HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանամերձ գյուղեր գնալը փորձություն է 

29_12-ErtuxayinԱրմավիրի մարզի Երվանդաշատ գյուղ հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել մի շարք փորձություններ: Մարզկենտրոն Արմավիրից օրը մեկ անգամ բնակիչներին փոխադրում է «Գազել» մակնիշի միկրոավտոբուս: «Գազելը» սպասարկում է ոչ միայն Երվանդաշատին, այլ եւս 4 գյուղերի: 15 տեղանոց միկրոավտոբուսում 20 եւ ավելի մարդ է նստում, եւ ուղեւորները երբեմն տրանսպորտից իջնում են մեջքերը կորացած կամ կաղալով:

Դժվար է հատկապես տոնական օրերին, քանի որ յուրաքանչյուրի ձեռքին պայուսակ էլ կա եւ իրար գիրկ նստելը դառնում է գրեթե անհնար: Ուղեւորները այլընտրանք ունեն, 400-500 դրամի փոխարեն կզրկվեն 3500 դրամից, քանի որ տաքսու վարորդներն այդքան են պահանջում Երվանդաշատ տանելու համար: «Երթուղու պատճառով ժողովուրդը շատ մեղք վիճակում է հայտնվել: Իրար շալակ ենք բաձրանում, որ տեղ հասնենք: Մարդիկ այնպիսի ծայրահեղ վիճակում են հայտնվել, որ տղամարդիկ արդեն համակերպվել են, որ իրենց հարսներն ու կանայք, խալխի տղամարդկանց շալակը բարձրանալով, գիրկը նստելով տեղ հասնեն: Օրենքի ուժը մինչեւ հիմա չենք տեսել, որ գնանք մի տեղ մեր բողոքը ներկայացնենք ու վստահ լինենք, որ բողոքին ուշադրություն դարձնող կլնի»,- երթուղային տաքսում մեկ այլ կնոջ գիրկը նստած դժգոհեց բագարանցի Մարգարիտան: Համագյուղացի Զարզանդն էլ ավելացրեց, որ իրենց համար դժվար է հատկապես ամռանը, քանի որ, եթե գիծը սպասարկեր ավտոբուս, իրենք կկարողանային գոնե քիչ քանակությամբ գյուղմթերք տեղափոխել շուկա: Ավելի անհարմար վիճակում հայտնվում են երվանդաշատցիները, քանի որ իրենց գյուղը մարզկենտրոնից ամենահեռուն է: Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ գյուղացիների դժգոհությունը տեղին չէ, եւ գիծը լավ էլ «մարդավարի» սպասարկվում է: «Գյուղերի բնակիչներն ուզում են իրենց հետ Արմավիրից գազի բալոն, ալյուր, թեփ բերեն, իսկ դա չի լինի: Ես դեմ եմ, քանի որ պետք է մարդիկ մարդավարի երթեւեկեն: Եթե մի քանի մարդ դժգոհում է, դա չի նշանակում, թե գիծը վատ է սպասարկվում»,- ավելացրեց Երվանդաշատի գյուղապետը: Հ. Ավետիսյանի ասելով` եթե մարդիկ շատ են լինում, երկրորդ միկրոավտոբուսն է աշխատում, եւ բոլորն էլ գոհ են մնում: Պարոն Ավետիսյանի ներկայացրած «մարդավարի սպասարկմանը» կհավատայինք, եթե չտեսնեինք, թե ինչպես են մարդիկ երթեւեկում իրար գիրկ նստած: Գյուղապետի փոխանցմամբ, տարիներ առաջ գիծը սպասարկել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս, սակայն գյուղացիները դժգոհել են եւ «Պազիկը» փոխարինվել է «Գազելով»: Նրա փոխանցմամբ, գիծը սպասարկում է անհատ ձեռներեց Հակոբ  Բաղդասարյանը: Նա հենց Երվանդաշատ գյուղից է եւ գյուղապետի պաշտպանողական դիրքորոշումն ավելի քան պարզ է: Մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել գծատիրոջը: Նրա հեռախոսահամարը ոչ ոք չուներ: Բագարանի գյուղապետ Գեւորգ Մարգարյանն էլ նշեց, որ գյուղերը բավականին հեռու են եւ գծատիրոջ ծախսերն ավելի շատ է, քան ուղեւորներից ստացված գումարները: «Ո՞ր մի գծատիրոջը ձեռք չի տա, որ ուղեւորները շատ լինի ու ինքը դրանից շահույթ ստանա: Այսօր նույնիսկ մեկ գազելը չի արդարացնում իրեն` ուր մնաց երկրորդը»,- ասաց Գ. Մարգարյանը: Նա նույնպես նշեց, որ երկրորդ գազելն աշխատում է միայն շատ ուղեւորների դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter