HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենօրյա «Մարտի 1-ի» Ամանորյա պահանջագիր

29_12-Marti-1ՀՀ իշխանություններին Անձամբ` «մարտի 1-ի էջը փակող». Աբրահամյան Հովիկին, Հարությունյան Դավիթին, Նաղդալյան Հերմինեին, Շարմազանով Էդուարդին, Նիկոյան Սամվելին, «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի բոլոր այն անդամներին, ովքեր ստորագրել են զեկույցը, կոալիցիայի այն ներկայացուցիչներին ու կամակատարներին, ովքեր համարում են, թե մեր որդիների սպանությունների «էջը շրջված է…»: Մենք` «մարտի 1-ի» զոհերի հարազատներս, վերոնշյալ անձանցից և նրանց սպասարկուներից քանիցս լսեցինք, թե «մարտի 1-ի էջը փակված է»… Քաջ հասկանում ենք – դա ձեր, և առհասարակ` իշխանակիրների փափագն է: Ուզում եք Նոր տարվա օրերին «միախառնելով»՝ հասարակությանը «մատուցեք», թե` «հարցը լուծված է»: Հավանաբար, փորձում եք շուտ ազատվել այդ «գլխացավանքից»` գալիք ընտրություններին անմեղի կարգավիճակով մասնակցելու համար: Չեք հաջողվի, չենք հանդուրժի, ու վստահ ենք` գեթ այդ խնդրում հասարակությունը միակամ է ու զորավիգ է մեր` սպանվածների իրավահաջորդներիս ԴԱՏԻՆ… Իսկ մենք համոզված ենք, որ «մարտի 1-ն» ԱՆՑՈՂԻԿ ՉԷ, որ 21-րդ դարում, քաղաքակիրթ համարվող Եվրոպայի աչքի առաջ, նրա ընտանիքի մասը համարվող Հայաստանում մեզ` ծնողներիս, ու հայ ժողովրդին պատուհասած այդ ոճրագործության ամբողջական բացահայտումը և բոլոր մեղավորներին խստագույն պատժի ենթարկումը ԵՐԻՑՍ ԱՐԴԱՐ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ: Եվ հավատում ենք, որ մեր համոզմունքն ու պահանջը աջակից արձագանք է գտնում անվախ ու արժանապատիվ բոլոր հայ մարդկանց սրտերում: Ի գիտություն ձեզ. Չբացահայտված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է մի քանի ոճիր, չպատժված յուրաքանչյուր հանցագործ հայրանում է մի քանի ոճրագործի: Հիշեք այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր դեռ 1990-ականների սկզբից, նպաստելով ընտրությունների կեղծմանը, մարդկանց իրավունքների բռնացմանը, անկախ դատարան հասկացության հուղարկավորմանը` հետագայում հենց իրենք ուղղակի կամ անուղղակի զոհերը դարձան իրենց իսկ ստեղծած անմարդկային, հանցածին համակարգին… Լավ հիշեք: Ասում եք` «Մարտի 1-ի էջը փակված է», «Ամեն մարդ իր արարքների համար է պատասխանատու», «Ի տխրություն զոհերի հարազատների և ընդդիմադիրների` մարտի 1-ի էջը փակված է»… Որքան հեշտ եք արտասանում այդ խոսքերը, ինչքան հանգիստ ու անխռով: Նաև այդպես եք ցույց տալիս, որ ծնողներիս ՑԱՎՆ ՈՒ ՎԻՇՏԸ ձերը չեն, օտար են, «բեռ» են ձեզ համար… «Զեկույցներ» եք պատրաստում, Եվրոպայում ինչ-որ իրավական հիմնավորումներ ներկայացնում… Ձեր այդ վերաբերմունքին մեկ ու ճշմարիտ գնահատական կա` փորձում եք կոծկել հանցագործությունը, պարտակել` մեղավորներին, նշանառու ոստիկաններին, իշխանության հավատարիմ մարդասպաններին: Դրանով եք ՄԵՂՍԱԿԻՑԸ դառնում ոճրագործության, դրանով և` ձեր վախով, անտարբերությամբ, անսրտությամբ… Հրամայել էր` 20 օր արտակարգ դրություն. որ` ի՞նչ, քրիստոնյա զավակներիս արյո՞ւնը մարսեին… Այցելեց միայն մեկ զոհի հարազատներին` ցավակցության. իսկ մե՞ր որդիները – զոհե՞ր չէին, մեր լացն ու ողբը – ծնողակա՞ն չէր: Պետությունը դարձրել եք գանձարան` դանայան տակառի պես ձեր անկուշտ ընչաքաղցության համար, երկիրը` մահկանացուներիս կյանքի կազինո ու խորովածանոց, ժողովրդին համարում եք լոկ ձեր ստնտուն, իրավապահ համակարգն էլ օգտագործում եք որպես վահան ու մահակ… Շատ խոսք ունենք ասելու` ծնողի, մարդու, հայի, քաղաքացու… Ու դեռ` կասենք: Բայց հիմա – Նոր տարի է, մեզ համար` հին – 2008…: Ձեր ապագա արու թոռնիկներին` բարի ծնունդ, բարի ծառայություն Հայոց բանակում, և թող նրանք ապրեն իրավական-քաղաքացիական Հայաստանում, որպեսզի այդ երիտասարդ զինծառայողների վերադասները նրանց ապօրինաբար չտեղափոխեն մայրաքաղաքի փողոցներ` ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ սուրբ երդումը «ի կատար ածելու» հայրենակիցների դեմ: Ամանորին` մեր պետությանը մաղթում ենք – օրենք, իրավունք, արդարություն: «Մարտի 1-ի» որդեկորույս ծնողներ` Զոհված զինվոր Տիգրան Աբգարյանի մայր` Ռուզաննա Հարությունյան Զոհված Տիգրան Խաչատրյանի մայր` Ալլա Հովհաննիսյան Զոհված Գոռ Քլոյանի հայր` Սարգիս Քլոյան Զոհված Արմեն Ֆարմանյանի հայր` Վաչագան Ֆարմանյան Զոհված Դավիթ Պետրոսյանի մայր` Ջեմմա Վարդումյան Զոհված Հովհաննես Հովհաննեսյանի այրի` Լիլիա Մինասյան Զոհված Սամվել Հարությունյանի հայր` Ռուբեն Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter