Հայ առաջին տպագիր գրքի 500-ամյակին նվիրված ցուցահանդես և սիմպոզիում՝ Ալեքսանդրիայի գրադարանում
Սեպտեմբերի 27-ից 29-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի Ալեքսանդրինա գրադարանում կանցկացվի Մերձավոր Արևելքի երկրների և դրանց լեզուներով տպագրության ու հրատարակման պատմությանը նվիրված 4-րդ եռամյա միջազգային սիմպոզիումը, որին կմասնակցի նաև Հայաստանը:
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ սիմպոզիումի շրջանակներում, ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ, նախատեսվում է անցկացնել Հայաստանում գրատպության պատմությանը նվիրված հատուկ նիստ:
Այդ օրերին Ալեքսանդրինա գրադարանում, տնօրինության առաջարկով, կանցկացվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես՝ նվիրված հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսում կներկայացվեն նմուշներ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ու Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի հավաքածուներից:
Մերձավոր Արևելքի լեզուներով և երկրներում հրատարակչության և տպագրության պատմությանը նվիրված միջազգային սիմպոզիումին Հայաստանից կմասնակցեն Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել