HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում 2009-ին իրականացվել է 13,1 մլրդ դրամի կապիտալ շինարարություն

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը տարվա հաջողությունների շարքում նշեց նաեւ կապիտալ շինարարության աննախադեպ ծավալի մասին, իսկ այսօր այդ ծավալների մասին լրագրողների հետ զրուցեց կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը: Նրա խոսքերով, տարվա սկզբից կապիտալ շինարարության համար նախատեսված էր շուրջ 12 մլրդ դրամ: Մտավախություն կար, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը կունենա նաեւ այս բնագավառի վրա, սակայն,  Կ. Շահրամանյանի խոսքերով, հաջողվեց ոչ միայն ապահովել այդ ծավալը, այլ նաեւ գերազանցել: Արդյունքում, տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 13,1 մլրդ դրամի շինարարություն: Վարչության կողմից իրականացվել է 9 մլրդ-ից ավելի գումարի (ամբողջ գումարի 68,3 տոկոս) շրջանակներում աշխատանքներ: Կարեն Շահրամանյանի տեղեկացմամբ` զգալի աշխատանքներ են կատարվել բնակարանաշինության ուղղությամբ` 3 մլրդ 38 մլն դրամի չափով: Արցախյան պատերազմում զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրով տարվա ընթացքում կառուցվել է 44 տուն, վերանորոգվել` 16-ը, վերանորոգման եւ գնման համար գումարներ են տրամադրվել 43 ընտանիքների: Ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրով, հանրապետության 6 եւ ավելի երեխա ունեցող 28 ընտանիքների համար կառուցվել են առանձնատներ` 4 սենյականոց, կոմունալ բոլոր հարմարություններով: Վերաբնակիչների եւ փախստականների բնակարանային պայմանների բարելավման ծրագրով շահագործման է հանձնվել 28 նոր տուն, վերանորոգվել` 55-ը, իսկ 9-ը ընտանիքի ֆինանսական միջոցներ են տրամադրվել` բնակարանի գնման կամ նորոգման համար: Ծրագիրը դեռ չի ավարտվել, եւ նշված բնակիչների համար տների կառուցումը շարունակվում է: «Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում նոր թաղամաս է կառուցվում, որտեղ արդեն 10 տուն շահագործման ենք հանձնել, իսկ 5 տան շինարարությունը դեռ ընթացքի մեջ է: Ընթացքում են նաեւ հանրապետության տարբեր բնակավայրերում այս ծրագրով կատարվող շինարարական աշխատանքները»,-նշել է կապիտալ շինարարության վարչության պետը: Պաշտպանության բանակի սպայակազմից 33 հոգու նույնպես բնակարաններ են տրամարվել, ընթացքի մեջ է նաեւ Ստեփանակերտի նախկին կահույքի ֆաբրիկայի տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարությունը: Կարեն Շահրամանյանը կարեւորեց նաեւ 2009-ին մեկնարկած նոր ծրագրի իրականացումը. այս տարի վերաբնակեցվող Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում կառավարությունը բնակարանային պայմանների բարելավման նպատակով  բնակիչներին տրամադրել է շինանյութեր, եւ բնակիչներն իրենց ուժերով են իրականացրել մնացած աշխատանքները: Մեկ ընտանիքին տրամադրվել է 1,5 մլն դրամի շինանյութ: Ընդհանուր առմամբ, Քաշաթաղի շրջանում տրամադրվել է 112 մլն դրամի շինանյութ, իսկ Շահումյանի շրջանում` 80 մլն դրամի: Ծրագիրը նույնպես շարունակություն կունենա: Բավականին մեծ աշխատանքներ են կատարվել նաեւ կրթության բնագավառում` 1,3 մլրդ դրամի շրջանակներում. տարվա ընթացքում շահագործման է հանձնվել 6 նորակառույց դպրոց, իսկ 8-ի շինարարությունն էլ ընթացքի մեջ է: Վերանորոգվել է 5 դպրոց: Այս ուղղությամբ աշխատանքներում կառավարությունը համագործակցում է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որի միջոցներով էլ են դպրոցներ կառուցվում Ղարաբաղում: Զգալի ներդրումներ են կատարվել նաեւ նախադպրոցական, մշակույթի եւ սպորտի, առողջապահության բնագավառներում, ինչպես նաեւ ճանապարհաշինարարության ոլորտում: Ճանապարհաշինարարությանն ուղղվել է 2մլրդ 120 մլն դրամ: Կարեն Շահրամանյանի տեղեկացմամբ` 2010-ին կապիտալ շինարարությանը պետբյուջեից կուղղվի 11 մլրդ 900 մլն դրամ: Այս գումարի մեջ չի մտնում «Հայաստան» հիմնադրամի միջոցների հաշվին Շուշիում իրականացվելիք շինարարական աշխատանքները: Վարչության պետը հուսով է, որ շինարարություն կիրականացնեն նաեւ արտաբյուջետային միջոցների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter