Ըստ ՀԱԿ-ի՝ ավազակային հարձակումը հրահանգել է պատգամավոր Ռուբեն Սադոյանը
ՀԱԿ-ի հայտարարությունը
Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության նյութերը բաժանող երիտասարդների խմբի վրա: Որեւէ կերպ չկարողանալով հակազդել Նիկոլ Փաշինյանի հաղթական քարոզարշավին եւ հասկանալով, որ դրանով ընտրության ելքը կարող է կանխորոշված լինել, վարչախումբը ընտրությունից դեռ 15 օր առաջ արդեն իսկ աշխատեցնում է բռնության, քրեական տարրերի օգտագործման եւ ապօրինությունների իր մեքենան:
Իրականում, ի դեմս իշխանության, մեր դեմ ոչ թե քաղաքական ուժ է գործում, այլ քրեական հիմքի վրա համախմբված բանդա՝ ընդունակ սահմանելու լկտիության ու բարբարոսության նորանոր ռեկորդներ: Վարդանանց փողոցի 5ա շենքում տեղակայված, Ազգային Միաբանությունից առաջադրված, գեղամյանական դրածո մրցակից թեկնածուի նախընտրական շտաբից, նախապես կազմակերպված, նախընտրական քարոզչություն իրականացնող երիտասարդների վրա են հարձակվել երկաթի ձողերով ու սառը զենքերով զինված 20-30 բանդիտներ՝ խլել քարոզչական նյութերը՝ պահանջելով չբաժանել դրանք: Ավազակային հարձակման հետեւանքով Նիկոլ Փաշինյանի վստահված անձանցից Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հարվածներ է ստացել նաեւ Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: Նրանցից 3-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, երկուսը, ավելի լուրջ վնասվածքներով, պահվել են հետագա բուժումը շարունակելու համար: Դեպքից ուշացած ոստիկանությունը տուժողների հետ հանդիպել է միայն հիվանդանոցում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ավազակային հարձակումը հրահանգվել է հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի հրահանգով, իրականացրել է 10/19 եւ 10/20 տեղամասերն սպասարկող հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադարյանը: Իսկ գեղամյանական թեկնածուին անցկացնելու ընդհանուր պատասխանատվությունը դրված է Գագիկ Բեգլարյանի վրա: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանության ու նրա սպասարկուների կեղտոտ այս սադրանքը եւ գործի է դնելու դրանց հակազդելու քաղաքական բոլոր մեխանիզմները: Իշխանության այսօրինակ ճարահատ ու մեղկ քայլերը երբեւէ չեն ազդել մեր վճռականության վրա, այլ միայն քայքայել են վարչախմբի հիմքերը եւ ամրացրել պայքարի մեր ոգին ու շարքերը: Իսկ բոլոր հանցագործներն անպայման պատասխան են տալու օրենքի առջեւ:
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել