերը տրաքվան, թե իրա անունն է դրել, չէ անունս չեմ դրել, չնայած իմ անունն էլ է Վարդան, մեծ զորավարի անունով եմ կոչել հրապարակը, չարքեր, ասեմ իմանաք»: Անդրադառնալով պետության ֆինանսավորմամբ կառուցվող 4000 բնակարաններին` քաղաքապետը, կուրծքը ծեծելով, հայտարարեց, որ այն պատահական ծրագիր չէր, որ այն արվում է իր այրան գնով, դրա համար ինքը արյուն է թափել, ու այդ շենքերը իր այրունով են կառուցվում: Վարդան Ղուկասյանը, հայտարարելով, որ այդ շենքերն ինքն է կառուցում, հավանաբար մի պահ մոռացել էր, որ ոչ քաղաքապետարանը, ոչ մարզպետարանն այդ շինարարության ոչ պատվիրատուն են, ոչ վերահսկողություն իրականացնող կառույցը, եւ որ այդ բնակարանները պարոն քաղաքապետն առաջին անգամ տեսել է դեկտեմբերի 23-ին` նախագահի Գյումրի այցի օրը: Վարդան Ղուկասյանը հեռուստաէկրանից հորդորեց մարդկանց չհրաժարվել Մուշ թաղամասում իրենց առաջարկված բնակարաններից, քանի որ քաղաքի կենտրոնում որեւէ բնակարանաշինական ծրագիր չի իրագործվելու: Սա ասելով` քաղաքապետն ինչպես միշտ մոռացավ ասել, որ կենտրոնի հողատարածքներն ինքը վաճառել է մասնավորին, եւ դա է պատճառը, որ բնակարանաշինության ցանկացած ծրագիր իրագործվելու է ոչ քաղաքի կենտրոնում: Էկրանով մեկ ցուցադրելով ձեռքի գիրքը` Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ 12 գիտանականների հետ համատեղ գիրք է հրատարակել, որի գլխավոր խմբագիրն է ինքը, նաեւ համահեղինակ է: Գիրքը ներկայացնում է Գյումրու 5000 տարվա պատմությունը: «Էս քաղաքում 1804 թ-ին մեծ մարտեր են տեղի ունեցել. գյումրեցիք միացյալ ուժերով ջախջախել են թուրքերին ու պարսիկներին, 7-րդ դարում գյումրեցիները աշխարհազորայինի հետ արաբներին ջախջախել են մեր քաղաքում, Կամսարականը չէր Շիրակի տերը, Կամսարականը հո թիֆլիսենցոց հետ չպիտի գնար կռիվ, շիրակցոնց հետ պիտի էրթար: Էնպես, որ էն կեղտոտները, որ հանել են, թե գյումրեցիք աղուհացով են դիմավորել թուրքերին, սուտ է,- վրդովված հայտարարեց Գյումրու քաղաքապետը:- Ես մանկուց լսել ու վրդովվել եմ դրանից, դրա համար էլ էնքան եմ պրպտել հայոց գրականությունը, մինչեւ հասել եմ ճշմարտությանը: Էնքան պրպտեցի, մինչեւ գիտական կոչումի էլ հասա»: «Ապարանցիք որ սաղ կյանքերը չեն կռվել ու ասում են Ապարան, Ապարան, թուրքի դեմն առանք, սուտ է, ապարանցիք սաղ իրար հետ 20 հոգի են եղել, սաղ գյումրեցիք ու ղարսեցիք են եղել կռվողները: Էս գիրքը մեզ հիմի պարզ ճակատ է անում: 1000 օրինակ տպել ենք, սաղ բաժանելու եմ»: Այնուհետեւ քաղաքապետը, ցուցադրելով մեկ այլ գիրք, հայտարարեց, որ իր մասնակցությամբ եւ հավատացյալ ընկերների օգնությամբ լույս է ընծայել «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորության» վերնագրով գիրք: Կոչ արեց, որ եկեղեցին էլ նմանատիպ գիրք հրատարակի եւ բաժանի հավատացյալներին: «Էդ աղանդավորներն էլ ախր մեր ազգն է, մեր ժողովուրդն է, ես մեղքում եմ իրանց ու ուզում եմ, որ դարձի գան, էս գիրքը էդ նպատակով է գրած: Թողած մեր սրբերին, մեր Մեսրոպ Մաշտոցին, իրանք գնացել են մի հատ անգլիացի, չիդեմ Ռամզես թե Ֆռշպալաք, ասում են մեր առաջնորդն է, թողած մեր Գրիգոր Լուսավորիչին, ընկել են սատանեքի հետեւից, գետինը մտնեք, ետ արեք էլի, ամոթ է»,- հորդորեց քաղաքապետը: Շարունակելով հոգեւոր թեման` քաղաքապետը հիշեց, որ ինքը ֆինանսավորում է «Շիրակ» հ/ը հեռարձակվող «Դեպի տաճար» հաղորդաշարը, որը դիտելիս նյութավոր ու հոգեւոր սնունդ է քաղում: «Հաղորդումը դա է, ոչ թե նստեն էկրանի առաջ ու զբաղվեն բամբասանքով,- շարունակեց քաղքապետը,- ես անուն չեմ տալիս, բայց ինքը կհասկանա, եթե նայում է»: Ամենայն հավանականությամբ քաղաքապետը նկատի ուներ «Ցայգ» հ/ը հեռարձակվող «Եղիցի լույս» հաղորդումը, որի ժամանակ ուղիղ եթերում թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը պատասխանում է հեռուստադիտողների հարցերին: Հաղոդավարին հետաքրքրում էր, թե երբ պիտի քաղաքապետարանը տեղափոխվի նոր շենք: Քաղաքապետը պատասխանեց, որ ներկայում ամեն մի բաժին ինքն է ներքին հարդարման աշխատանքներ անում իրեն հատկացված սենյակներում: Մնացել էր միայն ջեռուցման հարցը, էն էլ լրատվամիջոցները խանգարեցին, հատկապես «Շանթը», որովհետեւ ինքը պատրաստվում էր կաթսայատունը քանդել տեղափոխելու դիմաց, այդ շենքերի բնակիչներին բաքսիներ տալ: Հարց հնչեց առաջիկայում Գյումրիում կառուցվելիք Պատվո բլուրի մասին: Այդ տարածքում վերջերս շինարարական աշխատանքներ իրականացնելիս 1800-ականներին թաղված ռուս սպաների ոսկորներ էին հայտնաբերվել, եւ տարածքում որոշվել է հուշահամալիր կառուցել: «Ցավում եմ, որ էդ տարածքում Սովետի ժամանակ սանատորիա էին կառուցել մարդկանց գերեզմանների վրա, ամոթ էր, հիմա մենք էդ պատժից ազատվում ենք: Ամենափրկիչը դարձրել էինք Ֆիլհարմոնիա, սուրբ Նշան եկեղեցին դարձրել էին դպիր թատրոն, տվել գոմոսեքսուալիստներին, շատ ներողություն, էդ մեռած մարդկանց գերեզմանների վրա զուգարան ու կանալիզացիա էինք սարքել, բա Աստծու կրակն էլ թափավ մեր գլխին, երկրաշարժն որ ելավ մեր գլխին, մեր մեղքերի համար էր, էսօր Աստծո ողորմածությամբ էդ մեղքից քաղաքով պրծնում ենք` կառուցելով Պատվո բլուրը»: Հաղորդմանն անդրադարձ եղավ նաեւ Ամանորին եւ ամանորյա միջոցառումներին, հատկապես շեշտվեց Վարդանանց հրապարակում վեր խոյացող տոնածառի գեղեցկությունը: «Մեր փողերը թափած չէ, բայց էս հրապարակին մենակ էս ձեւի տոնածառը կսազեր, վարձով չենք վերցրել, տոնածառը մերն է, ի դեպ ամենաբարձրն է հանրապետությունում,մայրաքաղաքի տոնածառից էլ է բարձր,- վստահեցրեց քաղաքապետը:- Խոսք կա չէ, կըսեն գյումրեցին գողինքը «անկողինը» ծախե պատիվ կուտա, այսինքն չեղած տեղից մարդը հյուրասիրություն կենե, հիմի մենք էլ, չեղած տեղից էս ամեն ինչը ստեղծել ենք, էս քաղաքն էլ չեղած տեղից է ստեղծվել»,- ամփոփեց Վարդան Ղուկասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter