HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՀՀ դատարանում տեղի ունեցած միջադեպի առթիվ գործ է հարուցվել ԼՂՀ օրենսգրքով

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ցմահ դատապարտման ենթարկված նախկին զինծառայող Մանվել Հազրոյանի պաշտպաններն անդրադաձան օգոստոսի 3-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած միջադեպին եւ դրա զարգացումներին: Նախ միջադեպի մանրամասները ներկայացրեց փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Այսպես՝ երբ դատավորը ընթերցել է ցմահ դատապարտման վճիռը, Հազրոյանը սեղանի վրա դրված, կիսով չափ լիքը «Ջերմուկի» շիշը նետել է դատավորի ուղղությամբ: Քննչական մեկուսարանի ոստիկանները, որոնք էլ հենց ամբաստանյալին բերել էին դատարան,  միանգամից հարձակվել եւ ձեռնաշղթաներ են հագցրել Հազրոյանին: Դրանից հետո դահլիճից հեռացրել են նաեւ լրագրողներին: Դուրս են եկել նաեւ դատախազն ու ծնողները: «Մնացինք ես, ոստիկանները, Հազրոյանը, դատավորը, քարտուղարը: Սկսեցին ծեծել նրան: Ես մոտեցա եւ միջամտեցի: Նույն ագրեսիայով ինձ վրա հարձակվեցին ու բռնի ուժով փորձում էին դուրս հանել դատարանի դահլիճից: Այդ ամենը դադարեցվեց այն բանից հետո, երբ դահլիճ մտան մի քանի մարդիկ՝ այդ թվում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը: Ոստիկանները դուրս հանեցին մեր պաշտպանյալին: Սակայն ծնողները դրսում տեսել էին, թե ինչպես են նրան ծեծելով տանում քննչական մեկուսարան»:

Փաստաբաններ Էդմոն Մարուքյանն ու Կարեն Թումանյանը կատարվածի առնչությամբ հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ նշել են առանձին 4 հանցագործության մասին. առաջին՝ Հազրոյանի շիշ նետելու դեպքը, երկրորդ՝ լրագրողների գործունեությանը խոչընդոտելը, երորրդ՝ պաշտպանյալին ծեծի ենթարկելը, չորրորդ՝ փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելը: Հաղորդումը ՀՀ-ից ուղարկվել է ԼՂՀ գլխավոր դատախազություն: Սակայն այստեղ ոչ թե այդ հաղորդման, այլ քննչական մեկուսարանի աշխատակցի զեկուցագրի հիման վրա է քրգործ հարուցվել, ընդ որում՝ միայն շիշ նետելու դրվագի առթիվ:

Հատկանշական է, որ գործը հարուցվել է ԼՂՀ Քր.օր.-ի համապատասխան հոդվածով: Նախաքննության շրջանակներում հարցաքննվել են նաեւ լրագրողները:

Մարուքյանը պատմում է. «Ես արձակուրդի մեջ էի, երբ մեր փաստաբանական գրասենյակը ստանում է գրություն առ այն, որ եթե ես օգոստոսի 29-ին չներկայանամ ԼՂՀ գլխավոր դատախազություն իմ պաշտպանյալի դեմ հարուցված քրգործով որպես վկա եւ ցուցմունք չտամ, իմ նկատմամբ կարող է կիրառվել հարկադրանքի միջոց եւ ինձ բերման ենթարկեն: Սրան ի պատասխան՝ իմ գործընկեր Թումանյանը օգոստոսի 27-ին պատասխան է հղել, որի վերաբերյալ արձագանք չկա: Այն ուղարկվել է ՀՀ, ԼՂՀ գլխավոր դատախազներին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահին»:

Կ. Թումանյանը ներկայացրել է մի շարք կետեր: Նա նշում է, որ եթե ԼՂՀ-ն որպես առանձին պետություն ենք դիտարկում, ու դրա Քր.դատ.օր.-ի ընթացակարգով քննվում է քրգործ, այս դեպքում չի կարելի այլ պետության քաղաքացուն բերման ենթարկել: Չնայած ՀՀ եւ ԼՂՀ գլխավոր դատախազությունները 2008 թ. դեկտեմբերի 9-ին իրար փոխօգնության դիմելու համաձայնագիր են կնքել, սակայն փաստաբանը շեշտում է, որ ՀՀ քաղքացին այլ պետության քննչական մարմիններին ցուցմունք տալու ոչ թե պարտավորություն ունի, այլ իրավունք, ասել է թե՝ կարող է տալ կամ չտալ, եւ նա չի կարող բերման ենթարկվել, եթե ցուցմունք չի տալիս: Բացի այդ՝ օրենքի համաձայն՝ փաստաբանը չի կարող իր վստահորդի գործողությունների կամ անգործության վերաբերյալ ցուցմունք տալ: Ըստ Թումանյանի՝ ԼՂՀ քննիչները պետք է խնդրանքով դիմեին ՀՀ քննչական մարմիններին, որ նրանք էլ դիմեին Մարուքյանին՝ տեղեկություն տալ-չտալու վերաբերյալ: Եվս մի կարեւոր հանգամանք. դեպքը տեղի է ունցել Ստեփանակերտում, սակայն ՀՀ դատարանի նիստի ժամանակ, այսինքն՝ ՀՀ տարածքում, մի կողմից եղել է ՀՀ քաղաքացի Հազրոյանը, մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացի դատավորը: Հետեւաբար  գործը պետք է քննվի ՀՀ Քր.օր.-ով:

Մարուքյանը հարց է տալիս. եթե գործը մտնի դատարան, ո՞ր դատարանում է այն քննվելու: Բանախոսները նշում են հետեւյալը. Հազրոյանը ԼՂՀ հենակետում կատարած սպանությունների համար դատվում է ՀՀ Քր.օր-ով, ՀՀ դատանում, սակայն հիմա՝ նույն ՀՀ դատարանում տեղի ունեցածի դեպքում քրգործ է հարուցվում ԼՂՀ Քր.օր.-ով, գործն էլ քննում են ԼՂՀ մարմինները:     

Փաստաբաններին զարմացրել է նաեւ այն, որ դատարանում կարգադրիչների բացակայությամբ վերջիններիս գործառույթը ըստ էության կատարել են Շուշիի քննչական մեկուսարանի ոստիկանները, որոնց իրական գործառույթը ամբաստանյալին հիմնարկից դատարան եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելն է:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն էլ ասում է. «Ինձ համար շատ զարմանալի է ՀՀ փաստաբանների պալատի լռությունը: Պալատը, ըստ էության, որեւէ հրապարակային հայտարարություն, որոշում իր անդամներից մեկի նկատմամբ բռնության փաստի մասին չի տարածել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter