HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

2009 թվականի քաղաքական խճանկարը

Ասել, թե 2009 թվականը հագեցած տարի էր, նշանակում է չասել ոչինչ: Իրադարձությունները միմյանց հաջորդում էին այնպիսի արագությամբ, որ շունչ քաշելու ժամանակ անգամ չէր մնում: Չկար հասարակական հետաքրքրքություն ներկայացնող որևէ ոլորտ, որը դուրս մնար այս գերարագացած տեմպից:

Սակայն ընդհանուր խորապատկերի վրա առանձնացան քաղաքական այն իրողությունները, որոնցով պատմության մեջ կբնորոշվի 2009 թվականը:

1. Արտաքին քաղաքական ոլորտ 2008թ. առաջացած ներքին լեգիտության ճգնաժամն արտաքին վստահության ռեսուրսով չեզոքացնելու ձգտումը կոդավորվեց որպես արտաքին նախաձեռնողական քաղաքականության մեկնարկ: Թե ինչ մասշտաբներ կարող էր ընդունել շշից բաց թողնված այս ջինը, Հայաստանի իշխանությունը, թերևս, զգաց արդեն տարեսկզբին, երբ փետրվարից սկսվեցին հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված գաղտնի բանակցությունները: Այս գործընթացը, որը 2008թ. ռուս-վրացական կարճատև պատերազմի ուղղակի հետևանքներից մեկն էր, Թուրքիայի հետևողական ջանքերի շնորհիվ ընդգրկեց ողջ հարավկովկասյան տարածաշրջանը և ստիպեց աշխարհաքաղաքական ուժային երեք կենտրոններին` Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Եվրամիությանը, այստեղ որոշակիորեն հավասարակշռել իրենց հարաբերությունները: Ստեղծվեց մի աննախադեպ իրավիճակ, երբ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումը բխում էր բոլոր ուժերի շահերից, ավելի ճիշտ` դիրքերի ուժեղացման համար պայքարը տեղափոխվեց կարգավորման պրոցեսները «հովանավորելու հարթություն»: Դրա ուղղակի հետևանքը եղավ ճնշումների ուժեղացումը տարածաշրջանի երկրների նկատմամբ, որի ազդեցությամբ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը հաղորդվեց աննախադեպ արագություն: Անցնող տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները 7 հանդիպում ունեցան, հակամարտության բանակցային գործընթացի շրջանակներում առաջին անգամ` Մեծ ութնյակի գագաթաժողովի ընթացքում, Աքվիլայում համատեղ հայտարարություն ընդունեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների երեք նախագահները. դրանով իսկ առաջին անգամ հրապարակվեցին Մադրիդյան սկզբունքները: Զուգահեռաբար ընթացող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, որից մեծ ակնկալիքներ ունեին ՀՀ իշխանությունները, վերջիններիս ստիպեց ղարաբաղյան ճակատում գնալ աննախադեպ նոր զիջումների՝ ընդհուպ մինչև հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններից առնվազն վեցը վերադարձնելու պայմանին համաձայնելը, որի դիմաց ընդամենը Հելսինկյան Եզրափակիչ ակտով սահմանվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հայտարարություններում սկսեց գործածվել տարածքային ամբողջականության սկզբունքի կողքին: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանն իր հերթին, օգտվելով հայ-թուրքական ճակատում Հայաստանի վրա գործադրվող ճնշումներից, ավելի կարծրացրեց դիրքորոշումը և փաստացի հրաժարվեց նախնական մոտեցումներից որևէ բան զիջելուց: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման կիզակետը հոկտեմբերի 10-ն էր, երբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն ստորագրեցին երկու հայտնի արձանագրությունները: Արդեն տարեվերջին թուրքական կողմը բացահայտեց, որ չնայած այդ արձանագրությունների մեջ նախապայմաններ չկան` սակայն դրանք վավերացնելու համար Հայաստանը պետք է զիջումների գնա ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Դա բացահայտ դեմարշ էր հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նկատմամբ, որովհետև անուղղակի կերպով նշանակում էր վիժեցնել սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկսված գործընթացը: Սակայն խնդիրը ոչ թե դա էր, այլ այն, թե այդ ողջ ընթացքում դիվանագիտական այս մեծ խաղի արդյունքում ինչ ստացավ Հայաստանը, և ինչ՝ Թուրքիան: Հայաստանն ունեցավ միայն թղթի վրա գրված խոստումներ, որոնց կենսագործումը բացարձակապես կախված է ոչ թե իրենից, այլ գերտերությունների և մասնավորապես ԱՄՆ-ի դիրքորոշումներից, որը հիմա ինչ-որ չափով պրոհայկական է՝ կապված թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած որոշակի լարվածությամբ: Մինչդեռ Թուրքիան դրանից դիվիդենտներ շահեց առնվազն երեք առումով: Նախ՝ արձանագրությունների միջոցով փաստվեց, որ Հայաստանը Թուրքիայի ներկայիս սահմանները ճանաչելու և Ցեղասպանության իրողությունն ուսումնասիրող պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու հետ կապված խնդիրներ չունի: Եվ եթե անգամ արձանագրությունները չվավերացվեն, ապա հետագայում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկացած նախաձեռնության ժամանակ այս երկու պայմանները Թուրքիան առաջադրելու է որպես նվազագույն ակնկալիք: Երկրորդ` դրանց ֆիքսումը արձանագրություններում հսկայական ցնցումների ենթարկեց Հայաստան-հայկական սփյուռք հարաբերությունները, ինչը բխում էր բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերից: Հայաստանը, փաստորեն, ի լուր աշխարհասփյուռ հայերի, անուղղակի հաստատեց, որ պահանջատեր չէ: Այսինքն` կտրեց այն խողովակը, որի միջոցով Սփյուռքում հույս ունեին Թուրքիային նյութական, բարոյական և տարածքային պահանջներ ներկայացնել: Վստահության այս ճգնաժամի հետևանքները դեռ երկար իրենց զգալ կտան: Երրորդ՝ արձանագրությունների ստորագրմամբ Թուրքիան ուղղակի ներխուժեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտի իբրև անուղղակի, բայց բավականաչափ ուժեղ միջնորդ: Ըստ էության, դրանից հետո ղարաբաղյան գործընթացը սկսեց ընթանալ երկու մակարդակով՝ ՄԽ շրջանակներում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձևաչափով և Թուրքիա-Մինսկի խումբ ձևաչափով: Եվ Հայաստանը ստիպված է հետայսու ԼՂ հարցում երկու ճակատով պայքար մղել: Սակայն, դրանից բացի` հայ-թուրքական հաշտեցման գործընթացը նաև ներքին՝ իշխանություն-հասարակություն անվստահություն սերմանեց: Նախ՝ ապրիլի 23-ի ուշ երեկոյան, ապա նաև մայիսի 31-ի կրկին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանը գաղտնի հայտարարություններ է ստորագրել Թուրքիայի հետ՝ հարաբերությունների կարգավորման հետ կապված: Ազգային հիմնահարցերի հետ կապված գաղտնի բանակցությունների, առավելևս գաղտնի որոշումների կայացման պրակտիկան ձևավորվեց հենց 2009թ., և այլևս որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ այն հետագա դրսևորումներ չի ունենալու: ԵԽ-ի, ԵՄ-ի և միջազգային այլ կառույցների հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորվեցին այս երկու օրակարգային խնդիրներով: ԵԽ-ն, հայկական կողմի՝ զիջումների գնալու պատրաստակամությանն ընդառաջ, զգալիորեն թուլացրեց ճնշումները Հայաստանի վրա և գործնականում Հայաստանի վրայից հանեց մոնիթորինգային ռեժիմը: Արդյունքում մարտի մեկի իրադարձությունների իրական բացահայտման հանգամանքը թողնվեց իշխանությունների հայեցողությանը, որը և հանգեցրեց Փաստահավաք խմբի փլուզմանը:

2. Ներքին քաղաքական ոլորտ. Ներքին քաղաքական օրակարգը և քաղաքական ուժերի դասավորությունը սկսեց անմիջականորեն իր վրա կրել արտաքին քաղաքականության գործոնների ազդեցությունը: 2009թ. կեսերից սահմանադրական կարգի պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերը, որոնց թևին արմատական ընդդիմությունը հսկայական հասարակական շարժում էր առաջացրել՝ սևի ու սպիտակի բաժանելով ողջ քաղաքական սպեկտրը, աստիճանաբար իրենց տեղը սկսեցին զիջել ավանդական ազգային խնդիրներին՝ հատկապես Ցեղասպանության ճանաչման և ԼՂ կարգավորման հետ կապված: Այս գործընթացը որոշակիորեն հրահրեց նաև արմատական ընդդիմությունը, որը, փորձելով օգտվել իշխանությունների՝ դրսում լեգիտիմությունը վերականգնելու փորձերից, միտումնավոր թուլացրեց ճնշումները նրա նկատմամբ, որպեսզի վերջինս ժամանակ ունենա կարգավորելու Ղարաբաղյան հակամարտությունը և վերականգնելու «սահմանային հարաբերությունները» Թուրքիայի հետ: Պատճառն այն էր, որ իշխանությունների իրականացրած քայլերը գերազանցապես համապատասխանում էին արմատական ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի մեջ գերիշխող դիրք ունեցող ՀՀՇ-ական ուժերի քաղաքական-գաղափարախոսական մոտեցումներին: Արդյունքում ստեղծվեց մի աննախադեպ իրավիճակ, երբ արտաքին խնդիրների նկատմամբ թե իշխանությունը, թե արմատական ընդդիմությունը գրեթե նույնական մոտեցումներով էին առաջնորդվում: ՀԱԿ-ի ինքնակամ ինքնամեկուսացումն ընդդիմադիր դաշտում վակում առաջացրեց, որը շուտով լցրին ազգային պահպանողական ուժերը: Սակայն դա ոչ թե հասարակական պահանջարկի արդյունք էր, այլ ստեղծված իրավիճակի պարզ հետևանք: Արդյունքում ընդդիմությունն ստացավ գրեթե նույն պատկերը, ինչ ուներ մինչև 2008թ. սեպտեմբերը, այսինքն` մինչև ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հրապարակային հայտարարությունը: ՀՅԴ-ն իրեն հռչակեց ընդդիմադիր ուժ, հրաժարվեց իրեն հատկացված նախարարական պորտֆելներից, սակայն այդպես էլ չկարողացավ իրեն վերագտնել ընդդիմության մեջ: ՀՅԴ-ն նույնիսկ չկարողացավ օգտվել հայ-թուրքական հաշտեցման՝ սկսված գործընթացի ընձեռած հնարավորությունից: Չնայած մի քանի ակցիաներ եղան, բայց դրանք համընդհանուր, համաժողովրդական շարժման չվերածվեցին, որովհետև ՀՅԴ-ն ընդգծված իներտություն և անհետևողականություն էր դրսևորում ազգային, ազգային-պահպանողական ուժերին համախմբելու և իշխանություններին ավելի կոնկրետ պահանջներ ներկայացնելու հարցում: Այս իրադրությունը վերջնականապես խառնաշփոթ առաջացրեց ընդդիմադիր դաշտում: Այն կրկին բյուրեղացնելու փորձեր, իհարկե, արվեցին: Մասնավորապես, համագործակցության պլատֆորմ առաջարկեցին «Ժառանգություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը: Սակայն հատկապես իշխանափոխության նպատակահարմարության, դրա ձևերի ու մեթոդների հարցում առկա տարաձայնությունների պատճառով համագործակցության պլատֆորմը մնաց գրված թղթի վրա: Որոշակի զարգացումներ արձանագրվեցին հատկապես քաղբանտարկյալների առկայության խնդրի հետ կապված: Նրանց մի մասը կալանքից ազատվեց ներման խնդրագրերի միջոցով, մի մասը՝ նախագահի կողմից հայտարարված համաներման: Սակայն ընդդիմադիր ակտիվիստներից մոտ 15 հոգի դեռևս ազատազրկման մեջ է, և ՀԱԿ-ի հիմնական ռեսուրսներն ուղղված էին այս մարդկանց կարգավիճակի փոփոխությանը հասնելուն: Տարեվերջին արդեն մարտիմեկյան իրադարձությունների հետևանքները սրբագրելու առումով նոր հնարավորություններ ստեղծվեցին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 10-րդ ընտրատարածքից ԱԺ պատգամավորական ընտրություններին մասնակցելու մասին: Ընտրությունները կկայանան 2010-ի սկզբին: Սակայն այն փաստը, որ Փաշինյանի գործով դատավարության ընթացքում ՀՀ դատախազությունը 8 տարվա ազատազրկում պահանջեց նրա համար, հստակ ցույց տվեց, որ իշխանությունն այնքան էլ հակված չէ մեղմացնելու դիրքորոշումը ընդդիմության ակտիվիստների նկատմամբ, և դա նոր լարվածության օջախ է ստեղծում: Սակայն ամեն ինչ կախված է բուն ընտրություններից, որը կարող է նաև Փաշինյանին կալանքից ազատելու հնարավորություն ստեղծել: Ամեն դեպքում ներքաղաքական դաշտում բավականին խառնիճաղանջ իադրություն է ստեղծվել, որն առավելաբար բոլոր կողմերի պասիվության հետևանք է: Ընդդիմադիր դաշտում առաջացած այս իրավիճակը բավականին դրական միջավայր ստեղծեց ինքնակազմակերպված ընդդիմադիր դաշտը դրսից կազմալուծելու համար: Սկզբում հարվածի թիրախ դարձավ «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ տարեվերջին արդեն` ՍԴՀԿ-ն: Եթե առաջին դեպքում ընդդիմադիր դաշտը պառակտելու խնդիր էր դրված, ապա երկրորդ դեպքում հարվածն ուղղված էր նաև ՀԱԿ-ի ամբողջականությանը: Հետաքրքրականն այն է, սակայն, որ երկու դեպքում էլ թիրախ էին ընտրվել ազգային ուղղվածություն ունեցող կուսակցությունները: Ինչևէ, 2010 թվականը խոստանում է ավելի հագեցած լինել: Ակնհայտորեն այն լինելու է առաջացած հարցականների մեծ մասին պատասխանելու ժամանակահատված: Դա ենթադրում է պրոցեսներում հանրային ակտիվ դերակատարություն, սակայն հայաստանյան հասարակությունն ակնհայտորեն պատրաստ չէ դրանց: Եվ 2010 թ. ամենամեծ մարտահրավերը դա է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter