HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ես այդ խոզի բդի համը դեռ չեմ տեսել»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը

Ըստ հաստատված ավանդույթի` Միքայել Սրբազանը Ամանորը դիմավորում է Սուրբ Յոթվերք եկեղեցում

«Հակառակ այն բանին, որ հոգեւորականի իմ ուղին եղել է բավականաչափ բարդ ու դժվարին, ես այդ դժվարությունները ընդունել եմ իբրեւ Աստվածային օրհնություն եւ ոչ մի վայրկյան չեմ զղջացել հոգեւորական ասպարեզ մտնելու համար»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը:

Աջապահյանների գերդաստանը սերում է Կիլիկիայի նույնանուն տոհմից, որը հայ ազգին 10 կաթողիկոս է տվել: Միքայել Սրբազանի նախնիները եղեռնի պատճառով տեղահանվել, հետագայում` 1946թ., ներգաղթել են Հայաստան` հաստատվելով Գյումրիում, որտեղ էլ 1963 թ. դեկտեմբերի 27-ին ծնվել է Միքայել Եպիսկոպոս Աջապահանը (ավազանի անունը` Գեւորգ): 1999թ.-ից Շիրակի թեմի հոգեւոր հովվի պաշտոնը ստանձնած Միքայել Սրբազանի ուղին հեշտ չի եղել, եւ անցած 10 տարիներին թեմում իրականացրած աշխատաքներն էլ գնահատելիս առաջնորդը բավական խիստ գնահատականներ է տալիս: «Եթե գնահատելու լինեմ անցած 10 տարիներին թեմում արվածը 5 բալանոց սանդղակով, ապա` «2», ու ոչ թե նրա համար, որ ձեր Սրբազանը ծույլ է, այլ որ այնքան բան կա անելու, ու որքանը դեռ թերի է: Հարցնում եք, թե ինչո՞ւ եմ այդքան խիստ գնահատում ինքս ինձ…Ասեմ, ես միշտ դժգոհ եմ, որովհետեւ կարծում եմ, որ կարելի է ավելին անել, իսկ դրա համար երեւի մեկ կյանքն էլ չբավականացնի: Դժգոհ եմ, որովհետեւ մարզի տարածքում կան խոնարհված եկեղեցիներ, դժգոհ եմ, որովհետեւ քահանաների թիվը 140 չէ, ու ամեն գյուղ իր քահանան չունի: Անշուշտ, նվաճումներ էլ են արձանագրվել. չթվա, թե «2» գնահատեցի, ուրեմն բան չի արվել: Այսօր թեմը հսկա մի կառույց է` 19 քահանաներով, 200-ի հասնող աշխատակիցներով, 30-ից ավել գործող եկեղեցիներով ու բաժիններով: Ստեղծվեց ու մեկ տարի է, հաջողությամբ գործում է Սոցիալ-կրթական կենտրոնը: Հաջորդ տարի կավարտվի Հայորդաց տան շինարարությունը, եւ եւս մեկ հոգեւոր-մշակութային կենտրոն իր գործունեությամբ կզարդարի այս քաղաքը»,- ասում է Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը: 

Շիրակի թեմի առաջնորդը համարում է, որ 2009թ. ճգնաժամը հոգեւոր կյանքի վրա որեւէ ազդեցություն չէր կարող թողնել: Այն ազդեց նյութականի վրա, բայց ոչ հոգեւորի: Թեմի համար տարվա ամենամեծ ձեռքբերում Սրբազան հայրը համարում է այս դժվարին պայմաններում սկսված բնակարանաշինությունը եւ իհարկե Նազիկ Ավդալյանի հաղթանակը: 

«Ես նմա՞ն եմ մարդու, ով արտասվում է. իհարկե չէ: Բայց Նազիկն ինձ լացացրեց,-ասում է Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը:- Ես ելույթը նայել եմ երեկոյան, երբ արդեն լսել էի հաղթանակի մասին, բայց միեւնույն է` հուզվեցի: Նազիկը մեզ պարզճակատ արեց ողջ աշխարհում եւ իհարկե բարձր պահեց ոչ միայն հայի, այլեւ գյումրեցու պատիվը, ինչու չէ, նաեւ իր թեմի, որի զավակն է այդ փոքրամարմին հայուհին»: Միքայել Սրբազանի համար իրական տոնը սկսվում է ոչ թե Ամանորին, այլ հունվարի 6-ին, երբ ողջ հայությունը եւ Առաքելական եկեղեցին նշում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: «Դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 5-ը պաս է,- բացատրում է Սրբազանը,- բայց հենց այդ օրերին են գցվում այդ բոլոր ճոխ սեղանները, որ անթույլատրելի է: Բայց ժողովուրդը մեղավոր չէ: Խորհրդային իշխանությունները, որպեսզի մարդկանց մեջ մեռցնեն հավատը, մոռացության տան Սուրբ Ծնունդի արարողությունները, վերցրին այն բոլորը, որ պատկանում է Սուրբ Ծնունդին եւ տվեցին Նոր տարուն: Իրականում այդ բոլոր ճոխ սեղանները, ճոխ ուտելիքները, միմյանց տուն այցելություններն ու շնորհավորանքները պետք է լինեն հունվարի 6-ին»: Խոսելով Արեւմուտքում դեկտեմբերի 25-ից նշվող ծննդյան տոների մասին` Սրբազան հայրը հաստատեց, որ հենց այդ օրերն են եվրոպացիները համարում իրական տոնական օրեր, եւ որ Նոր տարին նրանք նշում են շատ սովորական, այն էլ միայն դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին: Սրբազանի կարծիքով Սուրբ Ծնունդի իրական խորհուրդը ժողովրդին վերադարձնելը պետության խնդիրն է. ինչպես այն 70-80 տարի առաջ խլել է ժողովրդից, այնպես էլ պետք է միջոց մտածի վերադարձնելու համար: Դեկտեմբերի 31-ի կեսգիշերային զանգերից առաջ Միքայել Սրբազանը գնում է Սուրբ Յոթվերք եկեղեցի եւ այնտեղ էլ աղոթքով դիմավորում Ամանորը. սա արդեն տարիներով հաստատված ավանդույթ է: Քանի որ պաս է, ամանորյա տոներին Սրբազանի հարկի տակ մսեղենից ուտելիքներ չեն պատրաստվում. սեղանի վրա միայն մրգեր, քաղցրեղեն եւ ընդեղեն է դրվում. «Ես այդ խոզի բդի համը դեռ չեմ տեսել,- ծիծաղում է Սրբազանը:- Երբ արդեն կարելի է իրականում միս համտեսել, այն արդեն չի լինում: Իրականում այն ինձ այնքան էլ չի հուզում. ես սակավապետ մարդ եմ: Երբ երեխա էինք, մեզ համար Նոր տարին լիմոնադն ու մանդարինն էր, իսկ նվերը` բարձի տակ դրած չարազը»: Դեկտեմբերի 10-ին մեծ շուքով նշվեց Շիրակի թեմում Սրբազանի գործունեության 10 տարին, որին ներկա էին թեմակալ Առաջնորդներ, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, ուսուցիչներ եւ պարզապես հասարակ քաղաքացիներ: Եղան եւ նվերներ: «Ես, ինչպես ասացի, սակավապետ մարդ եմ, բայց իհարկե հաճելի է, երբ նվերներ ես ստանում, դա էլ ուշադրության մի ձեւ է, սակայն ինձ համար ամենանշանակալի եւ հուզիչ նվերը այդ օրը Նարեկ Եպսկ. Շաքարյանի «պանակեն» իր իսկ ձեռքից ստանալն էր: Եվ անսպասելի էր, եւ հուզիչ»: Վերջում Սրբազան հայրը մաղթեց, որ Փրկչական 2010 թվականը Աստվածային Լույսով բացվի հինավուրց մեր երկրի վրա եւ բարեբերություն ու խաղաղություն պարգեւի ամենքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter