HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային պաշտպանին զրկել են քրեական գործին ծանոթանալու իրավունքից

A-Saghatelyan_29.12.09Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 24-ին սկսվեց Սեւան քաղաքի բնակիչ Կարեն Ղասաբօղլյանի քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է կրկնակի անգամ խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար: Առաջին դատական նիստը, սակայն հետաձգվեց մեղադրյալի պաշտպանի միջնորդությամբ: Նա դատարանին հայտնեց, որ նախաքննական մարմինը նախաքննության ժամանակ սահմանափակել է քրեական գործին ծանոթանալու իր իրավունքը, որի կապակցությամբ նա ցանկանում է բացարկ հայտնել գործին մասնակցող դատախազին: Թեեւ փաստաբան Անահիտ Սաղաթելյանը իբրեւ հանրային պաշտպան գործում ներգրավվել է դեռ նախաքննության ընթացքում, սակայն առաջին դատական նիտի ժամանակ նա դատարանից ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Բացարկի տեքստը գրավոր ներկայացնելու, ինչպես նաեւ գործի նյութերին ծանոթանալու համար դատարանը նրան ժամանակ տրամադրեց: «Նախաքննության ընթացքում ինձ հնարավորություն չեն տվել ծանոթանալու մեղադրական եզրակացությանը, իսկ դատախազը նույնիսկ չի քննարկել այդ առումով իմ ներկայացրած միջնորդությունը»,- ասաց հանրային պաշտպանը: Փաստաբան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Կ. Ղասաբօղլյանի շահերի պաշտպանությունն ստանձնել է վերջինիս կալանավորումից մեկ ամիս անց: Այնինչ, մինչ այդ, առանց պաշտպանի մասնակցության, Ղասաբօղլյանի հետ կատարվել են մի շարք քննչական գործողություններ, կազմակերպվել են առերեսումներ եւ իրեն գործում ներգրավել են այն ժամանակ, երբ ըստ էության մեղադրանքը հաստատելու հետ կապված կարեւոր քննչական գործողություններն ավարտվել էին: Իբրեւ կասկածյալ գործով անցնելիս Կարեն Ղասաբօղլյանը Գեղարքունիքի մարզի մյուս հանրային պաշտպան Վազգեն Նիկոլյանի ներկայությամբ հրաժարվել է նրա ծառայությունից` գրելով, որ դա պայմանավորված չէ իր ֆինանսական վիճակով: Ավելի ուշ, երբ գործում ներգրավվել է մարզի մյուս հ/պ Ա. Սաղաթելյանը, նա պաշտպանի ծառայությունից հրաժարվելը բացատրել է նրանով, որ քննիչն իրեն ասել է, թե պետք է վճարի նրա ճանապարհածախսը եւ մյուս ծառայությունների համար: Արդեն մեղադրյալի կարգավիճակում, երբ Կարեն Ղասաբօղլյանի նկատմամբ ավելի քան մեկ ամիս որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանքը, վերջինիս փաստաբան ունենալու պնդումներին ի պատասխան քննիչ Արսեն Մովսիսյանը, ի վերջո,  գործում ներգրավել է հանրային պաշտպան Անահիտ Սաղաթելյանին: «Երբ արդեն մտածել են, որ հիմնավորել են մեղադրանքը, նոր միայն գործում պաշտպան են ներգրավել: Այնինչ հարցաքննությունների ժամանակ Կարենը պաշտպան է պահանջել, եւ քննիչը պարտավոր էր կասեցնել քննչական գործողությունները եւ լուծել պաշտպանի մասնակցության հարցը: Այդ ժամանակ պաշտոնապես ոչինչ չեն պատասխանել, պարզապես բանավոր ասել են, թե ժամանակ չունեինք»,- պարզաբանում է հանրային պաշտպան Ա. Սաղաթելյանը: Երեք հատորից բաղկացած քրեական գործի երկու հատորներին հանրային պաշտպանը ծանոթացել է երկու օր: «Երրորդ օրը մեկ այլ նիստով զբաղված էի, որի վերաբերյալ քննիչին տեղյակ պահեցի»,- ասում է Ա. Սաղաթելյանը: Ուստի, նա ժամանակ է խնդրել քրեական գործի ամբողջ նյութերին` երրորդ հատորին ծանոթանալու համար: Սակայն քննիչ Ա. Մովսիսյանը սա դիտարկել է իբրեւ գործի ձգձգում: Փաստաբանը քննիչի այս որոշումը բողոքարկել է մարզի դատախազություն, բայց սա նույնպես որեւէ բան չի փոխել, եւ քրեական գործը ուղարկվել է դատարան: Հենց առաջին նիստում հանրային պաշտպան Ա. Սաղաթելյանը բարձրաձայնեց այս ամենի մասին եւ, ի տարբերություն նախաքննական մարմնի, դատավոր Սերոբ Մանուկյանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը ու նրան գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն ընձեռնեց: Պապին Մուրադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter